Ի՞նչ ճակատագիր է սպասվում Սեիդովին և Ագրամունտին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ որոշման մասին

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը անդրադարձել է Վեհաժողովում Ադրբեջանի նկատմամբ հետաքննություն անցկացնող անկախ հանձնաժողովի որոշմանը, ըստ որի՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի և ևս 3 պատգամավորների մանդատները սառեցվել են:


«Ինչպես ավելի վաղ հայտնել էի՝ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ընթացքում Վեհաժողովում կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ անկախ հետաքննող մարմինը ներկայացրել էր իր զեկույցը: Հետաքննությունը կազմվել է ԵԽԽՎ քարտուղարության աշխատակիցների, ԵԽԽՎ պատվիրակների, ԵԽ–ում անդամ երկրների մի շարք դեսպանների վկայությունների, միջազգային ՈԿԿ-ների, լրատվամիջոցների բացահայտումների հիման վրա։

Զեկույցն անդրադառնում է ԵԽԽՎ-ում լոբբինգի, Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու դեպքերին: Ոչ օրինական գործունեություն ծավալած անդամների շարքում են ԵԽԽՎ գործող և նախկին պատվիրակներ։ Զեկույցի բացահայտումների արդյունքում ռումինացի պատգամավոր, Վեհաժողովում ԵԺԿ քաղաքական խմբի նախագահ Չեզար Պրեդան ներկայացրեց իր հրաժարականը խմբի ղեկավարի պաշտոնից:

Անկախ մարմնի զեկույցի հիման վրա ԵԽԽՎ-ում ընդունվեց համապատասխան բանաձև, որում, այլ առաջարկությունների և սահմանած հետագա գործողությունների հետ մեկտեղ, կոչ է արվել կոռուպցիոն գործարքներում ներգրավված ԵԽԽՎ գործող պատվիրակներին հրաժարական տալ:

​Մայիսի 15-ին տեղի ունեցած Վեհաժողովի Կանոնակարգի հարցերի հանձնաժողովը շարունակել է հարցի քննարկումը` անդրադառնալով չորս անդամի գործերին՝ Պեդրո Ագրամունտի /Իսպանիայի պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ նախկին նախագահ, EPP խմբի անդամ/, Խորդի Չուկլայի /Իսպանիայի պատվիրակության անդամ, ALDE խմբի անդամ/, Սամադ Սեիդովի /Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, EC խմբի անդամ/, Չեզար Պրեդայի /Ումինիայի պատվիրակության անդամ, EPP խմբի անդամ/:

​Համաձայն հանձնաժողովի որոշման՝ նշված պատգամավորները կոպտորեն խախտել են Վեհաժողովի անդամի կանոնակարգը և զրկվում են կազմակերպությունում որևէ պաշտոն զբաղեցնելու, զեկուցող նշանակվելու, անդամ երկրներում ընտրություններ դիտարկելու, վեհաժողովն այլ մարմիններում ներկայացնելու և այլ իրավունքներից:
​Ագրամունտի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են 10 տարով, իսկ մնացած 3 պատգամավորների նկատմամբ՝ 2 տարով»,- Facebook-յան իր էջում գրառել է նա:


Ավելի վաղ VERELQգրել էր, որ բացի Սեիդովից, պատժամիջոցների են ենթարկվելու Սեզարա Ֆլորինա Պրեդան, Պեդրո Ագրամունտը եւ Ջորջ Խուջլան: Պատժամիջոցներն արգելում են Պեդրո Ագրամունտին դիտորդական առաքելություններին մասնակցել եւ 10 տարվա ընթացքում զեկուցողի պաշտոն զբաղեցնել:


Սեիդովի, Պրեդայի եւ Խուջլայի դեմ նման արգելքը 2 տարով է սահմանվել: Հանձնաժողովի որոշումը վերջնական չէ եւ սպասվում է, որ այդ մասին պաշտոնական հայտարարություն կտարածվի:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31192