Լեռնային Ղարաբաղի նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել Լոնդոնում

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Լոնդոնում այցելել է Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ՝ Chatham House և հանդես է եկել ելույթով:

Երկրի ղեկավարը անդրադարձել է պետականության շինարարությանը, Արցախի արտաքին և ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, պատասխանել է ներկաների հարցերին, փոխանցում է նախագահի մամուլի ծառայությունը:

Իր ելույթում նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախի համար մոտ է Chatham House-ի կարգախոսը՝ «Նպաստել անվտանգ, բարեկեցիկ և արդար աշխարհի կառուցմանը»:

ԼՂՀ նախագահը նաև այցելել է Մեծ Բրիտանիայի խորհրդարան: Իր ելույթում նախագահը նշել է, որ Արցախում հատուկ վերաբերմունք ունեն Միացյալ Թագավորության նկատմամբ` դիտարկելով Մեծ Բրիտանիան որպես միջազգային քաղաքականությունում կարևոր խաղացողի:

Բակո Սահակյանի խոսքով, Արցախը հետաքրքված է Մեծ Բրիտանիայի հետ խորհրդարանական կապերի, ինչպես նաև կրթական-գիտական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների խորացմամբ:

Պետության ղեկավարը նշել է, որ այդպիսի լավատեսությունը պայմանավորված է առաջին հերթին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում առկա Արցախի և հայ ժողովրդի հավատարիմ և անկեղծ ընկերների առկայությամբ:

Մինչ այդ, Բաքուն Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին բողոքի նոտա էր հղել՝ Բակո Սահակյանի Լոնդոն կատարած այցի հետ կապված: Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Մեծ Բրիտանիայի դեսպանը: Նրան հայտնել են, որ Սահակյանի այցը Լոնդոն քայլ է ուղղված Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/2444