Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն եւ շնորհավորել դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն:
ՀՀ նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ասվում է.
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
Այդ նշանակալից օրը պետականաշինության եւ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում համակարգային վերափոխումների սկիզբ է դրել, որով Ռուսաստանի եղբայրական ժողովուրդն իրավամբ հպարտանում է: Ձեռք բերված հաջողություններն էլ ավելի են ամրապնդել երկրի դերն ու հեղինակությունը համաշխարհային ասպարեզում:
Մեր երկու ժողովուրդների փոխհարաբերությունների խորը արմատները, որոնք հիմնված են բազմադարյա բարեկամության ամուր կապերի, վստահության եւ փոխօգնության վրա, այսօր նպաստում են Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ դաշնակցային փոխգործակցության ընդլայնմանը:
Համոզված եմ, որ բազմակողմ միջպետական հարաբերությունների առաջանցիկ զարգացումը հետագայում եւս բխելու է մեր ժողովուրդների եւ երկրների հիմնական շահերից, նպաստելու է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովմանը:
Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն եւ ամենայն բարիք , իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն եւ բարգավաճում»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32230