Պուտին. Հայաստանում ռուսական ռազմաբազան կայունացնող դերակատարում ունի տարածաշրջանում

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը տարածաշրջանում կայունացնող դերակատարում ունի: Այդ մասին իտալական Corriere della Sera-ին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանը գրեթե չունի ռազմակայաններ արտասահմանում: Մենք ունենք զինված ուժերի մնացորդներ, որոնք մնացել են դեռևս ԽՍՀՄ-ից Տաջիկստանի՝ Աֆղանստանի հետ սահմանակից ահաբեկչական վտանգ ներկայացնող ուղղության վրա: Այդպիսի դերակատարում ունի նաև մեր ռազմա-օդային կայանը Ղրղզստանում, որը նույնպես հակաահաբեկչական ուղղություն ունի և ստեղծվել է ղրղզական ղեկավարության խնդրանքով՝ Աֆղանստանից ահաբեկիչների Ղրղզստանի վրա հարձակումից հետո», - նշել է Պուտինը:

Պուտինը նշել է, որ Հայաստանում տեղակայված ռազմակայանում խորհրդային շրջանից մնացել է իրենց ռազմական ստորաբաժանումը, որն այնտեղ որոշակի կայունացնող դերակատարում ունի, սակայն այն ուղղված չէ որևէ մեկի դեմ:

«Մենք փակել ենք մեր ռազմակայանները աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում Կուբայում, Վիետնամում և այլուր: Այսինքն մեր քաղաքականությունը այդ ուղղությամբ չի կրում որևէ գլոբալ հարձակողական, ագրեսիվ բնույթ», - նշել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ-ի նախագահի խոսքով, Մոսկվան ոչ ոքի հետ չի խոսում կոնֆլիկտային տոնով: Ավելին, երբ խոսվում է «ագրեսիվ ռուսական արջի» մասին, ապա պետք է առաջին հերթին հիշել, որ ՆԱՏՕ-ի պետությունների ընդհանուր ծախսերը 10 անգամ ավել են, քան ՌԴ-ի ռազմական ծախսերը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/1821