«Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագրում լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ կներգրավվեն

Փետրվարի 26-27-ը Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու նոր ներդրումային նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում, մասնավորապես, անդրադարձ է եղել Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կարող է հասնել մինչև 1400 ՄՎտ-ի:

Աշոտ Մանուկյանն անդրադարձել է նաև «Երևանի ՋԷԿ»-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման ծրագրին և այն դիտարկել որպես էլեկտրաէներգիա գազի դիմաց ծրագրի բաղկացուցիչ մաս` կարևորելով «Երևանի ՋԷԿ»-ի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելը Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցմանը զուգահեռ։

Կարևորելով հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը` նախարար Ռեզա Արդաքանիանն ընդգծել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստերն արդյունավետ հարթակ են հայ-իրանական համագործակցության օրակարգի հարցերը քննարկելու և լուծումներ գտնելու համար։

Երկու երկրների էներգետիկ ոլորտի պատասխանատուներն անդրադարձել են նաև բնապահպանության, մասնավորապես, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում հայ-իրանական համագործակցությանը: Նախարար Աշոտ Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել՝ շարունակել համատեղ աշխատանքներն այդ ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագրի շուրջ և լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ ներգրավելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերել՝ առաջիկայում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանդիպում կազմակերպել Թեհրանում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/28165