ՀՀ-ԼՂՀ միացյալ զորախումբը կկանգնեցնի հակառակորդին և լայնածավալ հարձակում կիրականացնի

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև առկա ռազմական համագործակցության շրջանակներում Արցախում անցկացվեցին միացյալ զորավարժություններ, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:


Tert.am-ի հաղորդմամբ, միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը նշել է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև առկա ռազմական համագործակցության, ինչպես նաև փոխադարձ օգնության շրջանակներում երկու երկրների զինված ուժերի ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակեցում է լինելու.


«Մեր հիմնական նպատակը հենց դա էր, որ համահավաք զորախումբը ամբողջովին ներդաշնակեցվի, որպեսզի կարողանան միասին գործել, միասին խնդիրներ կատարել, եթե պետք լինի, կարողանան միասին մարտ վարել»,- հայտնել է նա:


Արցախում և Հայաստանում բազմաթիվ անգամ զորավարժություններ իրականացվել են, բայց երկու երկրների զինված ուժերի համագործակցությամբ՝ որպես միացյալ զորախումբ, առաջին անգամ էին նման մասշտաբի գործողություններ ընթանում:


Զորավարժության ընթացքում ստուգվեցին զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև կատարելագործվեցին նրանց մարտական ունակությունները: Զորավարժությունը ուսուցողական էր նաև լրագրողների համար, ովքեր սովորեցին, թե ինչպես պետք է գործել մարտական գործողությունների ժամանակ: Զորավարժության կրակային օրվանից մեկ օր առաջ ԶԼՄ ներկայացուցիչները նաև հետևեցին նախապատրաստական աշխատանքներին:


Զորավարժությունները «Օպերացիայի նախապատրաստումն ու վարումը» թեմայով էր, որի ընթացքում մշակվեցին հարձակողական գործողություններ: Զորավարժության սցենարով պայմանական իրավիճակը հետևյալն էր՝ հակառակորդը պայմանականորեն ճեղքել էր մեր առաջնագիծը, և մեր զորախումբը խնդիր ուներ կանգնեցնել հակառակորդին, ստիպել անցնել հապճեպ պաշտպանության և ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը՝ մասնատել, և մաս առ մաս ջախջախել նրան իր իսկ զբաղեցրած շրջանում:


«Ճիշտ է, սցենարով հակառակորդն էր ճեղքում առաջնագիծը, բայց զորավարժության ընթացքում մշակվեցին խոշոր զորախմբի հարձակողական գործողություններ։ Մենք միայն չէինք կանգնեցնում հակառակորդին, նաև մեծ մասշտաբով հարձակում էինք իրականացնում: Զորավարժության մեջ հիմնականում վարեցինք հարձակողական մարտ»,- ասաց հրամանատարը:


Հրամանատարի խոսքերի ապացույցն էր զորավարժություններին մասնակցող մի քանի հարյուր միավոր տեխնիկան: Պայմանական մարտադաշտում հատկապես նկատելի էր տանկերի քանակությունը:


«Այն, ինչը որ իրականացվեց, կարծում եմ՝ բավարար էր, գոհացուցիչ էր: Բոլորս տեսանք, որ զորամասերը ղեկավարվում են, տեխնիկան մարտունակ վիճակում է, անձնակազմը պատրաստված է կրակ վարելու համար: Հրամանատարները կարողանում են արագ որոշումներ կայացնել և իրենց որոշումները իրականություն դարձնել մարտի դաշտում»,- զորավարժության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:


Կրակային գործողություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրեց զորավարժության ընթացքում բարձր ցուցանիշներ գրանցած սպաներին և զինծառայողներին:


«Շնորհակալ եմ ձեզ, որ այսօրվա զորավարժություններով ապացուցեցիք ձեր ունակությունը: Հավատացեք, որ դուք դրանով պատասխանում եք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել, ովքեր փորձում են իրենց հզոր ցույց տալ և պոկել մեզնից մի բան: Ժողովուրդները կարողանում են իրենց հայրենիքը պաշտպանել, եթե նրանց մեջ ձեր տեսակը գերակշռում է: Մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանը, մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր հայրենիքը»,- ասաց նախագահ Սարգսյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25211