Արգելք և ոչ մի փոխհատուցում. ի՞նչ է սպասվում է աջ ղեկով մեքենաների վարորդներին

2018 թվականի ապրիլից Հայաստան աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի: Սա հստակ է և դժվար այս առումով փոփոխություն լինի՝ ոչ մի բողոքի ակցիա կամ ավտոերթ սրան չի խանգարի: Պետությունը, որը նման որոշմամբ փաստի առաջ է կանգնացնում 30 հազարից ավելի քաղաքացու, որոնք ունեն աջ ղեկով տրանսպորտային միջոց, չի պատրաստվում որևէ կերպ փոխհատուցել քաղաքացիների նյութական կորուստը (վաճառելու համար ղեկը պետք է լինի ձախակողմյան) ու նախագծի քննարկման ժամանակ անգամ այդ հարցը չի էլ քննարկվել: Ու այլընտրանք էլ չի թողնում՝ վարել մեքենան մինչև վերջին շունչը, եթե ծախել չի լինի, քանզի առաջիկայում կարգելվի նաև աջակողմյան ղեկային համակարգով միջոցների շահագործումը:

Աղմկահարույց նախագծի շուրջ VERELQ-ը զրուցեց ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության Փոխադրումների քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հետ:

-Պարոն Մելքոնյան, նախագծում նշված է՝ 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Ի՞նչ է նշանակում ժամանակավորապես, տեղ եք թողնում այդ արգելքը վերացնելու համա՞ր:

-Ոչ, դա ընդամենը կապված է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի դրույթների հետ, որոնք Հայաստանը հնարավորություն ունի կիրառել միայն վեց ամիս ժամկետով: Կիրառելու ենք պարբերաբար, յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, մինչև համապատասխան փոփոխություններ կիրականացնենք պայմանագրում և Հայաստանը նույնպես կդասվի այն երկրների շարքին, որոնք արգելել են իրենց տարածք աջակողմնայ ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը: Դրանք են Բելառուսը և Ղազախստանը, իսկ Ռուսաստանում աջ ղեկով միջոցների մաքսատուրքն է բարձր:
Սա չի նշանակում, որ այն քաղաքացիները, որոնք ունեն և վարում են աջ ղեկով մեքենաներ պետք է շտապ վաճառեն դրանք: Նրանք կարող են շարունակել օգտագործել այն...

-Բայց նախագծի հեղինակները այդ քաղաքացիներին այլընտրանք չեն թողնում, քանզի մեքենան վաճառել հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ ղեկը կփոխվի ձախակողմյանի: Սա նշանակում է, որ նյութական վնաս եք հասցնում քաղաքացիներին: Այսպիսով նաև հակասում եք ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին, որն ասում է՝ «Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք»:

-Նախ ասեմ, որ այն, ինչի մասին խոսում ենք նախագծեր են, այսինքն դեռ չեն հաստատվել և քննարկումների փուլում են շահագրգիռ պետական մարմինների հետ: Եվ քննարկումների արդյունքում, եթե անհրաժեշտություն լինի վերանայել, նախագծերը կվերանայենք: Հակասահմանադրականի պահով էլ նշեմ, որ նախագիծը ներկայացվել է արդարադատության նախարարություն պետական փորձաքննության և եթե կհամարվի, որ սահմանափակող դրույթներ կան, ապա միգուցե օրենքով կկարգավորենք նման դրույթները: Եթե գտնենք դրանք նպատակահարմար, ապա կմնան նույնությամբ, կա՛մ կհանվեն, կա՛մ կփոփոխվեն՝ նախագծերը դեռ քննարկման փուլում են:

-Բայց Դուք ասում եք, որ նախագծերի հիմքը ԵԱՏՄ պայմանագրի պահանջն է, այսինքն Հայաստանը պարտավոր է ընդունել ներմուծման արգելքը:

-Այո՝ ներմուծումը:

-Ոչ միայն ներմուծումը, այլև արդեն իսկ Հայաստանում եղածների վերահաշվառումը:

-Դե դա կապված է ներմուծման հետ...

-Հարցս այլ կերպ ձևակերպեմ. քաջատեղյակ լինելով Հայաստանի սոցիալական պայմաններին թերևս գաղտնիք չէ, որ շատերն այսօր ավտոմեքենա են ձեռք բերում այսպես կոչված փակովի տարբերակով: Ինչը ենթադրում է, որ մեքենան նոր սեփականատիրոջ անունով հաշվառվում է միայն գումարն ամբողջությամբ վճարելու դեպքում: Այսինքն շատ մեքենաներ, որ ամիսներ առաջ են ներմուծվել Հայաստան, պետք է հաշվառվեն 2018-ի ապրիլից հետո: Ի՞նչ անել այս դեպքում, հաշվառման արգելքը տարածվելու է նաև նրանց վրա, թե հաշվի կառնվի այդ փաստը:

-Ոչ՝ բոլոր գործարքները լինելու են մինչև ապրիլի 1-ը, դրանից հետո ներմուծումն ու հաշվառումը, ըստ ներկայացված նախագծի, չի թույլատրվելու: Հաշվառում կլինի միայն այն դեպքում, երբ համապատասխան թույլտվություն կլինի Ճանապարհային ոստիկանությունում:

-Ո՞ր դեպքերն են դրանք:

-Օրինակ, վերասարքավորման թույլտվության դեպքում, միգուցե լինեն նաև որոշակի բացառություններ, որոնք գույքի իրավունքի անցումին կվերաբերեն... հնարավոր է, որ որոշակի դեպքեր լինեն, բայց դրանք կկարգավորվեն Ճանապարհային ոստիկանության կողմից:

-Այնպիսի տպավորություն է, որ հեղինակները կենտրոնացել են միայն արգելելու վրա, հաշվի չառնելով մնացած նյուանսները, որոնք ուղղակիորեն կապ ունեն քաղաքացու իրավունքների հետ: Եվ որևէ մեխանիզմ հստակ չէ:

-Կառավարության որոշմամբ է սահմանվում, հստակ պայմանները, պահանջները կան, բայց առաջին քայլով ամենակարևորը ներմուծման արգելքն է:

-Հիմնավորման մեջ նշված է, որ աջակողմյան համակարգով միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, մինչդեռ հենց արտադրողները պնդում են, որ ղեկային համակարգը փոխելը ոչ պակաս վտանգավոր է և կարող է վտանգ պարունակել մեքենայի հետագա շահագործման ժամանակ: Եվ խորհուրդ չեն տալիս նման միջամտություն:

-Այո, մենք էլ կարծում ենք, որ դա վտանգավոր է և այդ իսկ պատճառով հենց ներմուծումն ենք արգելում: Հակառակ դեպքում կթույլատրեինք ներմուծել և թույլ կտայինք, որ վերասարքավորում իրականացնեն: Մենք գտնում ենք, որ դա էլ է բավականին վտանգավոր և որոշ դեպքերում ընդհանրապես հնարավոր չէ: Բայց Հայաստանում երթևեկությունը աջակողմյան է, այսինքն ղեկը պետք է լինի ձախակողմյան, հետևաբար անվտանգության խնդիր կա:

-Այսինքն հեղինակները նորից հաշվի չեն նստում այն քաղաքացիների հետ, որոնք ԱՐԴԵՆ ունեն նման ավտոմեքենա: Կարո՞ղ եք ասել, թե քանի քաղաքացի է Հայաստանում հանդիսանում աջակողմյան համակարգով տրանսպորտային միջոցների սեփականատեր:

-Մենք ունենք այդ թիվը, իհարկե, բայց չեմ ցանկանում նշել, որովհետև դա պետական գաղտնիք է:

-Ճանապարհային ոստիկանությունից ինձ ներկայացրել են այդ թիվը՝ 30 հազարից ավելի: Ստացվում է, որ կառավարությունը 30 հազարից ավելի քաղաքացու ուղղակի հնարավորությունից զրկում է մեքենան հետագայում վաճառելու և պարտադրում, որ ղեկը փոխի, այդ թվում նաև՝ Դուք ինքներդ էլ դա ընդունեցիք, ռիսկային դարձնելով իր տրանսպորտային միջոցը:

-Ոչ, մենք ոչ մեկին ոչնչից չենք զրկում:

-Այդպես է ստացվում:

-Տեսեք՝ մենք թույլ ենք տալիս, որ նա ունենա այդ գույքը և թույլ ենք տալիս, որ նա այդ գույքը շարունակի շահագործել: Իսկ ինչ վերաբերում է այդ արգելող դրույթներին, ապա հենց ձեր ասածից ելնելով, որ դա մեծ տենդենց ունի, դրանից ելնելով էլ սկսել ենք կիրառել սահմանափակումներ:


Մենք գտնում ենք, որ պետք է շատ ավելի կտրուկ քայլերի դիմենք և որոշ ժամանակի ընթացքում Հայաստանի Հանրապետության ճանապարհներին աջակողմյան համակարգով տրանսպորտային միջոցներ այլևս չլինեն: Դա միանգամից չի արվելու. Մենք ասում ենք՝ ով ունի նման միջոց, խնդիր չկա՝ կարող է շահագործել, բայց գործարքի դեպքում պետք է վերասարքավորի:

-Մի քանի ամիս առաջ նախարարը հայտարարեց, որ կարգելվի աջ ղեկով մեքենաների նաև շահագործումը: Այս նախագծում այդ մասին նշված չէ, բայց նման հավանականությունը, ինչպես հասկանում եմ, բացառված չէ:

-Իհարկե... շատ մոտ ապագայում չէ, բայց հնարավոր եմ համարում հետագայում նաև Հայաստանում շահագործման արգելքը:

-Մոտ ապագա ասվածը լայն հասկացություն է....

-Այո: Բայց ավելին ասել չեմ կարող:

-Հայտնի է, որ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ձեռք է բերել Աջափնյակում գտնվող ավտոսերվիսի տարածքը և այնտեղ իրականացվելու է նաև այդ գործառույթը՝ ղեկային համակարգի փոփոխություն: Ստացվում է, որ այս նախագծով Սամվել Ալեքսանյանին կանաչ լույս եք տալիս դեպի նոր մենաշնորհ՝ ավելի մատչելի գներով իրականացնել այն, ինչ շատերն այսօր անում են ու դաշտը գրավել:

-Ընդհանրապես կապ չկա, չգիտենք սերվիսը ով է գնել կամ ինչ գործունեություն է ծավալելու: Այդ գործունեությունը ազատ տնտեսական գործունեություն է և ոչ մի սահմանափակում չկա... նման բան չկա:

-Իսկ արդյոք խնդիր չկա նրանում, որ այդ գործունեությունը՝ ղեկ փոխելը, ինչպես Դուք նշեցիք, ազատ տնտեսական գործունեություն է և ոչ մի սահմանափակում չկա: Վերահսկելի դառնալո՞ւ է այս ոլորտը:

-Ճանապարհային ոստիկանության խնդիրների մեջ է դա մտնում՝ վերասարքավորման թույլտվություն տալ և հետագայում նաև ստուգել, թե ինչքանով է արդյունավետ դա իրականացվել:

-Արդարադատության նախարարության կայքում տեղադրված նախագծին գերակշիռ մասը դեմ է քվեարկել, ներկայացվել են տարբեր առաջարկություններ, ուրբաթ օրն էլ նախատեսվում է բողոքի ավտոերթ: Ի վերջո՝ հասարակության ձայնը հաշվի առնելո՞ւ եք:

-Արդյունքները յուրաքանչյուր դեպքում հաշվի ենք առնելու, հասարակության ձայնն էլ միշտ լսելի է: Մենք միշտ էլ բաց ենք... իսկ բացի այդ, ես կարծում եմ, որ ընդամենը 400 դեմը լավ ցուցանիշ է, քանի որ կողմ քվեարկողները իրականության մեջ երբեք չեն քվեարկում:

-Ի վերջո՝ ո՞րն է այն օպտիմալ տարբերակը, որը հնարավոր եք համարում, որ և՛ պայմանագրի պահանջը կատարվի, և՛ քաղաքացիներին չնեղացնեք:

-Դա արդեն վերջում կառավարությունը կորոշի:

-Հնարավո՞ր է, որ քաղաքացիներին փոխհատուցելու հարցում որոշում կայացվի:

-Այդ հարցը չի էլ քննարկվում՝ փոխհատուցում չի լինելու:

Զրուցեց աջ ղեկով մեքենայի վարորդ Լիա Խոջոյանը


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25801