Երկրում կայունության պահպանումը, սահմանների անվտանգությունը բացառիկ արժեքներ են. Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցում էին Անվտանգության խորհրդի անդամները, Ազգային ժողովի նախագահի տեղակալը, խմբակցությունների ղեկավարները ու մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները։


Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


Քննարկվել են մայրաքաղաքում նախօրեին տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։


Երկրի ղեկավարը կարևորել է մանրակրկիտ ու պատշաճ մակարդակով հետաքննության անցկացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ օրենքով սահմանված կարգով։


Բակո Սահակյանը շեշտել է, որ երկրում կայունության և օրինականության պահպանումը, սահմանների անվտանգության ապահովումը բացառիկ արժեքներ են մեր ժողովրդի և համայն հայության համար։


Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի լուծման ուղղությամբ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31821