Փաշինյանը հետաքրքրվել է «Ռոսսելխոզնադզորից» ստացված նամակներից ու գործի ընթացքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ղեկավար Իշխան Կարապետյանից հետաքրքրվել է մայիսի 10-ին և 16-ին «Ռոսսելխոզնադզորից» ստացված նամակներից, այդ ուղղությամբ ծառայության իրականացրած գործողություններից:


Իշխան Կարապետյանը նշել է, որ այդ նամակները կրում են պարբերական բնույթ, և աշխատանքային կարգով հարցը քննարկվել է ռուս գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել, որպեսզի գյուղմթերքի արտահանումն իրականացվի պահանջների խստիվ պահպանմամբ:


«Ակնկալում եմ, որ այս հարցը մենք քննարկում ենք վերջին անգամ: Արտահանումը պետք է իրականացվի գյուղմթերքների պահանջներին խիստ համապատասխան: Առաջիկայում գյուղմթերքի արտահանման ծավալները մեծանալու են, գյուղացիների շահերի հետ կապված կոնկրետ խնդիր կա: Ես խնդրում եմ Ձեր ծառայությունը, գյուղնախարարությունը, ՊԵԿ-ը, բոլոր գերատեսչությունները անհրաժեշտ ջանքեր գործադրեն, որպեսզի գյուղմթերքի արտահանումը տեղի ունենա բնականոն ռեժիմով: Սա առաջնահերթ խնդիր է, որը կառավարությունը պետք է լուծի»,-նշել է վարչապետը:


Կառավարության ղեկավարը միաժամանակ հավելել է, որ դա չի նշանակում, որ պետք է նոր խոչընդոտներ ստեղծել գյուղացիների համար արտահանման գործում: «Կառավարությունը, նախարարությունները պետք է օգնեն գյուղացիներին, որպեսզի նրանք այդ բոլոր պայմանները և պահանջները կատարեն, փաստաթղթավորումը տեղի ունենա արագ, առանց ձգձգումների և խոչընդոտների: Այսինքն՝ նկատի ունեմ, երբ ասում ենք տարրական կանոնները պետք է պահպանել, դա չի նշանակում՝ գյուղացիների համար լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31506