Մանվել Գրիգորյանը չի ընդունում ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքը. Շարմազանով

Պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը: Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը։


Գրիգորյանը շաբաթ օրն է ձերբակալվել, ինչպես Ազգային անվտանգության ծառայությունն է հաղորդում, Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:


«Մանվել Գրիգորյանը չի ընդունում շինծու մեղադրանքը», - ասաց Շարմազանովը, ով Հանրապետական խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանի հետ ուշ երեկոյան հանդիպել էր Գրիգորյանին, հայտնում է Ազատությունը։


«Սա անթույլատրելի, հակաօրինական և հակասահմանադրական է։ Պատգամավորին կարող են ձերբակալել հանցագործության պահին կամ դրանից հետո։ Դրանցից ոչ մեկն առկա չէ», - ասաց ՀՀԿ խոսնակը։


Գեներալի ձերբակալության կապակցությամբ ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Հանրապետական կուսակցությունը՝ գնահատելով Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը որպես ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգ։


ԱԱԾ Մանվել Գրիգորյանին ձերբակալությանը զուգահեռ բերման էր ենթարկել ու ձերբակալել նաեւ քրեական հեղինակութուն ամարվող Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին:


Վերջին օրերին Էջմիածնում բողոքի ցույցեր ու հանրահավաքներ են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը, ով ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի որդին է:


Հանրահավաքների կազմակերպիչն են Արթուր Ասատրյանը և նրա կողմնակիցները, որոնք օգտագործել են ապրիլյան հեղափոխության խորհրդանիշները։


Հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ գործողություն էր սկսել Էջմիածնում, այդ թվում` քաղաքապետարանում, Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Նման գործողություն է իրականացվել նաև Արթուր Ասատրյանի տանը:


Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «թույլ չեն տա, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32457