Երեւանում սկսվել են անհնազանդության գործողությունները. քաղաքը կաթվածահար է (թարմացվող)

Երեւանում ապրիլի 16-ի առավոտյան սկսվել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անհնազանդության գործողությունները, որոնց անցնել կոչ արեց երեկ Նիկոլ Փաշինյանը՝ հանրահավաքների երրորդ օրվա երեկոյան հանրահավաքի ժամանակ:


14.53


«Երեկ երեկոյան, երբ նախաձեռնում էինք փակիր փողոցը ակցիան, շատերը թերահավատորեն էին մոտենում դրա հաջողությանը: Բայց ՀՀ-ում կան քաղաքացիներ, որոնք գիտեն, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու՛ ես, այդ մեկ մարդը դու՛»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում ելույթ ունենալով հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:


Նա հավաստիացրեց, որ ցուցարարները հզոր են, նրանք հաղթելու են և Սերժ Սարգսյանը չի լինելու Հայաստանի վարչապետ, իսկ Հանրապետականը չի լինելու իշխանություն: «Հայաստանում իշխանություն լինելու է ժողովուրդը, քաղաքացին»,- հայտարարեց նա: Ըստ նրա՝ Հայաստանում ՀՀ քաղաքացու հաղթանակի ժամը եկել է, ժամը հիմա է:


14.14


Դերասան Հայկ Մարությանը Ֆրանսիայի հրապարակում է: Նա ողջունեց հավաքված հազարավոր քաղաքացիներին և հայտարարեց, որ զարմացած է, որովհետև անկախ մեկը մյուսից, անկախ ինչ-որ կազմակերպություններից ու կազմակերպիչներից ամեն մեկը իր տեղում ինչ-որ բան է արել: Նա նշեց, որ հիացած է երիտասարդությամբ, իրենց ցուցաբերած անհնազանդությամբ և շեշտեց, որ վստահ է հաջողության մեջ. «Ինձ հաճախ հարցնում են՝ հն, մի բան կլինի՞: Արդեն լինում ա, արդեն եղել ա: Եե մեկին թվում է, որ այն պրոցեսը, որը անցնում ենք, պետական պրոցես չի, նա չարաչար սխալվում է: Մենք ընդամենը 25 տարվա պետություն ենք, մի օրում ոչինչ չի լինում և ամենակարևորը՝ նստած տեղում ոչինչ չի լինում», -հայտարարեց նա:


Մարությանը  հայտարարեց, որ հավաքվածներից մեկն է և այնքան ոգևորված է, որ տեսնում է այդքան մարդ Ֆրանսիայի հրապարակում և դեռ որքանն էլ Երևանի այլ հատվածներում են.


«Եթե ազգը ոտքի է կանգնում նրա ձայնը դառնում է լսելի»,- հավելեց իր ելույթը դերասանը:


13.09


Այս պահին Հաղթանակի կամուրջի երթևեկությունը վերականգնված է: Ժամանակ առ ժամանակ երևանյան փակ փողոնցները բացվում են երթևեկության համար: Ցուցարարները այժմ տեղաշարժվում են Սարյան փողոցով. Պարոնյան-Լեո խաչմերուկում նրանք հանդիպեցին ոստիկանական դիմադրության՝ ոստիկանները այդ հատվածում պատնեշ են կազմել և թույլ չեն տալիս շարժ դեպի Պարոնյան-Պռոշյան: Ցուցարարների երթը շարժվում էր դեպի Ազգային Ժողով, որտեղ այս րոպեներին ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները համատեղ նիստ են անցկացնում, որին պետք է հաստատեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում:  


12.33


Քիչ առաջ Գրիգոր Լուսավորիչ փողոցով տեղաշարժվող Նիկոլ Փաշինյանը լուր ստացավ, որ Հաղթանակ կամուրջի մոտ քարշակ է բերվել, որը պետք է հեռացնի այս հատվածում կայանած մեքենաները: Մեքենաները, հիշեցնենք, ցուցարարների համակիրներին են պատկանում, որոնցով փակվել է կամուրջը: Նիկոլ Փաշինյանը շտապ շարժվեց դեպի Հաղթանակի կամուրջ, բայց քարշակը, ստանալով այդ տեղեկությունը, հեռացավ: Այս պահին Փաշինյանն ու ցուցարարները նստել են կամուրջի վրա՝ արգելափակելով մեքենաների շարժը: Ընդդիմադիր գործիչը դիմեց իր համակիրներին և հորդորեց իջնել Հրազդանի կիրճ, ուր շարժվեց քարշակը և իջեցնել դրա անիվները՝ չվնասելով պետական գույքը, բայց որպեսզի քարշակը չկարողանա տեղաշարժվել: Նիկոլ Փաշինյանը նաև այստեղ հորդորեց հարգել ոստիկաններին, նշելով, որ նրանք «մեր եղբայրներն են»:


11.55


Քիչ առաջ Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուկում լարված իրավիճակ էր ստեղծվել: Ոստիկանները փորձել են ուժով հեռացնել ցուցարարներին, սակայն դա նրանց չի հաջողվել: Այժմ ցուցարարները շարունակում են քայլել երևանյան փողոցներով և շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ: 


10:48


Բողոքի ակցիայի դուրս եկած ցուցարարները Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ձեռքերը վեր բարձրացրած ճեղքեցին Հերացի փողոցում ոստիակնների կազմած պատնեշն ու շարժվում են առաջ: Մինչ այդ Փաշինյանը բարձարախոսով հայտարարեց, որ իրենք ոստիկանների հետ խնդիր չունեն եւ որ ոստիկաններն "մեր եղբայրներն են": Նա նաեւ խնդրեց իր ներողությունները փոխանցել իրավապահների ընտանիքներին, որոնք այս օրերին շուրջօրյա հերթապահություն են իրականացնում: Այնուհետեւ ցուցարարները ճեղքեցին ոստիկանների պատնեշը: Իրավապահները մեծ դիմադրություն չցուցաբերեցին:


10:44


«Իմ քայլը» նախաձեռնության անդամներն ու համակրները բացեցին Կորյունի փողոցում գտնվող Բժշկական ուսումնարանի դեռները: Նրանք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մտան ներս ու կոչ արեցին ուսանողներին դուրս գալ դասադուլի:


Փաշինյանը ուսումնարանի շենքում բարձրախոսով հայտարարեց, որ որեւէ մեկը չի կարող իրենց վրա դուռ փակել եւ արգելել դուրս գալ դասադուլի: Նրանք այժմ հեռացել են ուսումնարանի շենքից: Փաշինյանն իր կողմանկիցների հետ շրջում է փողոցներով եւ ողջունում ի նշան Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ճանապարհներն արգելափակած քաղաքացիներին:


Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ եթե Ազգային ժողովի նիստը լինի արտագնա, մենք Երեւանը կվերցնենք մեր հսկողության տակ: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:


«Երեւանն իսկապես կդառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մայրաքաղաքը, ամեն ինչ կփակենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ իրենց գլխավոր նպատակը վաղվա նիստն է եւ քաղաքացիների ներկայությունը հրապարակում ապահովելը:


09.44

Այս պահին Նիկոլ Փաշինյանը Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում է, որը նույնպես փակ է: Նա ժամանակ առ ժամանակ բարձրախոսով ներողություն է խնդրում հանրությունից պատճառած անհարմարությունների համար և նշում, որ սա քաղաքական ակցիա է, որն ուղղված է Հայաստանի ադրբեջանացման դեմ ու հանուն մեր բոլորի երեխաների ապագայի:


09.26

Ուսանողները կակաչներ են փորձում նվիրել ոստիկաններին Բժշկական համալսարանի հարակից հատվածում:

Վերջիններս հորդորում են այդ ծաղիկները նվիրել աղջիկներին, իսկ ոստիկաններից մեկը վերցրեց ծաղիկն ու շպրտեց:
Տարածքը շարունակում է փակ մնալ, ակտիվիստներին շարունակ միանում են քաղաքացիներ:

Նշենք, որ այսօր Ոստիկանության օրն է:


***

Հայտնի է, որ մետրոն Բաղրամյան կայարանում կանգառ չի կատարում: Այս մասին հայտնում են ֆեյսբուքյան օգտատերերը:


Ինքը՝ ընդդիմադիր «Քաղաքացիական պայամանգիր» կուսակացության առաջնորդ, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան, ժամը 08։00-ին Բաղրամյան պողոտայում նստել է փողոցով անցնող ավտոբուսի դիմաց` փակելով Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկը։


Փաշինյանի օրինակին հետևում են նաև ակցիայի մասնակից այլ ակտիվիստներ` դրանով կաթվածահար անելով Բաղրամյան պողոտայի երթևեկությունը։ Նիկոլ Փաշինյանն ու մյուսները անհարմարության համար ներողություն են խնդրում համաքաղաքացիներից, հիշեցնում, որ իրենց նախաձեռնությունն ուղղված է Սերժ Սարգսյանի` վարչապետ չընտրվելուն:


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ փակել են Բաղրամյան փողոցը՝ փորձելով խցանում ստեղծել քաղաքի տարբեր հատվածներում։


Լրատվամիջոցները հայտնում են, որ փակ է նաև Բաղրամյանին հարող Մոսկովյան փողոցի հատվածը։ Փաշինյանը թողեց տարածքը ՔՊ պատգամավոր Լենա Նազարյանի և այլ համակիրների ղեկավարության տակ ու հեռացավ, հավանաբար, այլ հատված փակելու։


Փաշինյանը և համակիրները նստել ու պառկել են ավտոբուսների ու երթուղայինների դիմաց՝ կանխելով դրա շարժումը։ Ուղևորներից ոմանք, այդ թվում՝ զինվորականներ, բորբոքվել են՝ պահանջելով ազատել երթևեկելի մասը, սակայն նրանք հրաժարվել են։ Ֆեյսբուքյան էջում իր ուղիղ եթերում Փաշինյանը ներողություն է խնդրել բոլորիից, ում անհարմարություն է պատճառում, սակայն նշել է, որ սա քաղաքացիական ակցիա է, որով փորձում է կանխել Սեր Սարգսյանի վարչապետությունը։


Հիշեցնենք, որ ապրիլի 15-ինհանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 16-ին՝ ժամը 08:15-ից պետք է արգելափակել Դավթաշենի, Հաղթանակի, Կիևյանի կամուրջները, թողնել մեքենաներն այնտեղ և ոտքով շարժվել դեպի Ազգային ժողովի շենք։


ՀՀ Ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի կոչը սպառնալիք է որակել քաղաքացիների կյանքի ու առողջության համար:


«Այդ գործողությունների որոշ մասը, բացի այն, որ էական վնաս են հասցնելու մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի, դրանից բխող այլ իրավունքներին, կազմակերպությունների բնականոն գործունեությանը, առանձին դեպքերում իրական սպառնալիք են պարունակում քաղաքացիների կյանքի և առողջության համար:


Կոչ ենք անում հավաքի կազմակերպիչներին և որոշ մասնակիցներին զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից՝ չվտանգելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կազմակերպությունների օրինական շահերը», - ասված է ոստիկանության հայատրարության մեջ:


Հիշեցնենք, որ այսօր պետք է տեղի ունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ ԱԺ խմբակցությունները պետք է ներկայացվեն Հայաստանի ապագա վարչապետի թեկնածուներին: Իշխող Հանրապետական կուսակցությունն արդեն իսկ հայտարարել է իր առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման մասին:


Սարգսյանի թեկնածությունը պաշտապանում է նաեւ կոալիցիոն "Դաշնակցություն" կուսակցությունը:


Վարչապետի ընտրությունն ԱԺ-ում նշանակված է ամպրիլի 17-ին: Ընդդիմությունն  այդ օրը պատարսավում է շրջափակման մեջ վերցնել ԱԺ-ի շենքը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/29780