Ազգի հերոսից իջավ տուշոնկա գողացողի մակարդակի. Սարոյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը խայտառակություն է որակում պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում խուզարկության արդյունքում Ազգային անվտանգության ծառայության բացահայտած փաստերը։


Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սեյրան Սարոյանը հիշեցրեց ամիսներ առաջ իր արած արտահայտությունը, որ զինվորի բաժինը գողացողին Աստված է պատժելու։ Նա արձանագրում է, որ տվյալ դեպքում Աստված նրան պատժեց խայտառակ անելով, իսկ հիմա էլ դատախազն է պատժելու, հայտնում է armtimes.com-ը։


«Մի քանի ամիս առաջ հիշում եք, որ ասացի՝ ով զինվորի բաժինը գողանա, եթե դատախազը չպատժի, Աստված կպատժի: Աստված արդեն իրեն պատժել է, հիմա էլ դատախազն է պատժելու»,- ընդգծեց Սարոյանը:


Սեյրան Սարոյանը, որ Գրիգորյանի ամենմտերիմ զինակից ընկերներից ու գործընկերներից է, շեշտեց, որ տեղյակ չի եղել այդ ամենից, իր համար անակնկալ է եղել: «Հիմա էլ եմ ասում, թող բոլորը լսեն՝ ով բանակից գողություն է արել, տանեն հետ տան, իրենք միևնույն է՝ պատժվելու են։ Ես մտածում եմ, թե ինքը ոնց է իմ դեմքին նայելու, որովհետև այնպիսի երդումներ է կերել…»,- ասաց պատգամավորը։


Նա ընդգծեց, որ զենք բոլոր երկրապահներն էլ կարող են ունենալ, բայց զինվորի բաժինը գողանալն անընդունելի է:


[fb_video url="https://www.facebook.com/aysor.am/videos/1830091513719228/"]


«Երեկվանից շոկի մեջ եմ։ Էն երեխեքի նամակները, որ տեսա, ես մեռած էի, թաղած չէի։ Ո՞նց կարելի էր հերոսից իջնել տուշոնկա գողացողի մակարդակի։ Ի՞նչ չուներ ինքը, ի՞նչն էր պակաս»,- նշեց Սեյրան Սարոյանը։


Սեյրան Սարոյանն ընդգծեց, որ Մանվել Գրիգորյանին ձերբակալելու օրը մտածում էր, որ նրան ապօրինի զենք պահելու համար են ձերբակալում: Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի  հայտարարությանը, թե նախաքննության ընթացքում վերականգնելու է իր պատիվը՝ Սեյրան Սարոյանն ասաց. «Ի՞նչ պատիվ: Զատիկից հետո կարմիր ձուն ո՞ւմ է պետք: Հիմա թող իրան ճղի, ասի՝ էդ տուշոնկեն էս կամ էն ճանապարհով է մեր տուն եկել, էլ չի փրկի ոչ մի բան», - հայտարարեց նա:


Ազգային Ժողովը վաղն այժմ արտահերթ նիստում քննարկում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Ավելի վաղ նման միջնորդությամբ հանդես էր եկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: ՀՀ կառավարությունն իր արտահերթ նիստում որոշում կայացրեց Ազգային Ժողովի արտահերթ նիստ գումարել:


Հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որը մինչ ԱԱԾ-ի կադրերի ցուցադրումը պաշտպանում էր Մանվել Գրիգորյանի իրավունքները: ՀՀԿ-ն, հարգելով անմեղության կանխավարկածը` հայտարարել էր, որ եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի այն մեղադրանքը, որը առաջադրվել է Մ. Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32536