Եվրոպական խորհրդարանը սատարում է Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին

ՀՀ ԱԺ ՀՀԿ, «Ծառուկյան», ՀՅԴ եւ «Ելք» խմբակցությունների անդամները հունիսի 18-ին հանդիպել են Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամների հետ, որը գլխավորում է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերը:


Պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ ուշադրությամբ հետեւել են վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին, եւ այսօր այստեղ են՝ մոտիկից ծանոթանալու իրավիճակին, լսելու քաղաքական ուժերի տեսակետները հետագա զարգացումների, առաջիկա ծրագրերի վերաբերյալ: Դեյվիդ ՄըքԱլիսթերն ընդգծել է, որ Եվրոպական խորհրդարանը սատարում է ժողովրդավարական գործընթացներին:


Եվրոպացի խորհրդարանականները հետաքրքրվել են ՀՀ ընտրական օրենսգրքի հնարավոր փոփոխություններով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետով, կուսակցություններին հատկացվող եթերաժամանակով, լուծման կարիք ունեցող գերակա հարցերով, ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ քաղաքական ուժերի կարծիքներով: Դեյվիդ ՄըքԱլիսթերը տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանը շահագրգռված է Հայաստանում ազատ, արդար եւ թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ եւ պատրաստակամ է հնարավորինս աջակցելու:


ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը նշել է, որ այժմ արդեն ընդդիմադիր ՀՀԿ խմբակցությունն աջակցում է ՀՀ կառավարությանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, ինչպես նաեւ ներքին հարցերի լուծման, արտաքին քաղաքականության իրականացման գործում, որը որեւէ փոփոխության չի ենթարկվել: Նրա կարծիքով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման նպատակով աշխատանքային խումբը պետք է ստեղծվի խորհրդարանում:


«ԼՂ հակամարտության կարգավորման հարցում բոլոր քաղաքական ուժերը համակարծիք են»,- նշել է Հակոբ Հակոբյանը: ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հավելել է, որ հայաստանյան քաղաքական ուժերի տեսակետներն այս հարցում միահամուռ են՝ հակամարտության կողմը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, քանի որ նրա՝ բանակցություններին չմասնակցելը խաթարում է դրանց լիարժեքությունը: Արմեն Ռուստամյանը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանում ստեղծված նոր իրողությունները նպատակ ունեն մեծացնել ընտրությունների նկատմամբ հանրության վստահությունը, պայքարել կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ, կասեցնել արտագաղթը եւ խրախուսել հայրենադարձությունը:


ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանն անդրադարձել է թավշյա, ոչ բռնի հեղափոխությանը եւ նկատել, որ դրա արդյունքներն արդեն տեսանելի են: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության օրերս հաստատված ծրագրում որպես առաջնահերթություն նշվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու հակակոռուպցիոն պայքարը:


«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն անհրաժեշտ է համարել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի բարեփոխումն ու ընտրակեղծիքների համար նախատեսված պատիժների խստացումը:


ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման անհրաժեշտությանն է անդրադարձել նաեւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ կարեւորելով ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը, որոնք կարտացոլեն ընտրողների իրական կարծիքները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32518