Շտապօգնության մեքենաների կարիքը բանակը միշտ է ունենում. Արծրուն Հովհաննիսյան

Շուրջ 20 տարի է, ինչ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն պաշտպանության նախարարությունից ստացել է սնունդ եւ այլ պիտույքներ՝ բանակումների կազմակերպման եւ անցկացման համար: Նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ ճակատ մեկնած կամավորականներին է տրամադրվել սնունդ, հանդերձանք եւ այլ պիտույքներ:


Այս մասին Կառավարության նիստից հետո հայտարարել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ԱԺ պատգամավոր «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ ղեկավար Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված ապօրինի ռամզամթերքի եւ սնունդի հետ մասին ԱԱԾ-ի բացահայտումները:


Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն հրապարակեց կադրեր՝ Մանվել Գրիգորյանի առանձնատան ու հանգստյան գոտու խուզարկությունից: Կադրերում ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին դպրոցներից, մանկապարտեզներից աշակերտների ձեռքով հավաքված ու բերված սնունդն ու իրերն էին, մեծ քանակությամբ ռազմամթերք, ՌԴ հայ համայնքի կողմից ապրիլյան օրերին գնված շտապ օգնության մեքենան, ՊՆ՝ վաճառքի ոչ ենթակա իրեր ու սնունդ:


Արծրուն Հովհաննիսյանը չպատասխանեց հարցին՝ օրինակա՞ն էին Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերած զինատեսակները: «Իրավասու չեմ այդ հարցին պատասխանել, բայց այնտեղ եղել են զինատեսակներ, որոնք ոչ մի կերպ չէին կարող օրինական լինել», - ասաց նա՝ հավելելով, որ պաշտպանության նախարարությունը օրենսդրորեն վերահսկողական լիազորություններ չունի այդ ապրանքների նպատակային օգտագործման վերաբերյալ:


Հարցին, թե մտավախություն չկա՞, որ 1000 դրամների հիմնադրամի հետ կապված աղմկալի բացահայտումներ կլինեն, Հովհաննիսյանը պատասխանեց. «Իմ անձնական կարծիքով՝ ոչ, որովհետեւ շատ լավ վերահսկման մեխանիզմներ կան: Բայց ընդհանրապես բացառել, որ որեւէ մի պաշտոնյա, որեւէ մի գործառույթ իրականացնելիս չի գնա որեւէ կոռուպցիոն քայլի, իհարկե, չեմ կարող»:


Այն հարցին, թե արդյո՞ք շտապօգնության մեքենաներն անհրաժեշտ են բանակին, Հովհաննիսյանը պատասխանեց. «Շատ, դրա կարիքը բանակը միշտ է ունենում: Այս պահին մենք անհրաժեշտ քանակով ապահովված ենք, բայց դրա կարիքը միշտ կա»:


Ազգային Ժողովը վաղը՝ հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ին, արտահերթ նիստ կհրավիրի, որի օրակարգում կքննարկվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Ավելի վաղ նման միջնորդությամբ հանդես էր եկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: ՀՀ կառավարությունն իր արտահերթ նիստում որոշում կայացրեց Ազգային Ժողովի արտահերթ նիստ գումարել:


Հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որը մինչ ԱԱԾ-ի կադրերի ցուցադրումը պաշտպանում էր Մանվել Գրիգորյանի իրավունքները: ՀՀԿ-ն, հարգելով անմեղության կանխավարկածը` հայտարարել էր, որ եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի այն մեղադրանքը, որը առաջադրվել է Մ. Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32513