ՀՀԿ-ն քննարկում է Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելու խնդիրը

Իշխող Հանրապետական կուսակցության երեկ ուշ երեկոյան ավարտված գործադիր մարմնի նիստում Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու հարցը ևս քննարկվել է։ Այս մասին նիստից հետո ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

Վերջինս նաև հաստատեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի ու «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև հանդիպում եղել է։ «Այո, նման հանդիպում եղել է, բայց ավելի փակագծերը բացել չեմ պատրաստվում», - ասաց Հարությունյանը: Չնայած այս հանդիպմանը և դրան հաջորդած՝ խնդիրները խաղաղությամբ լուծելու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, իշխող Հանրապետականում շարունակում են մնալ այն կարծիքին, որ բիզնեսը պետք է տարանջատել քաղաքականությունից։

Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ չի գնալու իշխանության հետ առճակատման, իսկ ԲՀԿ քաղխորհուրդը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ որոշում է կայացվել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը:

Ծառուկյանի հայտարարությունը չի կանխել նաև նրան պատկանող ընկերություններում անցկացվող ստուգումները։ Հանրապետականի նիստի ավարտից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ տարիներ շարունակ Ծառուկյանի կողմից միլիարդավոր դրամների հասնող հարկային պարտավորությունների չկատարման և բազմաթիվ քրեական հանցագործություններ թաքցնելու մասին լուրերը դեռ ստուգվում են։

Նաղդալյանը նաև նշեց, որ Հանրապետական կուսակցության խորհրդի մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած նիստի որոշումները գիտակցված և կշռադատված էին, հետագայում էլ նույն սկզբունքով են շարժվելու։

«Ազատության» հիշեցմանը, որ չնայած բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու՝ Հանրապետականի որոշմանը, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի հեռանալու քաղաքականությունից, Նաղդալյանը արձագանքեց, որ պետք է սպասել և հետևել իրադարձություններին։

«Ես կարծում եմ, որ մոտակա օրերի իրադարձությունները ցույց կտան, թե ինչպիսի գործողություններ կկատարվեն, որովհետև ես չեմ պատրաստվում հիմա Գագիկ Ծառուկյանի փոխարեն իր քայլերը ներկայացնել», - ասաց Նաղդալյանը: ԱԺ փոխնախագահի խոսքով, շարունակվում է նաև Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը: Այս հարցում հստակություն կլինի ԱԺ-ի երկուշաբթի կայանալիք նիստում:

Չնայած ներքաղաքական բուռն իրադարձություններին, հանրապետական Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ վերջին երկու օրերի ընթացքում իր կուսակիցները հրաժարվել են կոշտ գնահատականներից։ Նրա խոսքով՝ դրանք արդեն մեղմացել են ամբողջ քաղաքական դաշտում։ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի վերջին հայտարարությունը և հանրահավաքից հրաժարվելն էլ, Հարությունյանի կարծիքով, խոհեմ քայլ էր, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

«Իրականում հանրահավաքը այս պահին, երբ ծայրահեղ սրված էր և հուզական շատ լուրջ դաշտ կար, հղի էր վտանգներով», - ասաց Դավիթ Հարությունյանը: Մեր այն հարցին էլ, թե եթե Գագիկ Ծառուկյանը հեռանա քաղաքականությունից, հնարավո՞ր է, որ Հանրապետականը կոալիցիա կազմի «Բարգավաճ Հայաստան»-ի հետ, Հարությունյանը այսպես արձագանքեց․ - «Նման հարցերի մասին որևէ կանխատեսումներ անել հնարավոր չէ, ավելին՝ դրա նախադրյալները ես դեռևս չեմ տեսնում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին իշխող Հանրապետական կուսակցության գործադրի մարմնի նիստում հանդես էր եկել ծավալուն ելույթով, որն ամբողջությամբ նվիրված էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Սերժ Սարգսյանը մասնավորապես անվանել է Ծառուկյանին «չարիք», «կեղծ քաղաքական երևույթ» և «տարրական տրամաբանությունից զուրկ մարդ»: Նա հայտարարել է, որ սկսել է քաղաքական դաշտը «տգիտությունից մաքրելու գործընթաց» և տեղեկացրել առաջիկայում Գագիկ Ծառուկյանի դեմ ձեռնարկվելիք գործողությունների մասին:

Ծառուկյանն իր պատասխան ելույթում նշել էր, որ ընդունում է իրեն ուղղած մարտահրավերը և հայտարարում «համաժողովրդական մոբիլիզացիա» Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու համար: Ազգային ժողովում արդեն սկսվել է Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց, ուսումնասիրվում են վերջինիս բացակայությունները ԱԺ նիստերին:

Ըստ մամուլի տարածած տեղեկատվության՝ «զինաթափվել է Ծառուկյանի թիկնազորը»: Փետրվարի 14-ին ստուգվել է ԲՀԿ նախագահի թիկնազորը. ստուգումների արդյունքում նրա տարածքները հսկող Պետական պահպանության գլխավոր վարչության մոտ 200 աշխատակից ազատվել է աշխատանքից, նրանց փոխարեն պետք է նոր նշանակումներ արվեն: Մինչ այդ սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը հասցրել էին լքել համանուն խմբակցության հինգ պատգամավորներ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/189