Լավրով. Խան Շեյխունում տեղի ունեցածի քննությունը պետք է հրապարակային լինի

Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ կապված տեղի ունեցածի քննությունը պետք է հրապարակային եւ թափանցիկ լինի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ապրիլի 4-ին Խան Շեյխունում տեղի ունեցածին նման սադրանքները պրոֆեսիոնալ քննություն են պահանջում՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության հովանավորությամբ, աշխարհագրականորեն հավասարակշռված հիմքի վրա, ըստ որում՝ նման քննությունը պետք է հրապարակային եւ թափանցիկ լինի»,- հայտարարել է Լավրովը:

Ապրիլի 4-ին Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է Իդլիբի նահանգի Խան Շեյխունում քիմիական զենքի կիրառմամբ հարձակման հետեւանքով 80 զոհի եւ 200 վիրավորի մասին՝ հարձակման պատասխանատու համարելով Սիրիայի կառավարական զորքերին: Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ խաղաղ բնակիչների եւ ահաբեկիչների դեմ երբեք քիմիական զենք չեն կիրառել, եւ երկրի ամբողջ քիմիական սպառազինությունը երկրից դուրս է բերվել Քիմիական զենքի արգելման կազմակերպության վերահսկողությամբ:

ԱՄՆ-ն սիրիացի զինվորականների մեղավորության ոչ մի ապացույց չներկայացնելով եւ ականջալուր չլինելով Ռուսաստանի կոչին՝ մանրակրկիտ քննություն անցկացնել, ապրիլի 7-ի գիշերը Սիրիայի Շայրաթ ավիաբազային հրթիռային հարված է հասցրել: Պենտագոնի տվյալներով՝ արձակվել է ընդհանուր 59 հրթիռ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17455