Լևոն Տեր-Պետրոսյան. «սրտիս պարտքը» Ծառուկյանին

ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել iLur.am կայքում, որը վերնագրված է «Սրտիս պարտքը»: Հոդվածում նա անդրադառնում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ փետրվարի 20-ի հանրահավաքի հրաժարումից և ստեղծված քաղաքական իրավիճակին:

Ստորև ներկայացնում ենք Տեր-Պետրոսյանի հոդվածն ամբողջությամբ.

«Ժամանակին հայ թատրոնի ամենահանճարեղ դերասան Վահրամ Փափազյանը մի հրաշալի գրքույկ հրատարակեց՝ «Սրտիս պարտքը» վերնագրով։ Հոդվածիս համար ավելի հարմար վերնագիր չգտնելով, ես որոշեցի օգտվել նրա գեղեցիկ մտահղացումից։ Հասկանալու համար, թե ինչ կատարվեց Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, պետք է վերհիշել վերջին տարիների ընթացքում նրա անցած ճանապարհը։

Կուսակցությունը, որը 2007 թվականից սկսած, հինգ տարի շարունակ կառավարական կոալիցիայի մաս էր, 2012-ին դուրս եկավ իշխանական համակարգից։ 2012-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցեց ոչ թե Հանրապետական կուսակցության հետ ընդհանուր, այլ առանձին ցուցակով, թեև շատերը հակառակն էին գուշակում։ Խորհրդարանական ընտրություններից հետո մերժեց կրկին մաս կազմել իշխանական կոալիցիային։ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ չպաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Նույն թվականին ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը դաշինք կնքեց խորհրդարանական երեք այլ խմբակցությունների՝ Հայ ազգային կոնգրեսի, Ժառանգության և Հայ հեղափոխական դաշնակցության հետ, բուռն քաղաքական գործունեություն ծավալելով Ազգային Ժողովի ներսում և ընդդիմադիր դիրքերից հանդես գալով բազմաթիվ համատեղ օրենսդրական նախաձեռնություններով ու սկզբունքային հայտարարություններով։

Գաղտնիք չէ, իհարկե, որ այս ամենը ոչ այնքան Բարգավաճ Հայաստան կուսակցության, որքան նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դիրքորոշման աստիճանական փոփոխության արտահայտությունն էր։ Հարկ է պարզաբանել, սակայն, թե իրականում ինչ է ցույց տալիս բոլորի համար ապշեցուցիչ այս էվոլյուցիան։ Ընդամենը մեկ բան. Ծառուկյանը և նրա ղեկավարած կուսակցությունը կամովին հրաժարվեցին իշխանական համակարգում և գործարար դաշտում զբաղեցրած առավել քան հարմարավետ ու անվտանգ դիրքից և ընտրեցին ընդդիմադիր քաղաքական պայքարի ճանապարհը՝ դա բացատրելով Հայաստանի իշխող վարչախմբի արատավորության հետ այլևս չհաշտվելու և բացառապես ժողովրդի շահերով առաջնորդվելու նպատակադրությամբ։

Շատերը չհավատացին Ծառուկյանի անկեղծությանը, ոմանք էլ փորձեցին Ծառուկյանի վարքագծի փոփոխությունը վերագրել նրա անհամաչափ քաղաքական ամբիցիաներին՝ պնդումներ, որոնք երկուսն էլ միանգամայն անհիմն են ու կասկածելի։ Նախ՝ անկեղծության մասին. եթե Ծառուկյանն անկեղծ չէր, ապա ինչո՞ւ պիտի հրաժարվեր իր փափուկ կյանքից և ընտրեր մեր իրականության պարագայում վտանգներով հղի ընդդիմադիր գործունեության բնագավառը։ Միթե՞ նա ծանոթ չէր Խաչատուր Սուքիասյանին բաժին ընկած փորձություններին ու զրկանքներին, որոնք վերջինս կրեց նույնպես իր «անդարդ» կյանքն ու ծաղկուն բիզնեսը վտանգի ենթարկելու, 2007-ին խիզախաբար ընդդիմությանը միանալու և վերջինիս կենտրոնական դեմքերից մեկը դառնալու պատճառով։ Իսկ այժմ՝ Ծառուկյանի քաղաքական ամբիցիաների մասին։

Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է ամբիցիայի առկայությունն անընդունելի համարվում քաղաքական գործչի պարագայում։ Ամբիցիա կամ իր գաղափարներն ու ծրագրերն իրականացնելու հավակնություն չունեցող մարդն ի՞նչ գործ ունի քաղաքականության հետ։ Իսկ երբ ասում են, թե այդ ճշմարտությանը դեմ չեն, բայց քաղաքական գործչի ամբիցիաները պետք է հիմնավորված լինեն, այսինքն համապատասխանեն իր ինտելեկտուալ մակարդակին ու անձնական որակներին, ապա դա էլ ոչ թե ինչ-որ մեկի, այլ ժողովրդի որոշելիքն է, ինչը ժողովրդավարական երկրներում իրագործվում է ազնիվ ընտրությունների միջոցով։

Ընթերցողներն իրավամբ կարող են հարցնել՝ իսկ Ծառուկյանն այս ընթացքում սխալներ թույլ չի՞ տվել։ Իհարկե, թույլ է տվել, որոնց մասին Հայ ազգային կոնգրեսը բարձրաձայնել է հրապարակորեն։ Մենք սխալ ենք համարել 2014թ. ապրիլի 28-ին նշանակված հանրահավաքի չկայացումը, անցյալ հոկտեմբերի հուժկու հանրահավաքների շղթայի դադարեցումը, ակտիվ գործողությունների փոխարինումը քաղաքական պայքարի իմիտացիայով (Համաժողովրդական շարժման շտաբների անժամանակ ձևավորում, փետրվարի 5-ի համաժողովի գումարում) և այլն։

Այդ սխալների մի մասը գալիս է Ծառուկյանի քաղաքական փորձառության պակասից, իսկ մեծագույն մասը՝ ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակից, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից և հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի։ Թե՛ Ծառուկյանին, թե՛ Բարգավաճ Հայաստանին, և թե՛ Համաժողովրդական շարժմանը ոչ ոք այնքան վնաս չի տվել, որքան այդ խմբակի՝ մեծ վերլուծաբանների հավակնություն ունեցող մի քանի անդամները։ Ես անուններ չեմ տալիս, որովհետև խառնակչությունը շարունակելու պարագայում այդ մարդիկ իրենք իրենց կմատնեն և բոլորը կկռահեն, թե ում մասին է խոսքը։ Վերջին երկու-երեք տարիների ընթացքում Գագիկ Ծառուկյանը դրսևորեց մի քանի գնահատելի հատկություն՝ դրանով ապացուցելով, որ տիրապետում է հսկայական ընտրազանգվածի, վայելելով բնակչության հատկապես ընչազուրկ խավերի լիակատար համակրանքը. – որ ընդունակ է համախմբել թե՛ իշխանություններից դժգոհ լայն զանգվածներին, և թե՛ տարբեր քաղաքական ուժերի,
որ հանուն երկրի արատավոր իշխանական համակարգի վերափոխման և ժողովրդի բարօրության պատրաստ է գնալ զոհողությունների, որ ծայրաստիճան պարկեշտ ու հավատարիմ է քաղաքական դաշնակիցների հետ հարաբերություններում։

Սրանք հատկություններ են, որոնք Ծառուկյանին շահեկանորեն տարբերում են իրենց կարկառուն քաղաքական գործիչներ համարող բազմաթիվ անբան աղմկարարներից։ Առավել ևս, որ սոսկական դրական հատկություններ լինելուց բացի, դրանք հսկայական ազդեցություն են գործել ներկայիս քաղաքական դաշտի վրա՝ հույսի ու լավատեսության նոր լիցք հաղորդելով երկրում սահմանադրական կարգի վերականգնման համար պայքարի ելած ժողովրդական զանգվածներին։ Իսկ եթե ընդհանրացնելու լինենք, ապա Գագիկ Ծառուկյանի, իսկ նրանից առաջ Խաչատուր Սուքիասյանի ամենամեծ վաստակն այն է, որ նրանք գիտակցեցին, որ երկրի արմատական բարեփոխման միակ ելքը բուրժուազիայի և առողջ քաղաքական ուժերի համագործակցությունն է, այլ կերպ ասած, անարյուն բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը։ Ես համոզված եմ, որ այդ վաստակն անհետք չի մնալու։

Հայկական բուրժուազիայի մյուս ներկայացուցիչները վաղ թե ուշ հետևելու են նրանց օրինակին, քանի որ այլապես ե՛ւ երկրի, ե՛ւ իրենց ապագան վտանգված է լինելու։ Ծառուկյանի և Սուքիասյանի մասին այստեղ ասվածը սոսկ պատմական իրողության արձանագրում չէ, որովհետև վստահ եմ, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը քաղաքականության մեջ դեռ իրենց վերջին խոսքը չեն ասել։ Չգնահատել այս ամենը, կնշանակի երախտամոռ գտնվել պետական մեքենայի ծանրագույն հարվածների և համակիրների կրած բռնաճնշումների պատասխանատվության բեռի տակ հայտնված Ծառուկյանի նկատմամբ, ով այս պահին համաժողովրդական զորակցության, բարոյական աջակցության և գոտեպնդման կարիքն ունի։ Որ նրա հասցեին քստմնելի քարոզարշավ պիտի ծավալեին իշխանական կերակրատաշտից օգտվող «օսլայած տղերքն» ու մարգինալ տարրերը, միանգամայն սպասելի էր, բայց որ, թեև այլ դիրքերից, գրեթե նույն կերպ պետք է վարվեին ընդդիմադիր ուժերի որոշ ներկայացուցիչներ, դա արդեն դուրս է տարրական պարկեշտության և քաղաքական մտածողության շրջանակից։

Ես և Հայ ազգային կոնգրեսը երբևէ չենք ուրացել ազգին ու պետականությանը թեկուզ փոքրիկ ծառայություն մատուցած որևէ անձի կամ կազմակերպության երախտիքը՝ ինչպես էլ հետագայում դասավորված լինեն վերջիններիս հետ մեր հարաբերությունները։ Այնպես որ ակնկալում եմ, որ այս հոդվածով հայտնած «սրտիս պարտքը» դառնա Հայաստանի բոլոր առողջ քաղաքական ուժերի, բոլոր ազնիվ քաղաքացիների «սրտի պարտքը»»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/185