Գերմանիան կարող է սառեցնել Վրաստան-ԵՄ առանց վիզայի մուտքի ռեժիմը

Դեռ 1 տարի չկա, ինչ գործում է Վրաստանի առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը Եվրամիության երկրների հետ, սակայն եվրոպացի քաղաքական գործիչներն արդեն խոսում են այն չեղարկելու հնարավորության մասին:

Նման հայտարարություն է արել ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզիերը Մյունխենի անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովում: Նա հայտնել է, որ ինքն անձամբ է զգուշացրել Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեին հնարավոր կասեցման մասին՝ նշելով, որ խնդրի լուծումը «կախված է Վրաստանից», գրում է «Կոմերսանտը»:

«Հուսով եմ, ազատականացումը կպահպանվի, սակայն իրավախախտների քանակի աճը մտահոգում է»,- ասել է ՆԳՆ ղեկավարը: Նա նշել է, որ ԵՄ տարածքում «վրաստանցիների կողմից քրեական միջադեպերի աճ կա»:

ԵՄ սահմանների ազատ հատման ռեժիմը Վրաստանի համար գործում է 2017-ի մարտի 28-ից: Ինչպես փետրվարի 20-ին ասել է Ջանելիձեն, մինչ օրս ռեժիմից օգտվել է 220.000 մարդ:

Մինչդեռ արդեն 2017-ի հոկտեմբերին պարզվեց, որ ԵՄ մեկնած 10.000 Վրաստանի քաղաքացի չի վերադարձել, իսկ շատերը քաղաքական ապաստան են խնդրել Եվրոպայում:

Ի պատասխան Վրաստանի ԱԳՆ-ն առաջարկել է Գերմանիային Վրաստանին «անվտանգ պետության» կարգավիճակ տալ: Այդ դեպքում ԳԴՀ իշխանությունները կկարողանան մերժել ապաստանի հայցերն ու հայրենիք վերադարձնել նման մարդկանց: Վրաստանի իշխանությունները համաձայն են միջանկյալ «ճամփորդների էլեկտրոնային գրանցմանը», ինչն, ըստ էության, վիզայի պարզեցված ձևն է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27888