Վերջին փոփոխությունների արդյունքում մենք ունենք կտրուկ մեկնարկի հնարավորություն. նախագահ

«Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի Գոհաբանական մաղթանքին:


Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի և Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների առթիվ: Ուղերձում ասված է.


«Այսօր միասին՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում նշում ենք Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանները:


100 տարի առաջ ցեղասպանություն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած մեր ժողովուրդը գերագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը: Թեև այն կարճ էր, և նրան բաժին էին ընկել բազմաթիվ խնդիրներ, այնուամենայնիվ առաջին հանրապետության հիմքի վրա հետագա տասնամյակներում զարգացան երկրի տնտեսությունը, կրթությունը, գիտությունն ու մշակույթը, ձևավորվեց կիրթ և բանիմաց հասարակություն, որն էլ 1991թ. հանգեցրեց նոր անկախության և նոր հաղթանակների:


Այսօր մենք պարտավոր ենք առանձնահատուկ խորությամբ գիտակցել հայոց պետականության նշանակությունը։ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների արդյունքում մենք ունենք կտրուկ մեկնարկի հնարավորություն, որի համար կան բավարար մարդկային և ինստիտուցիոնալ ռեսուրսներ: Պետք է մեկտեղենք այդ ռեսուրսները, պետք է գործենք ավելի օպերատիվ ու ճկուն, որովհետև բեկումնային ժամանակները թռիչքի հնարավորություն են ստեղծում:


Ուրեմն, եկեք միասին սկսենք կերտել վաղվա Հայաստանը՝ գնահատելով ու շենացնելով այն Հայաստանը, որն ունենք այսօր:


Ի սրտե շնորհավորում եմ մեր Հանրապետության տոնի և Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների առթիվ»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31598