Թուրքական լոլիկները չմարսած՝ շուկայում հայտնվեցին ադրբեջանական խնձորները. Ո՞վ է մեղավոր

Թուրքական լոլիկի վտանգավորության քննարկումներից ընդամենը օրեր անց պարզվեց, որ երևանյան խանութներում ադրբեջանական DAD ընկերության խնձորներ են վաճառվում: Ընդ որում այն, որ Հայաստանում կարելի է Ադրբեջանի մակնշմամբ ապրանքի ազատ վաճառք հանդիպել, հայտնաբերել էին ոչ թե պատկան մարմինները, այլ զգոն քաղաքացիները՝ ահազանգելով այդ մասին համացանցում:

Հիշեցնենք, անցած շաբաթ համացանցում բուռն քննարկման առարկա դարձավ այն, որ հայաստանյան շուկայում հանգիստ կարելի է գնել թուրքական լոլիկ, մինչդեռ որևէ մեկը չի կարող երաշխավորել դրա վտանգը: Այն, որ հայաստանյան շուկայում թուրքական շատ ապրանքներ կարելի է հանդիպել, բոլորս գիտենք, բայց լոլիկի մասով թուրքական TRT հեռուստաալիքով ցուցադրված ռեպորտաժը ստիպեց այս խնդրին այլ տեսանկյունից մոտենալ. լրագրողի հարցադրումներին ի պատասխան գյուղմթերք արտադրողներից մեկը նշել էր, որ իրենք արտադրում են երկու տեսակ լոլիկ՝ մի մասը մշակում են բնական ճանապարհով՝ տեղական սպառողի համար: Իսկ մյուս մասը նախատեսված է արտահանման համար: Թե ինչով են դրանք տարբերվում միմյանցից, թուրք արտադրողն անկեղծորեն ասաց. «Այն մասը, որն արհեստական ճանապարհով է աճեցվում եւ թունավոր սրսկումներ է պարունակում, մենք վաճառում ենք ոչ բարեկամ ժողովուրդներին, ինչպիսիք են հայերը, քրդերը: Բնական է, որ մենք չենք կարող վտանգել մեր ապագա սերնդին, նման արտադրանք հրամցնելով»,- ասվում էր ռեպորտաժում...


Եվ ահա, դեռ թուրքական լոլիկը չմարսած, մեր սեղաններին հայտնվեց դեսերտը՝ ադրբեջանական խնձորների տեսքով:

Այսօր առավոտվանից սննդի անվտանգության փորձագետ Դավիթ Պիպոյանը իր թիմակիցների հետ միասին այցելել է մի քանի երևանյան շուկաներ ու տոնավաճառներ, որտեղ երկու կարևոր բան է ֆիքսել. նախ, ադրբեջանական խնձորները հանգիստ վաճառվում են, դրանք կարելի է շատ տեղերում հանդիպել և միանգամից տարբերակել մեր շուկայի համար անսովոր սև գույնի արկղերով: Եվ երկրորդ՝ առավոտյան շրջայցի ժամանակ նրանք որևէ պետական մարմնի ներկայացուցչի չեն հանդիպել, թեև այս խնդիրը մի քանի օր է թմբկահարվում է, համացանցում բուռն քննարկվում, իսկ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) երեկ վերջապես քնից արթնացավ ու հանդես եկավ ոչինչ չասող հայտարարությամբ:

Դիմելով պատկան մարմիններին Պիպոյանը, որն իր հերթին գնեց ՍԱՊԾ կողմից իբրև թե «ոչնչացված» ադրբեջանական խնձորներ, հայտարարեց.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական խնձորները արդեն իսկ նմուշառվել են, և եթե պատկան մարմինները փորձաքննության չենթարկեն այդ խնձորները՝ պարզելու՝ դրանք ադրբեջանական են, թե ոչ, ուրեմն պետական մակարդակով տեղի է ունենում հանցագործություն»,- հայտարարեց սննդի անվտանգության փորձագետը:

Պիպոյանի խոսքով՝ պատկան մարմիններն այս օրերին ապացուցեցին, որ սպառողի առողջությունը իրենց բնավ չի հետաքրքրում և այս իրավիճակում մնում է միայն քաղաքացիների զգոնությանն ու ուշադրությանն ապավինել, քանի որ հայտնի չէ, թե ինչ նպատակով են Հայաստան ներկրվել այդ խնձորները, ում կողմից և ինչ ռիսկեր կարող են պարունակել:

Ինչ վերաբերում է ՍԱՊԾ երեկվա հայտարարությանը, ապա դրանում մասնավորապես ասված է.

«Սոցիալական ցանցում տեղ գտած՝ մայրաքաղաքի բակային խանութներից մեկում ադրբեջանական արտադրության խնձորի վաճառքի վերաբերյալ առաջին տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո՝ ապրիլի 23-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել՝ պարզելու համար՝ արդյո՞ք ադրբեջանական ծագման խնձոր է իրացվում հայկական շուկայում եւ արդյո՞ք միայն վաճառքի նշված կետում:

Շրջայցերը շարունակվել են երեկ եւ այսօր: Արդյունքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Երեւան քաղաքի եւ մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում (մասնավորապես՝ մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Լենինգրադյան եւ Հասրաթյան փողոցների խաչմերուկին հարող տարածքի պտուղ բանջարեղենի իրացման կետերում, Խորենացի փողոցի «Հայկական շուկա N1» գյուղատնտեսական արտադրանքի շուկայում եւ այլն) արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր: ՍԱՊԾ տեսուչները տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը եւ հանձնարարել ոչնչացնել դրանք:

ՍԱՊԾ-ն այս տեղեկատվությունը՝ կից լուսանկարներով, փոխանցել է նաեւ պատկան այլ մարմինների՝ հետագծելիության սկզբունքով ներկրողին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ տանելու նպատակով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծառայության սահմանային հսկիչ կետերով ադրբեջանական ծագման որեւէ բեռ, այդ թվում եւ՝ խնձոր, չի ներկրվել Հայաստան:

Ծառայության կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության արդյունքներով՝ ապրիլի 1-ից 25-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն խնձոր ներկրվել է Լեհաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից եւ Իտալիայից: Ադրբեջանական ծագման խնձոր նշված բեռներում չի եղել. բոլոր դեպքերում ապրանքն ուղեկցվել է համապատասխան փաստաթղթերով, ինչի հիման վրա էլ թույլատրվել է խմբաքանակների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:

Հաշվի առնելով, որ նշված խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցել եւ Ծառայությունը չի կարող երաշխավորել դրանց անվտանգությունը՝ սպառողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանք ձեռքբերելուց եւ նման դեպքեր արձանագրելու դեպքում տեղեկացնել՝ զանգահարելով ՍԱՊԾ թեժ գծին 010 206040 հեռախոսահամարով»:

Դավիթ Պիպոյանը, սակայն, իր շրջայցով ապացուցեց, որ ադրբեջանական խնձորները դեռ վաճառվում են, հատկապես շուկաներում վաճառողներին չի զգուշացվել դրանք իրացումից հանելու մասին: Իսկ դա շատ ռիսկային է, քանի որ, կրկնվենք, հայտնի չէ, թե ինչ եղանակով, ում կողմից և ինչ նպատակով են դրանք ներկրվել Հայաստան և բացի այդ, ոչ բոլոր քաղաքացիներն են, որոնց հասու է համացանցով կամ էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունը, ուստի պատկան մարմինների համար սա պետք է դառնա հրատապ լուծման հարց և ոչ թե մեկ հայտարարությամ սահմանափակվեն:

Լիա Խոջոյան


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17448