Մենք փող ունենք, պարզապես այդ փողը այնտեղ չէ, որտեղ պետք է լինի. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՊԵԿ-ի առջև խնդիր է դրվել պետական բյուջեի մուտքային մասերն էականորեն ավելացնելու մասով և այստեղ երկրորդ տարբերակ չկա:

Նա մատնանշեց ստվերային տնտեսությունը, որ առկա է Հայաստանում և ընդգծեց ստվերը կրճատելու կարևորությունը.

«Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն կա և մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն, որպեսզի այդ ստվերային տնտեսությունը դուրս բերվի լուսավոր տարածք: Մենք չպետք է մտածենք՝ վայ, փող չկա, եկեք ոչ մի բան չանենք: Մենք փող ունենք, պարզապես այդ փողը այնտեղ չէ, որտեղ պետք է լինի»,- հայտարարեց վարչապետը:

Նրա խոսքով, ՊԵԿ-ը, գլխավոր դատախազությունը, Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Հատուկ քննչական ծառայությունը պետք է ապահովեն այդ ընթացքը, իսկ եթե չանեն՝ կարվեն համապատասխան եզրակացություններ:

«Այնպես որ, պարոն Ջանջուղազյան, դուք կարող եք հանգիստ քնել գիշերը», - դիմելով ֆինանսների նախարարին հավելեց Նիկոլ Փաշինյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31485