Վլադիմիր Պուտին. Չի եղել և չի լինի այն ուժը, որը կարող է ստրկացնել ռուս ժողովրդին

«Չի եղել և չի լինի այն ուժը, որը կարող է ստրկացնել ռուս ժողովրդին»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված զորահանդեսի ժամանակ, գրում է gazeta.ru-ը:


Ելույթի ժամանակ, որը հետեւել է Կարմիր հրապարակում տեղի ունեցած զորահանդեսին, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «ոչ, չի եղել և չի լինի այն ուժը, որը կարող է ստրկացնել մեր ժողովրդին»:


Նա նշել է, որ Մեծ հայրենական պատերազմի ժամանակ ժողովուրդը կանգնել է մինչև մահ՝ պաշտպանելով հայրենի հողը, և կատարել, գրեթե անհնարինը: «Մեր ժողովուրդը շրջել է Երկրորդ համաշխարհային պատերազմի արյունոտ անիվը», - ասաց նա:


Միեւնույն ժամանակ արդի աշխարհաքաղաքական իրավիճակի ու Արեւմուտքի հետ ունեցած հակասությունների ֆոնին Պուտինը հատուկ ընդգծել է. «Մենք երբեք չենք մոռանա, որ Եվրոպայի ազատությանը և մեր մոլորակի վրա երկար սպասված խաղաղությանը կռվով հասել են հենց մեր հայրերը, պապերը և մեծ պապերը»:


Ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում Պուտինը հավելել է, որ այսօր հենց կյանքն է պահանջում մեծացնել երկրի պաշտպանական ներուժը: «Ռուսաստանը միշտ կլինի խաղաղության կողքին նրանց հետ, ով ընտրում է իրավահավասար գործընկերության ճանապարհը»,- ասել է նա:


Հատկանշական է, որ Կարմիր հարապարակում տեղի ունեցած զորահանդեսին մասնակցում էր նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Սա նրա երրորդ այցն է Ռուսաստան նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո:



Նշենք, որ Կարմիր հրապարակում Մեծ հայրենական պատերազմում Հաղթանակի 72-ամյա տոնին նվիրված զորահանդեսին ցուցադրվել են ռուսական արտադրության տարատեսակ զինտեխնիկա: Սակայն, ինչպես նշում են միջազգային լրատվամիջոցները, զորահանդեսի գլխավոր անակնկալներից էր ՌԴ արկտիկական խմբավորման զինտեխնիկան՝ ներկայացված ձմեռային կամուֆլյաժով:



Կարմիր հրապարակում ցուցադրվել է նաեւ ռուսական տանկաշինության վերջին խոսքը՝ Տ-14 «Արմատա» տեսակի տանկը: Այն առաջին անգամ ցուցադրվել էր երկու տարի առաջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17903