Պատրաստ ենք մասնակցել ԸՕ-ի փոփոխություններին` վարչապետի առաջարկած օրակարգով. Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստին: Այս մասին հայտնում է ԱԺ-ի մամուլի ծառայությունը:


Հունիսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստում: Նա իր խոսքում անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխություններին։


Արփինե Հովհաննիսյանի խոսքով` նախորդ տարիների համատեղ աշխատանքը կամուրջ է հանդիսացել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայուն զարգացման համար, եւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները և եզրակացությունները շատ կարևոր են եղել ժողովրդավարության ձևավորման գործում: Մենք հաջողեցինք իշխանության փոխանցում անցկացնել խաղաղ ճանապարհով։ Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցին, տիկին Հովհաննիսյանը նշել է. “Մենք պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին ` վարչապետի առաջարկած օրակարգով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընդունելու լավ փորձ` հիմնված բոլոր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության համաձայնության վրա, որը, ի դեպ, առաջարկվել և ողջունվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից, ներկայումսխորհրդարանում ձևավորել ենք այդպիսի ներառական աշխատանքային խումբ: Երկու օր առաջ Ազգային ժողովում բոլոր քաղաքական ուժերը հանդես են եկել հայտարարությամբ` արտահայտելով ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար աշխատանքային խումբ ստեղծելու և դրանում ներգրավվելու իրենց պատրաստակամությունը”:


ԱԺ փոխնախագահի խոսքով` մենք արդեն ունենք ընտրությունների անցկացման լավ փորձ, որը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, գնահատվել է որպես լավ կազմակերպված և որտեղ հիմնարար իրավունքները ընդհանուր առմամբ պահպանված են եղել: «Սա ոչ թե իմ գնահատականն է, այլ նաև միջազգային դիտորդական առաքելության, ներառյալ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ինը: Այսպիսով, սա պետք է լինի այն հիմքը, որի վրա պետք է նոր ընտրություններն անցկացվեն», - նշել է Արփինե Հովհաննիսյանը:


ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի եւ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ելույթներից հետո ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ընդգծել է, որ կարևոր է ընտրությունները կազմակերպվեն Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին համապատասխան` ներառական եւ թափանցիկ ձևով, քննարկելով շահագրգիռ կողմերի բոլոր առաջարկությունները՝ կոնսենսուսի հասնելու համար և որպեսզի կուսակցությունները Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո ունենան բավարար ժամանակ ընտրություններին մասնակցելու համար:


Հիշեցնեն, որ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագով առաջիկա մեկ տարում, սկսվել է Ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացը:


Արդեն ձեւավորվել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը, որի ղեկավարումը հանձնարարվել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, իսկ քարտուղար է նշանակվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։


Թեպետ հանձանաժողովն առաջին փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծվել է հունիսի 20-ին, սակայն մինչ այդ Ընտրական օրենսգրքի բարեփոխման ուղղությամբ բավականին աշխատանք է տարվել: Այդ աշխատանքներին մասնակցել են ինչպես խորհրդարանական ուժերի, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Օրենսդրության բարեփոխման սկզբունքային մոտեցումները, կարելի է ասել, արդեն իսկ ուրվագծված են: Առաջիկայում խորհրդարանական ուժերի հետ նախատեսվում են նոր քննարկումներ:


Հայտնի է, որ նոր կառավարությունը ցանկանում է հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի: Խոսվում է նաեւ Հայաստանի իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակների ձեւավորման մասին: Մեխենիզմներ են ներդրվելու կրկնաքվեարկության հնարավորությունը բացառելու համար՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով:


ԸՕ-ում նոր փոփոխությունների հեղինակները մշակելու են նաեւ մեխանիզմներ՝ բացառելու համար քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը։


Այդ նպատակով, ըստ կառավարության ծրագրի նախատեսվում է նաեւ իրավապահ համակարգում ստեղծել ընտրողների կողմնորոշման վրա ստիպողաբար կամ սպառնալիքներով գործադրվող ազդեցության, ընտրակաշառքների և օրենքով արգելված նյութական նվիրատվությունների, ծառայությունների մատուցման, ապօրինի խոստումների և ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի ստորաբաժանում։


Արդյոք կառավարության ծրագրի՝ ընտրական գործընթացներին վերաբերող բոլոր դրույթները ներառվելո՞ւ են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծում, ե՞րբ է նախատեսվում այդ օրինագիծը ներկայացնել հանրային քննարկման, ի՞նչ խոչընդոտներ կան գործադիրի վերոնշյալ դրույթների կյանքի կոչման համար հստակ մեխանիզմների ներդրման տեսանկյունից: Այս հարցերին հանգամանորեն կանդրադառնանք «Հոդված 3» ակումբում հունիսի 26-ին ժամը 12:00-ին նախատեսվող «Ընտրական օրենսգիրք. ինչպե՞ս բացառել ընտրողի վրա ապօրինի ազդեցության մեխանիզմները» թեմայով:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32758