Ինչպես է վերածնվում ԽՍՀՄ-ի Սիլիկոնե հովիտը. Forbes-ը՝ Հայաստանի մասին

Հայաստանը ժամանակին հաճախ են ԽՍՀՄ-ի Սիլիկոնե հովիտ անվանել: Խորհրդային Հայաստանում բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուներ էին գործում, նախագծեր էին իրականացվում ատոմային էներգետիկայի և միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում, մշակում էին առաջատար «Նաիրի» ԷՀՄ-ն, և նույնիսկ ստեղծել են ԽՍՀՄ-ում առաջին մագնիսով աշխատող գնացքը. գրում է Forbes.ru-ն:

«Բոլոր այդ հավակնոտ նախագծերը խթանում էին գիտության զարգացումը, տարբեր մասնագետների ներգրավումը: Սակայն 1990-ականներին, ԽՍՀՄ փլուզումից հետո, երկիրը ստիպված էր մտածել գոյատևման մասին: Գիտնականներից, մասնագետներից և հետազոտողներից շատերը ստիպված եղան հեռանալ Հայաստանից: Գիտատեխնիկական զարգացումը կանգ առավ: Արդեն նախկին ԽՍՀՄ Սիլիկոնե հովիտը ժամանակավորապես վերածվեց սիլիկոնե անապատի»,-ասվում է հոդվածում:

Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանը փոքր երկիր է մեծ հավակնություններով: Ասվում է, որ թեև ՀՀ-ն այսօր ՏՏ ոլորտի օրակարգը ձևավորող երկրների թվին չի պատկանում, սակայն, դա չի նշանակում, որ բարձր տեխնոլոգիաներն այստեղ չեն զարգանում: Այժմ ոլորտն ապահովում է ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը՝ դա մի քանի անգամ ավելի քիչ է, քան վերամշակող, լեռնահանքային և գյուղատնտեսության ոլորտների ծավալները, սակայն ՏՏ ոլորտի աճը տարեկան կազմում է 20 տոկոս:

«Հայաստանը շեշտը դրել է բիզնես-ինկուբատորների զարգացման վրա՝ խոշորագույնները Երևանում են և Գյումրիում և չեն բողոքում միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև տեղական սկսնակ ընկերությունների պակասից: Բարձր որակավորում ունեցող և համեմատաբար էժան վարձատրվողր մասնագետները գիտության, մաթեմատիկայի և ինժեներիայի ոլորտում գրավում են առաջատար ՏՏ ընկերություններին, որոնք այստեղ ոչ թե ուղղակի տարածաշրջանային ներկայացուցչություններ են բացել, այլ լիարժեք գիտահետազոտական մասնաճյուղեր: Դրանց թվում են Intel-ը, D-Link-ը, Microsoft-ը, ABBYY-ի ն և այլ ընկերություններ»,-ասվում է հոդվածում:

Նշվում է, որ 2011-ին ամերիկահայ գործարար Սեմ Սիմոնյանը բացեց Երևանում Ստեղծարար տեխնոլոգիաների Թումո կենտրոնը: ABBYY-ն եկավ Հայաստան Դավիթ Յանի և Արամ Փախչանյանի շնորհիվ, որոնք ծնվել են Երևանում, իսկ բիզնեսը կառուցել Ռուսաստանում:

Հիմնականում նոր ՏՏ նախագծերը զարգանում են հայկական սփյուռքի աջակցությամբ: Օրինակ, Ռուբեն Վարդանյանը գործընկերների հետ ստեղծել է FAST (Foundation for Armenian Science and Technology) գիտատեխնոլոգիական հիմնադրամը և մտադիր է ենթակառուցվածքներ ստեղծել գիտության և ՏՏ զարգացման համար: Հիմնադրամի զարգացման համար համահիմնադիրները սկզբի համար մտադիր են 10 մլն դոլար հատկացնել, իսկ հետո ֆանդրայզինգային արշավ սկսել և հասցնել ֆինանսավորումը 200 մլն դոլարի 3 տարվա ընթացքում:

«Այսօր արդեն բավարար չէ ապահովել ֆինանսներով նոր նախագիծը, գտնել լավ մասնագետների և վաճառքներ իրականացնել: Կարևոր է էկոհամակարգ ստեղծել: Սովորոբար նման խնդիրները կյանքի են կոչում տեխնոպարկերը և բիզնես-ինկուբատորները: ՀՀ-ն մտադիր է իր տեխնոլոգիական էկոհամակարգը ձգողական դարձնել ներդրողների համար»,-ասվում է հոդվածում:

Նշվում է, որ 2017-ի հոկտեմբերին FAST-ն առաջին անգամ Հայաստանում ԱՄՆ Գիտության ազգային հիմնադրամի հետ համատեղ մեքենայացված ուսուցման համաժողով էր հրավիրել:

«Ռազմավարություններից մեկը ապագան կառուցելն է՝ հենվելով հաջող փորձի ու անցյալի նվաճումների վրա: Միևնույն ժամանակ միշտ կարևոր է տեսնել նպատակն ու համահունչ լինել ժամանակին: Միայն այդպես կարելի է գոյատևման մոդելից անցնել բարգավաճման մոդելին՝ ինչպես ընտանիքի ներսում, այնպես էլ պետության մասշտաբներով: Հիմա Հայաստանը գերազանց հնարավորություններ ունի դա գործնականում ապացուցելու համար»,- ասվում է հոդվածում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31597