Էրդողանը պատերազմ է հայտարարել Գյուլին

Թուրքիայի գործող և նախկին նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Աբդուլլահ Գյուլի միջև տարաձայնությունների խորացումը շարունակում է մնալ երկրի քաղաքական օրակարգի կարևորագույն թեմաներից մեկը: Խնդրին անդրադարձել է թուրքական հայտնի «Հուրիեթ» պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, ով արձանագրել է՝ «Էրդողանը պատերազմ է հայտարարել Գյուլին»:


Իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև հունվարի 9-ին ելույթի ժամանակ ակնկալվում էր, որ Էրդողանը պետք է անդրադառնա ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ համագործակցության հարցին, սակայն ի զարմանս բոլորի նա սկսեց խոսել Գյուլի մասին: Նախագահը մասնավորապես հայտարարեց. «Նախկինում մեր կուսակցության տանիքի տակ գտնված, իսկ այժմ այլ վայրում գտնվող որևէ մեկն իրավունք չունի մեր կուսակցության մասին որևէ բան ասի», «Այս միասնությունը թունավորողները թող իմանան, որ արդեն այս քարավանի անկեղծ ճամփորդները չեն», «Այս գնացքից ընկածները ընկած տեղն էլ կմնան»:


Աբդուլքադիր Սելվին հիշեցրել է, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Գյուլի գրասենյակից ավելի վաղ արված հայտարարությամբ նշվել է, որ վերջինս շարունակելու է կիսել իր տեսակետները երկրում ընթացող գործընթացների վերաբերյալ: «Տեսնենք՝ արդյոք Գյուլը կլռի, թե կպատասխանի այս քննադատություններին»,- նշում է սյունակագիրը:


Փորձելով հասկանալ Էրդողանի նման գործելաոճի՝ նախկին նախագահի հասցեին քննադատություններ հնչեցնելու դրդապատճառները՝ Սելվին հիշեցրել է, որ Աբդուլլահ Գյուլը նրան դեմ էր գնացել և «այո» չէր ասել ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեում: Բացի այդ, նա թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր կատարել Էրդողանի կողմից ստորագրած և օրենքի ուժ ունեցող այն հրամանագրի առնչությամբ, որը ենթադրում է անձեռնմխելիություն սահմանել բոլոր այն քաղաքացիական անձանց համար, ովքեր ճնշել կամ բռնություն են գործադրել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցների նկատմամբ: Գյուլն այս քայլը «խիստ մտահոգիչ» էր անվանել:


«Իհարկե, այս ամենը ևս իրենց դերակատարությունն ունեցել են, սակայն այժմ խոսք է գնում ավելի հեռուն գնացող ռազմավարության մասին: Էրդողանը 2019 թվականի նախագահական ընտրություններից առաջ Աբդուլլահ Գյուլի և «Արդարություն և զարգացում» կուսակցության միջև հստակ գիծ է քաշել: Դրա նպատակը կուսակցությունում Գյուլի նկատմամբ եղած համակրանքը վերացնելն է: Թե ինչ կլինի հետագայում, պարզ կլինի Գյուլի դիրքորոշումից հետո»,- նշել է սյունակագիրը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26310