Ժամանակը դեռ չի եկել, երբ կգա` կհայտարարեմ. Սերժ Սարգսյանը 2018-ի մասով որոշում դեռ չունի՞

Ժամանակը դեռ չի եկել, երբ կգա` կհայտարարեմ։ Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով 2018 թվականի հետ կապված իր որոշմանը՝ մնալու է իշխանությունում, թե՞ հեռանալու:


«Տարբեր գործոններ կան՝ անձնականից մինչև այլ գործոններ։ Կարծում եմ` մենք վերջիվերջո իրավունք ունենք որոշելու՝ նկատի ունեմ ՀՀԿ-ն` կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, թե ով, որտեղ ավելի արդյունավետ կարող է աշխատել»,- ասել է նա:


Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանին և նրա՝ ապրիլից հետո էլ վարչապետ լինելու ցանկությանը, ապա նախագահը նշել է, որ դա «շատ լավ ցանկություն է, առողջ, տրամաբանված».


«Կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը` որպես վարչապետ, որպես մարդ, մեզ համար շատ ընդունելի և օգտակար անձնավորություն է։ Նկատի ունեմ ինձ համար` անձնապես, նկատի ունեմ կուսակցության համար: Այնպես որ, պետք չէ այստեղ ինչ-որ բաներ փնտրել, Ձեզ նկատի չունեմ, փնտրողներին նկատի ունեմ, կգա ժամանակը` մենք շատ հանգիստ կհայտարարենք մեր որոշման մասին»,- շեշտել է նա:


Իսկ հարցին, թե արդյոք նախագահը հոգնածություն չի՞ զգում և ինչպիսին է ինքնազգոցողությունը իշխանության ներսում, Սերժ Սարգսյանն ասել է.


«Ինքնազգացողության մասին ես չպետք է ասեմ, պետք է ասեն իմ գործընկերները, աշխատունակության մասին էլ, հոգնածության մասին էլ պետք է ասեն իմ գործընկները, ես ինձ նորմալ եմ զգում»:


Ընդհանուր առմամբ խոսելով 2018 թվականին երկրի խորհրդարանական կառավարմանն անցնելուն ու նոր իշխանության ձևավորմանը, երկրի ղեկավարը նշել է, որ իշխանության գծապատկերը Սահմանադրությունն է սահմանել, բայց և բնական է, որ ինքն ու իր գործընկերները մշտապես փնտրտուքի մեջ ենք:


«Սահմանված ժամկետներում կզբաղեցվեն բոլոր պաշտոնները, դրանում կարող եք չկասկածել: Երբ խոսում են` բա այս պաշտոնում այս մեկն է լինելու, կամ այն մեկն է լինելու... Երևի ճիշտ է, որ խոսում են, մարդիկ իրավունք ունեն կանխատեսումներ անելու, ակնկալելու ինչ-որ բաներ, բայց որևէ տեղ որևէ իշխանություն նախօրոք այդպիսի հայտարարություն չի անում, և դա ճիշտ է, դրանք ընտրություններ չեն, որոնց մասնակցելու ժամկետները սահմանադրորեն և օրենքով արձանագրված են, և դու ստիպված ես դա անում, կամ` որոշակի կանոններից, որոշակի մտահղացումներից ելնելով: Բայց պետական պաշտոններում նշանակելու հարցը նախօրոք հայտարարելը, կարծում եմ, շատ սխալ մոտեցում է»,- ասել է նա:


Իսկ ահա այն անունների մասին, որոնք շրջանառվում են ապագա իշխանության կազմում և որոնք նախկինում այդ իշխանությունից հեռացվել են, նախագահ Սարգսյանը նշել է, որ խորը հարգում է նրանց բոլորին, ովքեր երբևէ ծառայել են հանրապետությանը: Բայց իր ասածը չի նշանակում, թե այդ մարդիկ անփոխարինելի են կամ այդ մարդիկ մշտապես պետք է լինեն ծառայության մեջ: 


«Իմ ասածը չի նշանակում, թե ովքեր գնացել են, գնացել են հավերժ, հավիտյան: Տրամաբանությունը հետևյալն է, որ ցանկացած կառույց` այդ թվում և պետական, պետք է թարմացվի, լճացումն անթույլատրելի է: Երկրորդ՝ մենք այդ թարմացումը պետք է զուգակցենք փորձի հետ: Լավ գաղափարները միշտ փայլուն հնարավորություններ են, ես հարգանքով եմ վերաբերում լավ գաղափարներին, նորարարություններին, բայց չպետք է լինեն այնպիսիք, որոնք հետագայում խնդիր կհարուցեն: Եթե կարճ պատասխանեմ, ապա հետևյալն է. այստեղ, բոլոր դեպքերում, անհատական մոտեցում է ցուցաբերվում։ Ես կարող եմ օրինակներ բերել և՛ հավերժ գնացածի, և՛ հետ վերադարձածի, ուղղակի չգիտեմ հարմար է, թե չէ։ Ես իմ մասով կարող եմ ասել. իմ աշխատակազմի ղեկավարը, իսկ նախագահի աշխատակազմը ղեկավարում է Արմեն Գևորգյանը, տևական ժամանակ աշխատում էր պետական կառույցներում, ինչ-որ պահ գնաց այլ աշխատանքի, հիմա հետ վերադարձավ և փայլուն աշխատում է։ Այնպես որ, մոտեցումը եղել և մնում է անհատական»,- հավելել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25660