Չգիտեմ ՊԵԿ-ը ինչ է տարածել, ես հարցաքննության չեմ հրավիրվել․ Սեյրան Օհանյանի արձագանքը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հերքում է Պետական եկամուտների կոմիտեի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների շարքում նաև ինքն է կանչվել հարցաքննության Պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով:


«Ես չգիտեմ ՊԵԿ-ը ինչ է տարածել, ես, համենայնդեպս, հարցաքննության չեմ հրավիրվել, չեմ կանչվել և այդպիսի բան չկա», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Օհանյանը, հայտնում է Ազատությունը:


ՊԵԿ հաղորդագրությունում, հիշեցնենք, նշվում է, որ վերոհիշյալ գործով «նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար»:


«Ազատության» հարցին՝ կարո՞ղ է մեկնաբանել այդ գործը, նախկին նախարարը պատասխանեց․ - «Ես ի՞նչ իմանամ՝ ինչ գործա: Պաշտպանության նախարարությունում իմ կողմից և նաև այլ իրավապահ մարմինների կողմից բազում այդպիսի գործեր են բացահայտվել, ես ո՞րը հիշեմ: Ես չգիտեմ, տեղյակ չեմ»:


«Դուք կարո՞ղ եք բացառել Ձեր մասնակցությունը այս ամենին՝ նշվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու մասին», - հարցին էլ Սեյրան Օհանյանը արձագանքեց․ - «Ես այդպիսի բաների մեջ չեմ եղել»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32343