Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա, որ Իրանի բանակի ուժերը հիմնավորվեն Սիրիայում

Իսրայելը հակազդելու է Սիրիայում իրանական զինված ուժերի ամրապնդմանը եւ հարեւան երկրում բարձր ճշգրտության զենք արտադրելու փորձերին: Այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վարչապետը նշել է, որ Իսրայելը «մեծ ջանքեր է գործադրում երկնքում, ցամաքում, ծովում, կիբերտարածքում եւ հետախուզության մեջ իր ուժերը ամրապնդելու համար»: «Այսօր Իսրայելի օդուժը գտնվում է իր հնարավորությունների գագաթնակետում՝ ունենալով լավագույն գործիքները եւ տեխնոլոգիաները, աշխարհի լավագույն ինքնաթիռները, աշխարհի լավագույն օդաչուներին, նաեւ պաշտպանվելու եւ հարձակվելու հնարավորությունը` հսկայական կրակային ուժ, որը կարող է հասնել ինչպես հեռավոր, այնպես էլ մոտակա թիրախներին»,- ասել է Նեթանյահուն:

Նա նաեւ նշել է, որ Իսրայելի եւ Գազայի հատվածում սահմանին հանգստության պահպանումը կախված է Պաղեստինից:

«Մենք չենք հանդուրժի եւ թույլ չենք տա ՀԱՄԱՍ-ի կամ որեւէ այլ ահաբեկչական կազմակերպության կողմից Իսրայելի դեմ ագրեսիայի սրումը»: Հրեական պետությունը «օգտագործում է բոլոր միջոցները պաշտպանելու իր ինքնիշխանությունը եւ Իսրայելի քաղաքացիների անվտանգությունը», ավելացրել է Նեթանյահուն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26081