Ախալքալաքում ոստիկանների ապօրինությունների դեմ բողոքի ակցիա է անցկացվել

Նախօրեին Ախալքալաքի կենտրոնում քաղաքի երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով ոստիկանությունից, որ Ախալքալաքում կատարված ամեն հանցագործությունից հետո իրենց չտանեն հարցաքննության եւ ստուգումների: Այս մասին գրում է jnews.ge-ը:


Երիտասարդները վարչության շենքի դիմաց բողոքում էին ոստիկանության գործողությունների դեմ: Հարցին, թե ինչու չեն բողոքում ոստիկանության շենքի մոտ, նրանք պատասխանել են, որ իրենց խնդիրների մասին ուզում են տեղեկացնել տեղական իշխանություններին, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն:


Դավիթ Մանուկյանի խոսքով, ամեն անգամ Ռուսաստան գնալ գալուց հետո, իրեն հարցաքննության են տանում Ախալքալաքում կատարված տարբեր հանցագործությունների պատճառով, ստիպում ընդունել մեղքը և դա այն դեպքում, երբ ինքը ոչինչ չի արել:


«Մեր փոխոստիկանապետն ինձ մեղադրում է գողության մեջ, ասաց՝ հերիք է գողություն անես...  դա ինչ ասելու բան է, եթե ես ոչինչ չեմ արել, ինչպե՞ս ընդունեմ։ Նրանք մեղադրում են՝ չունենալով ոչ մի ապացույց։ Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի բոլորով նրանց ասենք, որ մեզ հանգիստ թողնեն: Ոստիկանությունը նորմալ չի աշխատում, բոլորը իրենց են մեղադրում, որ ոչ մի գողություն չի բացահայտվում, իրենք էլ՝ մեզ», – պատմել է Դավիթ Մանուկյանը։


«Մեզ հանգիստ թողեք» բողոքի ակցիայի մասնակիցներն հայտարարել են, որ ոստիկանության գործողություններից ամենաշատը տուժել է Կիմ Կուղոյանը, որը նախօրեին հայտարարել էր` Ախալքալաքի ոստիկանության աշխատակիցներն իրեն զգուշացրել են, որ եթե 48 ժամվա մեջ Վրաստանը չլքի, ապա կձերբակալեն. «Ինչ լինում է քաղաքում` ամեն գողությունից հետո ոստիկանությունը մեր տուն է գալիս»:


Ցուցարարներին մոտեցել են Վրաստանի Ժողովրդական պաշտպանի Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչ Սալոմե Կուլջանիշվիլին եւ օմբուդսմենի գրասենյակի այլ աշխատակիցներ: Նրանք լսել են բողոքողներին եւ հետաքրքրվել՝ արդյո՞ք փաստաբան ունեն և հայտնել, որ նրանք կարող են դիմել օմբուդսմենի գրասենյակին:


Ցուցարարները փորձել են հանդիպել Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանին: Քաղաքապետն ասել է, թե առաջին անգամ է այս մասին լսում: Նա լուրջ խնդիր չի տեսնում, դա ոստիկանության առօրյա աշխատանքն է, եւ մի կողմին լսելով՝ եզրակացություն չի կարող անել:


«Եթե նրանք գրավոր կամ բանավոր ձեւով ինձ են դիմել, ես այդ տեղեկությունը կներկայացնեմ համապատասխան մարմիններին, որպեսզի կարողանան միջոցներ ձեռնարկել։ Նրանց բողոքը կայանում է նրանում, որ իբր շատ հաճախ Կիմ Կուղոյանին մեղադրելով թմրանյութեր օգտագործելու մեջ, տանում են Ախալցիխե եւ ուզում են փորձաքննության միջոցով հաստատել, թե իրոք օգտագործել է, թե  ոչ: Նրանց բողոքն է, որ իրենց հանգիստ թողնեն եւ ամեն սովորական բանի համար նեղություն չտան։ Ես չգիտեմ ինչքանով է ճիշտ նրանց ասածը, եթե իրոք այդպիսի փաստ գոյություն ունի, պետք է հարուցել քրեական գործ, որտեղ կլինեն երկու կողմերը եւ կպարզաբանեն ճշմարտությունը»,- ասել է քաղաքապետը։


Մարտին Կուղոյանը՝ Կիմի հայրը, մատնանշում է Ախալքալաքի փոխոստիկանապետի ապօրինի եւ մշտական հետապնդումները երիտասարդների նկատմամբ: Նրա խոսքով, հենց քաղաքում գողություն է կատարվում, ոստիկանության թիրախում են հայտնվում Կիմը եւ նրա ընտանիքը:


«Ի՞նչ են ուզում մեզանից, եթե չունեն ոչ մի ապացույց, ինչու են որդուս սպառնում, ասելով, որ 48 ժամվա ընթացքում պետք է լքի պետության տարածքը: Բայց նա հաստատ չի հեռանա, որովհետեւ եթե գնա, բոլորը կմտածեն, որ իրոք ինքն է արել, բայց իմ որդին ոչինչ չի արել։ Արդեն 4 տարի է մեր ընտանիքին ոստիկանությունը հանգիստ չի տալիս»,- ասել է հայրը։


Վարչության շենքի դիմաց հավաքվել էին նաեւ մարդիկ, ովքեր նախկինում են տուժել ոստիկանության աշխատակիցների գործողություններից: «Երեք տարի առաջ ինձ տարան ոստիկանություն՝ մեղադրելով գողության մեջ։ Ծեծելով պահանջում էին, որ ընդունեմ մեղքս, բայց ես ոչինչ չէի արել, այնտեղ ինձ 72 ժամ պահելուց հետո ազատ արձակեցին»,- պատմել է ակցիայի նման մասնակից Մկրտիչ Մղդեսյանը։


Կիմ Կուղոյանը եւ բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են դիմել Հանրային պաշտպանի գրասենյակին եւ Վրաստանի գլխավոր դատախազություն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25409