Բրյուսելում Հայաստանը կհրաժարվի ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումից. Գեղամ Բաղդասարյան

Թեպետ հայտնի է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Բրյուսել նոյեմբերի 24-ին Արեւելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու համար, որի ժամանակ նախատեսվում է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը, սակայն կասկածները դեռ պահպանվում են:


«Հանրային օրակարգ» ՀԿ-ի նախագահ, քաղաքական մեկնաբան Գեղամ Բաղդասարյանը, այնուամենայնիվ կարծում է, որ նոյեմբերի 24-ին Հայաստանը չի ստորագրի ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագիրը: «Վաղը չեն ստորագրի»,- Բրյուսելի գագաթնաժողովին նվիրված փորձագիտական քննարկման ժամանակ կարճ հայտարարեց Գեղամ Բադասարյանը՝ չմանրամասնելով, թե ինչու:


Նրա հետ չհամաձայնեցին մյուս փորձագետները՝ նշելով, որ համաձայնագրի ստորագրման խոչընդոտ չկա: «Եթե այն չի հակասում ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ-ի պարտավորություններին, ապա ո՞րն է խնդիրը, որ չստորագրվի: Կարծում եմ կստորագրվի»,- հակադարձեց ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:


Փորձագետի միտքը շարունակեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ ընդգծելով, որ հռչակագրում տեղ գտած ձեւակերպումները չպետք է խոչընդոտ հանդիսանան ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման համար: «Հայաստանը կարող է ստորագրել հռչակագիրը վերապահում», - ասաց Գրիգորյանը:


Այնուհետեւ armtimes.com-ի հետ զրույցում Գեղամ Բաղդասարյանը մանրամասնեց համաձայնագրի հնարավոր չստորագրման վերաբերյալ իր վարկածը՝ նշելով, որ այն բխում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանի վերջերս արտահայտած կարծիքից: «Աշոտյանը նշում է, որ Հայաստանի համար Արցախն աքսիոմատիկ գերակայություն է՝ հավելելով, որ ստորագրման հետ կապված ՀՀ-ն կատարել է իր աշխատանքը եւ հերթը Եվրամիությանն է»,- ցիտեց Բաղդասարյանը:


Բանն այն է, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հռչակագրում ԼՂ հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ, իսկ փաստաթղթի մնացյալ տեքստը համաձայնեցված է: Խնդրի առկայության մասին վերջերս խոսեց նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ բանակցությունները շարունակվում են:


Բաղդասարյանը եւս կարծում է, որ խոսքն Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագրում ԼՂ հակամարտության վերաբերյալ ձեւակերպումների մասին է: «Այդ ձեւակերպումները, կարծես թե, տարբերվում են ՀՀ-ԵՄ համաձայնագրում Արցախի մասով տեղ գտած ձեւակերպումներից, ինչի վերաբերյալ դեռեւս բանակցությունները շարունակվում են»,- հիշեցրեց նա:


Իհարկե, «Հանրային օրակարգ» ՀԿ-ի նախագահը տեղյակ է, որ կան ստորագրման շատ տարբերակներ: «Կարելի է վերապահումով ստորագրել, կամ հատուկ կարծիք հայտնել, ինչպես նաեւ համաձայնագիրը ստորագրել եւ հռչակագրից հրաժարվել: Սակայն, եթե Եվրամիությունը, ինչ-ինչ խնդիրներից դրդված չգնա այդ ձեւակերպումների փոփոխմանը եւ գերակայությունը, տա տարածքային ամբողջականությանը, ապա Հայաստանը, որի պաշտոնյաները հայտարարում են Արցախի աքսիոմատիկ գերակայության մասին, կարող է եւ հրաժարվել համաձայնագրի ստորագրումից»,- նշեց Բաղդասարյանը:


Նրա խոսքով, ամեն ինչ կախված է պատրվակ փնտրելու կամ ստորագրմանը իսկապես պատրաստ լինելու իշխանության գերակայություններից: «Եթե ստորագրումից հրաժարվելու պատրվակ է պետք, ապա դա կա՝ հռչակագրում տեղ գտած ձեւակերպումների տեսքով: Չստորագրելը նույնիսկ աբսուրդ է, քանի որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մշտական է, իսկ Արեւելյան գործընկերության հռչակագիրը ժամանակավոր: Այն երկու տարուց կարող է փոփոխվել»,- նշեց նա՝ հավելելով, որ ստորագրման ոդիսականը կավարտվի ոչ թե նոյեմբերի 24-ի երեկոյան, այլ 25-ի առավոտյան:


Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին:


Հայկական մամուլն այսօր նշում էր, որ այնուամենայնիվ, Հայաստանը կստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիրը՝ նշելով դրա իրականացման երկու տարբերակ: Առաջին, Հայաստանը կստորագրի Շրջանակային համաձայնագիրը, իսկ Հռչակագրին միանալու հատուկ կարծիքով հանդես կգա Սերժ Սարգսյանը։


Երկրորդ՝ ստորագրումը տեղի կունենա, սակայն ոչ գագաթնաժողովի պաշտոնական արարողության ընթացքում: Պատճառն այն է, որ գագաթնաժողովին մասնակցում է նաեւ Ադրբեջանը, եւ այդ երկրի ղեկավարությունը չի ցանկանում համաձայնագրի ստորագրմանը մասնակցել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/24823