Մամուլ. Դատական հայց ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու. լուրջ սկանդալ է հասունացել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյաց Առաքելական եկեղեցու շուրջ լուրջ սկանդալ է հասունացել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 1-ին Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչ Արմեն Սուբնշանյանը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով վճարել իր ամենամյա արձակուրդները չօգտագործելու համար նախատեսված գումարը: Այս գործը մակագրվել է դատավոր Արթուր Թամրազյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս պաշտպան Ֆրունզիկ Դանիելյանն ասաց, որ իր պաշտպանյալը 2015 թվականից մինչեւ 2016թ հուլիսը աշխատել է Եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչ եւ ընդամենը օգտվել է մեկ արձակուրդից, իսկ մնացած բոլոր տարիներին չի օգտվել արձակուրդից: 2016 թվականին գնացել է Ռուսաստան, հետ է վերադարձել եւ հիմա պահանջում է իր չօգտագործված արձակուրդի համար նախատեսված գումարը, որը կազմում է մոտ 300 հազար դրամ: Հետաքրքիր է, որ այս հարցը հնարավոր չի եղել կարգավորել բանակցությունների միջոցով, եւ եկեղեցու դեմ դատական հայց ներկայացնելու կարիք է առաջացել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որոշել է խախտել տարիներով ձևավորված ավանդույթը և ԱԺ աշխատակազմին ամանորյա տոպրակներ չբաժանել: Մինչև այժմ ԱԺ ղեկավարությունը դիմում էր տարբեր գործարարների, որ նրանք իրենց արտադրանքից որոշ քանակություն հատկացնեն ԱԺ-ին՝ աշխատակազմին բաժանելու համար: Բաբլոյանը ասել է, որ իրենք աշխատակազմին պարգևավճար կտան, և ով ինչ ուզում է՝ թող գնի: «Խորհրդարանը Մալաթիայի յարմրկան չի, որ կանֆետ ու արաղ բաժանենք»,- ասել է Բաբլոյանը: Իսկ որպեսզի աշխատակազմին պարգևավճար տան, խնայում են ամեն ինչի վրա՝ սկսած ջեռուցումից մինչև տոնածառ: Այս տարի ԱԺ բակում տոնածառ չի դրվի, ու ամանորյա միջոցառումներ չեն կազմակերպվի: Չնայած երկրի տնտեսությունն աճում է, բայց փող չկա: Եղած փողն էլ ուղղվում է առողջապահությանը: «Փող չկա, բայց դուք դիմացեք, կարևորը առողջությունն է»,- ասել է ՌԴ վարչապետ Մեդվեդևը: ԵՏՄ անդամ Հայաստանի ԱԺ նախագահը միանգամայն համամիտ է նրա հետ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը, որը հայտարարում է, թե աջակցում է գյուղատնտեսությանը, «աջակցության» ուղղությամբ հերթական քայլն է կատարում՝ 2018թ. հունվարի 1-ից դիզվառելիքը կհարկվի ավելացված արժեքի հարկով: Սա իսկապես մեծ աջակցություն կլինի հայ գյուղացիությանը, քանի որ ամենահամեստ հաշվարկներով դիզվառելիքը կարող է թանկանալ մեկ լիտրի համար 50 դրամով, չնայած վառելիքի վաճառքով զբաղվողները պնդում են, որ թանկացումը կարող է ավելի էական լինել: Համենայնդեպս, ազատ դրամական միջոցներ ունեցողները սկսել են դիզվառելիք գնել և պահեստավորել, հաջորդ տարի ավելի թանկ գնով վաճառելու հույսով: Թանկացման արդյունքում՝ գյուղացին միայն վառելիքի վրա պետք է լրացուցիչ մոտ 8 հազար դրամ գումար ծախսի»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» տեղեկություններով՝ Ազգային անվտանգության խորհրդի համարյա նորակառույց շենքի ներսում ուղղակի շինարարական ավերածություններ են կատարվել: Ավելի ճիշտ՝ արմատական վերանորոգում է սկսվել: Մեր աղբյուրի տվյալներով՝ այստեղ բարձրակարգ, «շատ թանկ» վերանորոգում է սկսվել: Եվ սկսված շքեղ վերանորոգումը, շատերի համոզմամբ, վկայում է, որ այս «հիմնարկությունը» ղեկավարելու է երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, եթե ոչ՝ ամենաազդեցիկը: Ո՞վ է նա: Ի՞նչ լիազորություններ է ունենալու: Վերականգնման տեմպերն ու բարձր որակը հուշում են, որ նա «լիազորությունների պակաս» չի ունենա:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայոց բազմաչարչար կառավարության ամենաինքնատիպ նախարարն է. ճիշտ է, ի տարբերություն Լեւոն Մկրտչյանի (վերջինս 6 անգամ նախարար է նշանակվել), ընդամենը երկու անգամ է նախարար դարձել, սակայն Ռոստոմյանը ՀՅԴ-ի հետ մի ընդհանրություն էլ ունի. Արծվիկ Մինասյանի նման` նրա հարաբերությունները Կարեն Կարապետյանի հետ լավ չեն, բարեւ-բարլուսից այն կողմ չեն անցնում, նա վարչապետի «թիմի» մարդ չէ։ Ռոստոմյանը ԲՀԿ-ական չէ, սակայն նշանակված է օր ու գիշեր վարչապետին քննադատող ԲՀԿ-ի` Ծառուկյանի «քվոտայով», դրանով դառնալով միակ «ընդդիմադիր» նախարարը Կարապետյանի կաբինետում: Սպորտի նախարարության հաջորդ «ինքնատիպությունն» էլ այն է, որ վերջինիս ծախսերն ու բյուջեն չեն համապատասխանում միմյանց. նախարարության բյուջեն շատ փոքր է, եւ Ծառուկյանն է հիմնականում հոգում ոլորտի սպորտային ծախսերը: Սակայն Ռոստոմյանը փոխհատուցում է այդ ուշադրությունը. ՀԱՕԿ քարտուղար Ռոստոմյանը, երբ ՀԱՕԿ նախագահ Ծառուկյանի հետ արտասահման է մեկնում, իր հետ թարգմանիչ չի տանում՝ հանդիպումները թարգմանում է անձամբ սպորտի նախարարը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ընդմիջումից հետո երեկ կրկին խորհրդարան էր եկել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը։ Նա իր բացակայությունը հիմնավորեց առողջական խնդիրներով ու արտերկրում բուժմամբ, բայց ասաց, որ «սենց գնա, երեւի լավ կլինեմ»։ Սեյրան Սարոյանն ասաց, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստերից վերջին բացակայություններն էլ պայմանավորված են եղել երկրում չգտնվելու փաստով։ «Կորյունին սիրում ենք, լավ տղա ա, կմասնակցենք»,- ասաց գեներալը՝ ի պատասխան այն հարցին, թե լուրեր կան, որ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի՝ բանակում ծառայած չլինելու պատճառով որոշել են բոյկոտել նրա նիստերը։ Մինչդեռ տեղեկություններ կան նաեւ, որ Սամվել Ալեքսանյանի փեսա Նահապետյանի ղեկավարած հանձնաժողովի նիստերը գեներալները բոյկոտելու այլ պատճառ էլ ունեն՝ Սարոյանի եւ Ալեքսանյանի հարաբերությունները թարսվել են։ Ալեքսանյանը «քաշել» է գեներալին եւ նրա գործարանի օղին չի տարել Քրդստան, քանի որ խփում է իր բիզնեսին։ Ի դեպ, վերջին թանկացումների մասին խոսելով՝ Սարոյանը, նկատի ունենալով սուպերմարկետներ ունեցող օլիգարխներին, ասաց․ «Դե, որ ամոթ ունենան, չեն թանկացնի, գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի, էլի, օլիգարխ չի, ով ուզում ա լինի, պետք չի էդքան ագահ լինել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վարչապետ Կարեն Կարապետյանի «Մաքուր Հայաստան» ծրագիրը սկզբում քմծիծաղով ընդունվեց, երբ պարզ դարձավ, որ գործադիրը նաեւ աղբահանությամբ է զբաղվելու: Պարզվում է, սակայն, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իշխանությունները պարզապես գումարներ են լվանում, ֆինանսական միջոցներն անտեղի վատնում: Մասնավորապես կառավարությունը, հանձին Արմավիրի մարզպետարանի, Չեխիայի Հանրապետությունից 4 մլն 300 հազար դրամի աջակցություն է խնդրել, որպեսզի այնտեղ աղբահանության տեսակավորման թեմայով դասընթացներ կազմակերպվեն: Սա ամենեւին էլ նախատոնական հումոր չէ, ոչ էլ անեկդոտ: ՀՀ կառավարությունը վաղվա նիստում պատրաստվում է հաստատել Չեխիայի դեսպանատան կողմից ֆինասավորված եւ Արմավիրի մարզպետարանի կողմից կազմակերպված «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացների եւ քարոզչության ծրագրի նախահաշիվը. այդ հարցն ընդգրկված է օրակարգում:


Նման դասընթացների արդյունավետությունը դժվար չէ կռահել. իրականում այսպես հերթական գումարներն են քամուն տրվելու: Հետո, համաձայնեք, ամոթ է, որ արդեն իշխանությունները գումար են մուրում նման թեմաներով դասընթացների համար, եւ սա այն դեպքում, երբ, օրինակ, ԱԺ նախկին փոխխոսնակը 2 մլն դրամ է ծախսում բջջային հեռախոսի համար (այն էլ՝ պետբյուջեից): Իսկ ժամանակին հասարակությունը ծիծաղեց, երբ լսեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կովը կթելու, իսկ մինչ այդ կովի կուրծքը գոլ ջրով լվանալու եւ փափուկ սրբիչով չորացնելու մասին դասախոսություններ էր անում: Ի դեպ, որպես պետական քարոզչություն՝ հանրային հեռուստաընկերությունը սոցիալական գովազդ է անում, թե «աղբի տեղը աղբամանն է», բայց Արմավիրում, փաստորեն, աղբամաններ են փնտրում, որ տեսակավորեն աղբը»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմին ամրացված ընդհանուր 1.2 միլիարդ դրամ հաշվեկշռային արժեքով գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգի նախագծերից: Հարցը կառավարության նիստում ներկայացնելու է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Աշոտ Մանուկյանը:


Ստորև ներկայացնում ենք անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի ցանկը:


– Մեղրի քաղաքի բարձր ճնշման կողմնատար գազատարը, որը գտնվում է Վահրավար գյուղում, գազաբաշխիչ կայանի սարքերի և սարքավորումների համալիր:


– Մեղրի քաղաքի ցածր ճնշման գազատարներ, միջին ճնշման գազատարներ, սնող միջին ճնշման գազատարներ, գլխամասային հաշվիչ հանգույց` G-650, պահարանային գազակարգավորիչ (ՊԳԿԿ):


– Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի գազամատակարարման ցանց, ցածր ճնշման գազատարներ, միջին ճնշման գազատարներ»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25552