ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ճգնաժամի է մատնված. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարն «ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ճգնաժամի մեջ» խորագրով հոդվածում գրել է. «Խաղաղ Օվկիանոսի տարածաշրջանում առևտրի համագործակցության համաձայնագրից և Կլիմայական փոփոխությունների մասին Փարիզյան պայմանագրից հետո ՀԳՀԾ-ն միջազգային երրորդ համաձայնագիրն է, որից հրաժարվում է ԱՄՆ վարչակազմը»:

Իրանի մամուլում հրապարակված հոդվածում Զարիֆն ընդգծել է. «ԱՄՆ գործող վարչակազմն իր քայլերով վտանգել է բազմաթիվ այլ համաձայնություններ, այդ թվում՝ ՆԱՖԹԱ-ն, ազատ առևտրի մասին համաձայնագիրն ու ՄԱԿ-ի համակարգի որոշ բաժինները և մեծ հարված է հասցրել բազմակողմանիությանը և տարաձայնությունները դիվանագիտական միջոցներով կարգավորելու հեռանկարին»:

«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը և միջուկային պատժամիջոցների միակողմանի ու անօրինական կերպով վերականգնումն իրականության մեջ ԱՄՆ վարչակազմի միջոցով այդ համաձայնագրի շարունակական ոտնահարման ու անհավատարմության գագաթնակետն էր: Դա այն դեպքում, երբ ԱԷՄԳ-ն, լինելով այս բնագավառում միջազգային միակ իրավասու կառույցը, բազմիցս հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը»,-նշել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Զարիֆն ընդգծել է. «ԱՄՆ նոր պետքարտուղարը մայիսի 21-ին Իրանի կապակցությամբ անհիմն, վիրավորական ու միջամտողական արտահայտություններ կատարելով ներկայացրեց որոշ պահանջներ ու հնչեցրեց սպառնալիքներ, որոնք բացահայտ կերպով հակասում են միջազգային ընդունված նորմերին ու դեմ են միջազգային իրավունքին ու քաղաքակիրթ պահվածքին»:

«Մայք Պոմպեոյի 12 նախապայմանները ծիծաղելի են այն առումով, որ ԱՄՆ-ն՝ ինքը, միահեծանության և բազմակողմանիությունը խափանելու ուղղությամբ ջանքերի պատճառով մեկուսացվել է»,-նշել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

«Իրանի քաղաքական համակարգի ամենամեծ հենարանը նրա ազատախոհ ու խաղաղատենչ ժողովուրդն է, որ ընդունելով աշխարհի հետ փոխադարձ հարգանքի վրա կառուցողական գործակցությունը, պատրաստ է դիմակայել զոռբայությանն ու առավելատենչությանը և միաձայն ու միահամուռ պաշտպանել իր անկախությունն ու պատիվը»,-եզրակացրել է Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32679