Բաքուն ԼՂ հակամարտությունում կիրառում է վստահության ոչնչացման քարոզչական գործիքներ. ԱԳՆ

Անկասկած ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի գլխավոր առաջնայնությունների շարքում է: Այս մասին Հունաստանի ԱԳՆ-ում իր ելույթի ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:


Նրա տեղեկացրել է, Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, դեկտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ. «սա մեր վեցերորդ հանդիպումն էր մեկ տարվա ընթացքում և տևեց ավելի քան չորս ժամ»: «Ընդհանուր առմամբ այն անցավ դրական մթնոլորտում: Սակայն, հանդիպումից հետո ես նշեցի, որ տեսնենք, թե զարգացումներ կլինեն դրանից հետո: Ինչո՞ւ: Քանի որ այս տարվա հոկտեմբերին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած վերջին գագաթաժողովը նույնպես ընդհանուր առմամբ անցել էր դրական մթնոլորտում, սակայն դրանից անմիջապես հետո Ադրբեջանը վերադարձավ իր ավանդական անհիմն մեղադրանքներին և ռազմական հռետորաբանությանը», - հայտարարել է նա:


Նալբանդյանը հիշեցրել է, որ անցած շաբաթ ԵԱՀԿ նախարարական համաժողովին ունեցած իր ելույթում մանրամասն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: «Միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, պատվիրակությունների ղեկավարները հայտարարություն ընդունեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հայաստանը պատրաստ էր միանալ այդ հայտարարությանը, սակայն Ադրբեջանը հրաժարվեց և արդյունքում մեզ չհաջողվեց ընդունել Հայաստանի, Ադրբեջանի և համանախագահների համատեղ հայտարարություն: Սա բազմիցս է կրկնվել ԵԱՀԿ նախարարական հանդիպումների շրջանակներում։


Համանախագահների հայտարարությունը հերթական անգամ վերահաստատեց միջազգային իրավունքի երեք սկզբունքները, որոնք ընկած են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում: Դրանք են` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժաղովուրդրների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը: Այս սկզբունքները հակամարտության կարգավորման տարրերի հետ մեկտեղ մշակվել են համանախագահների կողմից որպես մեկ ամբողջություն: 2009 թվականի դեկտեմբերին այստեղ` Աթենքում, կայացած նախարարական համաժողովի ժամանակ ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունները, ներառյալ Ադրբեջանը, հավանություն են տվել դրանց: Սակայն, դրանից ի վեր Ադրբեջանը հետքայլ է կատարել և հրաժարվում է վերահաստատել դրանք: Հայաստանը բազմիցս հայտարարել է իր պատրաստակամության մասին շարունակել բանակցություններն այդ սկզբունքների և տարրերի հիման վրա` ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը», - ընդգծել է նա:


Համանախագահների հայտարարությունը, նրա խոսքով, վկայակոչում էր հոկտեմբերի 16-ին Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովը, որը կայացավ ամենաբարձր մակարդակով՝ հանդիպումների տասնվեց ամիս տևած դադարից հետո: «Մոտ չորս տարվա ընդմիջումից հետո, Ժնևի գագաթաժողովին առաջին անգամ հնարավոր եղավ, թեկուզ և բավական հակիրճ, համատեղ հայտարարություն ընդունել: Այս համատեղ հայտարարությունն արտացոլում էր այն, ինչ երկար ժամանակ կոչ է անում Հայաստանը. լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու նպատակով: Այս քայլերը ներկայացվել են 2016թ.-ի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին արված հայտարարություններում և դրանք շարունակաբար մերժվել են Ադրբեջանի կողմից: Հարց է առաջանում. Ինչպե՞ս հնարավոր կլինի նվազեցնել լարվածությունը, եթե Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել 1994-1995 թթ. հրադադարի համաձայնագրերով ստանձնած իր հանձնառությունը: Ինչպե՞ս կարելի է նվազեցնել լարվածությունը, եթե Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել հրադադարի խախտումնների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ժնևի հայտարարությունը նաև ընդգծում է բանակցային գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը նույնպես մշտապես լրջորեն սատարվել է Հայաստանի կողմից:


Իրենց վերջին հայտարարության մեջ համանախագահները հերթական անգամ կոչ արեցին ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնումը և ընգծեցին 2016թ.-ին Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ընդունված այլ որոշումների կատարման անհրաժեշտությունը», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը:


Նալբանդյանի կարծիքով, Ադրբեջանը ձևացնում է, իբրև թե նախորդ գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները հայկական կողմի առաջ քաշած նախապայմաններ են: «Հայաստանը նախապայմաններ առաջ չի քաշել, սակայն դա չի նշանակում, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չպետք է կատարվեն: Համբուրգում և Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհուրդների ընթացքում համանախագահների ընդունած հայտարարությունները ապացուցեցին, որ Ադրբեջանի` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը մերժելու փորձերը դատապարտված են ձախողման: Ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից հրաժարվելու Ադրբեջանի գործելաոճը լրջորեն հարցականի տակ է դնում Բաքվի` որպես բանակցող կողմի նկատմամբ վստահությունը:


Համանախագահները կոչ արեցին կողմերին խուսափել կարևոր մարդասիրական քայլերի քաղաքականացումից: Տարիներ շարունակ Ադրբեջանը հրաժարվում է ինչպես մարդասիրական, այնպես էլ ռազմական ոլորտներում վստահության ամրապնդման միջոցների իրագործումից: 2014թ. հոկտեմբերին Փարիզում կայացած գագաթաժողովից հետո Բաքուն կրկին հայտարարեց, որ վստահության ամրապնդման միջոցների իրագործումը հնարավոր կլինի միայն հակամարտության կարգավորումից հետո: Ակնհայտ է, որ կարգավորումից հետո վստահության ամրապնդման միջոցների նույնչափ մեծ պահանջարկ չի լինի: Անգամ եթե Ադրբեջանը համաձայնություն է տալիս վստահության ամրապնդման ինչ-որ մի միջոցի, ապա հետագայում, որպես կանոն, Բաքուն այն վերածում է վստահության ոչնչացման քարոզչական գործիքի:


Համանախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը շարունակելու միջնորդական առաքելությունը կողմերին ներկայացված աշխատանքային առաջարկությունների փոխզիջումների շուրջ: Այս առաջարկները հայտնի են և արտացոլված են համանախագահ երկրների նախագահների` 2009 թվականից ի վեր արված հինգ հայտարարություններում: Այդ առաջարկությունների առանցքը փաթեթային լուծումն է, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական կարգավիճակի որոշումն Արցախի ժողովրդի` իրավական պարտադիր ուժ ունեցող կամաարտահայտության միջոցով:


Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի հաստատակամ հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված համանախագահների առաջարկների վրա: Բանակցային գործընթացն այլընտրանք չունի:


Ակնհայտ է, որ այն, ինչ առաջարկվել է համանախագահների կողմից և ինչին սատարվում է Հայաստանը, մերժվում է Ադրբեջանի կողմից, և սա է խաղաղ գործընթացի առաջխաղացումը խոչընդոտող հիմնական պատճառը:


Համանախագահների նախաձեռնությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունվարի երկրորդ կեսին կազմակերպելու արտաքին գործերի նախարարների հանդիպում: Ինչպես միշտ մենք նման հանդիպումներին գնում ենք կառուցողական տրամադրվածությամբ։


Եթե Բաքուն հետևի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին և կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, ապա դա ճանապարհ կհարթի խաղաղության գործընթացն առաջ մղելու և ստատուս քվոն փոխելու համար», - եզրափակել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25556