Մամուլ. Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանն այլևս Փաշինյանին պետք չեն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանում ներքաղաքական վերադասավորումներից հետո փոխվել են նաև ներդաշնակցային դասավորումները: «Իրատեսի» աղբյուրները հայտնում են, որ եթե խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինեն, ապա, օրինակ, «Ելք» դաշինքը, որպես այդպիսին, չի մասնակցի ընտրություններին: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, առաձին են մասնակցելու ընտրություններին: Փաշինյանն իր շուրջը չի համախմբելու «Ելքի» մյուս երկու լիդերներին՝ Էդմոն Մարուքյանին ու Արամ Սարգսյանին՝ իրենց աջակիցների հետ միասին: Այսինքն, ապագա խորհրդարանում կա՛մ «Ելք» դաշինքը չի լինի, կա՛մ էլ առանց Փաշինյանի կլինի: «Հիմա Փաշինյանի վարկանիշը շատ է բարձր, ու կողքից աջակցության կարիք չունենք: Մենք միայնակ էլ կարող ենք ընտրության գնալ ու լավ արդյունքներ գրանցել: Իսկ թե ինչ կլինի մյուս «Ելք»-ականների՝ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների անդամների հետ, դա իրենց մտածելիքն է»,- ասաց ՔՊ-ական մեր աղբյուրը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Զարմանալի զուգադիպությամբ Հայաստանի պետական պարտքը թավշյա հեղափոխությունից հետո սկսել է նվազման միտումներ ցուցաբերել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պետական պարտքը մայիսի 31-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 754.5մլն դոլար, եւ սա այս տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է, ավելի քիչ, քան տարեսկզբին էր: Հիշեցնենք, որ հունվարի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Այս ընթացքում նվազել է եւ կառավարության պարտքը, ընդ որում` խոսքը ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին պարտքի մասին է, եւ ԿԲ պարտքը: Տեղի ունեցածը, թերեւս, պատահական չէ. Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության այս մեկ ամսվա ընթացքում դեռ նոր պետական պարտք չի ներգրավել: Ընդհակառակը, նշված ժամանակահատվածը ծառայել է պարտքը փակելու ուղղությամբ»:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ գազի գնի հնարավոր վերանայման խոսակցությունները Հայաստանի նոր իշխանության վրա ճնշման միջոց են: Ռուսաստանը Հայաստանի համար գազի գնի զեղչ էր արել մինչև 2018թ. ավարտը՝ սահմանելով 150 դոլար հազար խորանարդի համար: Հիմա ակնարկելով, որ գազի գինը սահմանի վրա կարող է փոխվել, Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի նոր իշխանության վրա և հնազանդեցնել նրան: Ռուսական հաշվարկը պարզ է, եթե գազի գինը բարձրանա, այն կարող է բացասաբար ազդել գործող իշխանության վարկանիշի վրա: Հայաստանը չի կարող օգտվել իրանական գազի այլընտրանքից, քանի որ Հայաստանի գազամատակարարման և գազաբաշխման համակարգը ռուսական «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Կադրային խնդիրները նոր կառավարությունում լուծում է Նիկոլ Փաշինյանը՝ խիստ միանձնյա։ Գործընկերների ներկայացրած թեկնածուների հետ, որպես կանոն, չի համաձայնում։ Բոլորին ասել է՝ հին դեմքեր չեն լինելու նոր կառավարությունում։ Միակ «հին դեմքն» Արծվիկ Մինասյանն է, բայց ՀՅԴ-ին հաջողվել է պնդել նրա թեկնածությունը։ Վերջին շրջանում բավականին ջերմացել են Հրանտ Մարգարյան-Նիկոլ Փաշինյան հարաբերությունները»,- տեղեկացրեց ԲՀԿ-ական աղբյուրը։ «Համաձայնության կառավարության լիդերներն իրավունք չունեն, ինչպես նախկինում, իրենց նախարարներին բան «ասել», նրանք «ատվեչա» են միայն վարչապետին։ Դա է նաեւ պատճառը, որ չենք ուզում պատասխանատվություն ստանձնել կառավարության գործունեության համար»։ Իսկ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանին (Կարեն Կարապետյանի փեսային) էներգետիկայի նախարարը սկզբում կանչել ասել է՝ մնա, բայց հետո իրավիճակ է փոխվել, եւ նա ազատվել է աշխատանքից։


«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ կազմակերպվող բողոքի ալիքի հետևում կանգնած են բարձրաստիճան հոգևորականներ, այդ թվում՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը: Նավասարդ Կճոյանը, կորցնելով ՀՀԿ-ական իշխանության աջակցությունն ու հովանավորությունը, ուզում է քավության ալիքը ուղղել Ամենայն հայոց հայրապետի ուղղությամբ՝ խուսափելու համար իր բաժին պատասխանատվությունից, իսկ Աջապահյանը փորձում է հարմարվել նոր իրավիճակին և հանդես գալ հեղափոխական շարժման առաջնորդի դերում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում հրաժարականների շարք է սկսվել: Նախորդ շաբաթ հրաժարական ներկայացրին ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Երեկ իր հրաժարականի մասին հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Այս վերջին դեպքն ինքնին ուշագրավ է, քանի որ Աղվան Հովսեփյանը եղել է նորանկախ Հայաստանում լուրջ դերակատարություն ունեցած գործիչներից մեկը: Նախ` ժամանակին լինելով դատախազ` նա առնչվել է 1988թ. Ղարաբաղ կոմիտեի անդամների դեմ հարուցված քրեական գործին: Բայց Աղվան Հովսեփյանի դերակատարությունն ահռելի էր հատկապես 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ: Նա ՀՀ գլխավոր դատախազն էր, ասել է թե` եղել է մարտի 1-ի շինծու քրեական գործի ճարտարապետներից մեկը: Պատահական չէ, որ հենց Հովսեփյանը շրջանառության մեջ դրեց թեզը, թե ընդդիմության լիդերները ժողովրդի նկատմամբ հոգեբանական դիվերսիա են իրականացրել, «զանգվածային հոգեխանգարմունքի մեջ գցել» մարդկանց: Եւ հիմա Աղվան Հովսեփյանը մեկն է այն անձանցից, որոնք պատասխանատվություն են կրում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ քաղբանտարկյալների դեմ կեղծ ցուցմունքների եւ կեղծ ապացույցների հիման վրա հարուցված քրեական գործերի համար, գործեր, որոնք փլուզվեցին դատարանում: Թավշյա հեղափոխությունից հետո, երբ վերսկսվել է մարտի 1-ի քրեական գործի նախաքննությունը, Հովսեփյանի հրաժարականը պատահական չէ. չի բացառվում, որ կապված է այդ հանգամանքի հետ: Հանուն արդարության մեկ փաստ էլ. Աղվան Հովսեփյանը, դառնալով ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ, համեմատաբար ավելի դրական լույսի ներքո էր գործում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Կար ժամանակ, երբ քաղաքական ուժերի մեծ մասը պայքարում էր ընդդիմության դաշտում իր ուրույն տեղը զբաղեցնելու համար: Ավելին, երբեմն հիմնական պայքարը ոչ այնքան իշխանություն-ընդդիմություն դաշտում էր, որքան ընդդիմություն մի ուրիշ ընդդիմություն դաշտում: Հիմա որոշակի իրավիճակ է փոխվել: Ընդ որում, այն աստիճան, որ ՀՀԿ-ն իրեն հայտարարում է միակ ընդդիմություն: Ընդհանուր առմամբ, դժվար է չհամաձայնել նման հայտարարության հետ, քանզի իրապես այս փուլում ոչ մի ուժ ՀՀԿ-ից բացի չի հայտարարել ընդդիմություն լինելու մասին:


Ինչո՞ւ է այդպես: Չենք կարծում, թե բոլոր քաղաքական ուժերը անվերապահ հիացած են Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմով ու մեկամսյա գործունեությամբ: Խնդիրը բացարձակ այլ է: Եթե ՀՀԿ-ի իշխանության օրոք հասարակության վստահության որոշակի քվե ստանալու երաշխիքը ընդդիմադիր հայացքներ ունենալն էր, քանի որ հասարակության գերակշիռ մասն էր դժգոհ իշխանություններից, ապա այսօր բացարձակ հակառակ բևեռում ենք: Նոր իշխանություններն իրենց հայտարարում են ժողովրդի իշխանություն՝ այսպիսով իրենց հակադրվող ցանկացած մեկի մեխանիկորեն հակաժողովրդական «տիտղոսին» արժանացնելու հեռանկարով: Արդյունքում (նաև հաշվի առնելով, որ էյֆորիկ տրամադրություններն ու հատկապես սոցիալական ցանցերում շատերի շրջանում որևէ քննադատություն ադեկվատորեն ընկալելու գրեթե իսպառ բացակայությունը) առավել զգուշավոր է դառնում քաղաքական ուժերի զգալի մասը: Նրանք աշխատում են կա՛մ առայժմ ձայն չհանել, կա՛մ հնարավորիս դրական արտահայտվել նոր իշխանությունների մասին, կա՛մ գոնե հայտարարել, թե նոր են, դեռ թող աշխատեն: Սակայն այստեղ առկա է շատ լուրջ վտանգ: Մի կողմից խնդիր ունենք անկեղծության դոզայի նվազման հետ, քանզի վերոնշյալ ուժերը, կրկնենք, ոչ միշտ են կողմ կառավարության բոլոր քայլերին, բայց զգուշանում են քննադատել: Մյուս կողմից, առաջ է գալիս ընդդիմադիր դաշտի մոնոպոլիզացման վտանգ: Իսկ ՀՀԿ-ի պարագայում լիարժեք օբյեկտիվություն ակնկալել իր ընդդիմադիր կեցվածքում ուղղակի լուրջ չէ: Չի էլ կարող այդպես լինել: Իսկ ցանկացած իշխանություն, որը չունի օբյեկտիվ, անկաշկանդ ու ինստիտուցիոնալ ընդդիմություն, շատ արագ կթուլանա, կկորցնի հեղինակությունը և կկատարի բոլոր այն սխալները, ինչ նախորդները: Ինչպես կասեր բանաստեղծը՝ գուցե «դեռ մի բան էլ ավելի»:


«Հրապարակ»  օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանի գործերը գնալով վատանում են: «Երեւան սիթիի» աշխատակիցներից մեկը նշեց, որ Փաշինյանի կառավարության գործողությունների արդյունքում նախ առեւտուրը բավականին քչացել է՝ մարդիկ ավելի քիչ են ելումուտ անում, ինչի պատճառով իր դրույքը փոխել են կեսի՝ 190 հազար դրամ աշխատավարձի փոխարեն վճարելով 90 հազար։ Իսկ ԱԱԾ-ի բացահայտումներից հետո ընդհանրապես 45 հազար դրամ գումար են տալիս, ուշ-ուշ կանչում աշխատանքի՝ պատճառաբանելով, թե գործ չկա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 14-ին Էջմիածին քաղաքում բողոքի ակցիա է նախատեսված «Էջմիածինը Գրիգորյաններից ազատագրելու» կարգախոսով։ Ակցիայի մասնակիցները պահանջում են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը և ցանկանում են արտահերթ ընտրություններ Էջմիածնում: Նշենք, որ Գրիգորյանների դեմ այս օրերի բողոքի և նրանց հրաժարականը պահանջող ակցիաների հետևում կանգնած է «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանը։ Մեզ հասած տեղեկություններով՝ Դոն Պիպոն այնքան վստահ է իր հաջողության հարցում, որ արդեն Էջմիածնի քաղաքապետի սեփական թեկնածու է պատրաստել։ Նա գործարար է, Էջմիածնում առևտրի կենտրոն ունի, ոմն Էդվին։ Նշենք, որ Էջմիածնում հունիսի 16-ին Երևանի օրինակով բողոքի ակցիա են նախապատրաստում նաև Կարեն Գրիգորյանի կողմնակիցները՝ էջմիածինցիներին հորդորելով «չտրվել եկվորների՝ ժողովրդին մոլորության մատնելու անհաջող փորձերին»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32205