Մամուլ. Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային լուրջ սով է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային լուրջ սով է եղել, եւ նշանակումների ժամանակ բազմաթիվ այլ տարբերակներ են քննարկվել․ մինչեւ Արտակ Զեյնալյանի՝ արդարադատության նախարար նշանակվելը, այդ պաշտոնն առաջարկել են Էդմոն Մարուքյանին, վերջինս չի համաձայնել՝ պատճառաբանելով, թե ինքը պառլամենտում ավելի մեծ գործ կանի թիմի համար։ Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, հեռահար նպատակը գլխավոր դատախազի պաշտոնն է եղել։ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին էլ առաջարկվել է ՊԵԿ ղեկավարի պաշտոնը, չի համաձայնել։ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցանկացել է տնտեսական բլոկում տեղ զբաղեցնել, չի ստացվել։ Թիմում մտահոգություններ կան նաեւ «փոխարինող սաստավի» առնչությամբ։ «Եթե նախարարներից որեւէ մեկը չկարողանա գլուխ հանել, պետք է նոր մարդ նշանակել, իսկ կոմպետենտ նորեր շատ «չկան»»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Արմավիր է այցելել «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ներկա գտնվելու ֆիթնես ակումբի բացման արարողությանը: Արմավիրում Ծառուկյանին դիմավորել են որպես իշխանության ներկայացուցչի. Նույնիսկ ՀՀԿ-ական հիմնարկների ղեկավարներին են պարտադրել իրենց ՀՀԿ-ական աշխատակիցներով ներկա գտնվել Ծառուկյանի դիմավորման արարողությանը, որպեսզի այն հնարավորինս մարդաշատ լինի: Հիմա ՀՀԿ-ական լինելն այլեւս ակտուալ չի, բոլորը դեպի ԲՀԿ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանության վերնախավում պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին: Այս օրերին թե կառավարությունում, թե նախագահականում ստեղծվել են ներքին խմբեր, որոնք ուսումնասիրում են տարբեր երկրների փորձը: Նպատակը սուպերվարչապետության վերացումն է, ՀՀ նախագահի լիազորությունների մեծացումը, լիազորությունների վերաբաշխումը վարչապետի ու ԱԺ-ի միջև, հակակշռող մեխանիզմների ստեղծումը: Այս երկու հանձնաժողովներն ակտիվ աշխատանքներ են տանում, որի վերջնարդյունքը կլինի արդեն միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը, կոնկրետ քայլեր ձեռնարկելը, օրենքներում, Սահմանադրության մեջ ԱԺ-ի միջոցով փոփոխություններ անելը: Սահմանադրական փոփոխություններ անելու անհրաժեշտությունը պայմանավորված է նոր քաղաքական իրավիճակով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին կմեկնարկեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի կոնսուլտացիաները։ Կառավարությունը ուժերի հետ հանդիպելու եւ փաթեթ մշակելու գործը հանձնարարվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոանիսյանին։ Հնարավորինս մոտ ժամկետում արտահերթ ԱԺ ընտրություններ կազմակերպելը կառավարության պլան Ա-ն է։ Իսկ ՀՀԿ-ի հետ ԸՕ-ն փոխելու համաձայնության չգալու դեպքում կգործարկվի պլան Բ-ն՝ արդարադատության նախարարությունը ՍԴ հայց կներկայացնի ԸՕ-ի ռեյտինգային ընտրակարգը հակասահմանադրական ճանաչելու մասին, քանի որ Սահմանադրության մեջ ամրագրված է համամասնական ընտրակարգը, իսկ ԸՕ ռեյտինգայինը մեծամասնականին է մոտ։ Եթե սա էլ չստացվի, ինչը քիչ հավանական են համարում, հանրաքվեով կփորձեն հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր սկանդալ է հասունանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է դիմել դատարան՝ կաթողիկոսի դեմ։ Բանն այն է, որ տարիներ շարունակ Ախոյանին պատկանող շինարարական կազմակերպություններն են իրականացրել Մայր Աթոռի շինծրագրերը, իսկ Գարեգին Բ-ն, ինչպես բոլորին է հայտնի, չի սիրում վճարել, եւ Ախոյանի համբերության բաժակը լցվել է։ Այստեղ որոշակի դեր է խաղացել թերեւս նաեւ այն, որ Ախոյանն ակտիվ է հոգեւոր հարցերում, մասնավորապես՝ Պոլսո պատրիարքի ընտրության հետ կապված խնդիրներում, ինչը նույնպես դուր չի գալիս Մայր Աթոռին»:


«Առավոտ» թերթը գրում է. «Մոնումենտի բարձունքում շուտով մի հսկայական կանաչ գոտի էլ կզոհաբերվի հանուն մի շքեղ շինության: Շաբաթներ առաջ տարածքում հայտարարություն էր փակցված՝ վաճառվում է: Երեկ արդեն հայտարարությունը չկար: Այս հատվածում էլ, ինչպես հարակից տարածքներում է նախկինում եղել, հաստաբուն ծառեր են, խիտ կանաչ այգի: Հայտարարությունից դատելով՝ տարածքը նոր չէ սեփականաշնորհված եւ չի բացառվում՝ կոպեկներով: Այսօր այն մի քանի անգամ ավելի թանկ գներով վերավաճառվում է, հատկապես, որ թաղամասն էլիտար է: Այս հողակտորի շարունակությունն արդեն կառուցապատված է, այստեղ գտնվում են նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի, Կարեն Կարապետյանի, քիչ այն կողմ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, բանակի մի քանի գեներալների շքեզ առանձնատները»:


«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լեւոն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի, դատավորը նախորդ տարի վաճառել է իր մեքենան գնելու համար մեկ ուրիշը: Այսպես, 3 միլիոն 650 հազար դրամով վաճառել է «SUZUKI SX4 1.6» մակնիշի ավտոմեքենան, իսկ 6 միլիոն 300 հազար դրամով գնել «VOLKSWAGEN POLO 1.3» մակնիշինը: Դատավորը նախորդ տարվա սկզբին ունեցել է նաեւ փոխառություններ 4 միլիոն 126 հազար դրամի չափով, ինչն իրեն է վերադարձվել մինչ տարեվերջ: Դրա­մական միջոցները կազմել են 2 միլիոն դրամ, իսկ տարեկան եկամուտները՝ 15 միլիոն 349 հազար դրամ, որից 11 միլիոն 699 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 3 միլիոն 650 հազար դրամն էլ մեքենայի վաճառքից ստացված գումար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական բյուջեից ահռելի միջոցներ են տրամադրվել նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի համար մեքենաներ գնելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրեր առաջ «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ն նորաստեղծ բարձրագույն դատական խորհրդի համար գնել է երկու մեքենա՝ այդ նպատակով ծախսելով 38 մլն 56 հազար 750 դրամ՝ մոտ 80 հազար դոլար: Մայիսի 7-ին դատական դեպարտամենտը պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան» ընկերության հետ, ըստ որի, ԲԴԽ-ի համար գնվել են 2018թ. արտադրության «Toyota LC Prado 4.OL Business+ (6G)» մակնիշի մեկ ավտոմեքենա՝ 27 մլն 695 հազար դրամ կամ մոտ 60 հազար դոլար արժողությամբ, եւ «Toyota corolla 1.6L elegance plus» մակնիշի ավտոմեքենա՝ 10 մլն 361 հազար 750 դրամ կամ ավելի քան 21.5 հազար դոլար արժողությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մոտ 60 հազար դոլար արժողությամբ մեքենան սպասարկելու է ԲԴԽ նախագահ, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին: Փաստորեն, բոլոր ժամանակների իշխանավոր Գագիկ Հարությունյանը որոշել է ետ չմնալ ավտոշուկայի վերջին նորամուծություններից, եւ հիմա նրա համար որոշել են գնել ամենաճոխ մեքենաներից մեկը: Միայն թե դժվար է ասել՝ նոր մեքենան ինչպես կնպաստի նրա պաշտոնական լիազորությունների իրագործմանը, առավել եւս, երբ Հարությունյանի լեգիտիմությունը կասկածի տակ է: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում առիթ ունեցել է անդրադառնալու այդ հանգամանքին: Մեկ փաստ էլ. ՀՀ դատական դեպարտամենտի համակարգի հաշվեկշռում հաշվառված է 32 անուն ավտոմեքենա, որոնք բոլորը շահագործվում են»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31462