Սվիտալսկի. Համաձայնագիրն օգտակար է ոչ միայն ՀՀ, ԵՄ, այլև տարածաշրջանի պետությունների համար

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մեր կողմից դիտարկվում է որպես «խառը» փաստաթուղթ, քանի որ այն ոչ միայն զուտ ԵՄ-ի ու Հայաստանի, այլ նաև ԵՄ անդամ պետությունների ու Հայաստանի միջև կնքված փաստաթուղթ է: Այս մասին ԱԺ-ում ընթացող ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվետիլսկին:


«Համաձայնագիրը շատ կարևոր փաստաթուղթ է, կարևոր քայլ, որը նշանավորում է նոր ճանապարհի սկիզբ»,- ասաց նա:


Սվիտալսկին վստահ է, որ համաձայնագրի վավերացումից հետո դրա դրական ազդեցությունն անմիջապես կզգացվի՝ շուտով սպասվում են համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկումներ ԵՄ անդամ պետություններում: Դե իսկ կետերի մեծ մասը կյանքի կկոչվեն արդեն մոտ ապագայում:  


Համաձայնագրի կյանքի կոչման համար նա կարևորեց ՀՀ և ԵՄ խորհրդարանների, քաղաքացիական հասարակության գործոնը, առավել ևս, որ դրանց դերը համաձայնագրում ամրագրված դրույթների կյանքի կոչման համար բավականին մեծ է:


«Բանակցային գործընթացը երբեմն շատ ծանր է եղել՝ հաշվի առնելով ազգային շահերը պաշտպանելու սկզբունքը, սակայն վերջնական արդյունքը բավարարում է բոլոր կողմերին, արդար փոխզիջում է, և կարող ենք հպարտանալ դրանով: Վստահ ենք, որ նոր համաձայնագիրն օգտակար է ոչ միայն Հայաստանի, ԵՄ անդամ պետությունների, այլև տարածաշրջանի պետությունների համար, քանի որ դրանում չկա որևէ կետ, որը կարող է ընկալվել ինչ-որ մեկի դեմ ուղղված բան: Այն համընդհանուր շահի համար է և հույս ունեմ, որ այն կդառնա տարբեր ինտեգրացիոն կառույցներում ներառված, սակայն ԵՄ-ի հետ համագործակցությունը զարգացնել ցանկացող գործընկերների հետ հարաբերությունների կառուցման օրինակ, մոդել: Այս իմաստով Հայաստանը դարձավ նման ձևաչափում համագործակցության առաջամարտիկը: Մնում է համատեղ գործի դնել ջանքերը՝ համաձայանգիրը հնարավորինս արագ կյանքի կոչելու համար»,- հավելեց ԵՄ պատվիրակության ղեկավարը: 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25132