Ոչինչ չի փոխվել. Վրաստանը չի ճանաչի Հայոց Ցեղասպանությունը

VERELQ-ն արդեն տեղեկացրել է, որ Վրաստանում գործող հայկական պետական և հասարակական մի շարք կազմակերպություններ դիմել են երկրի բարձրագույն իշխանությանը պահանջով, որպեսզի Վրաստանում սկսվի 1915-1923թ. հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման պաշտոնական քննարկումը:


Վրաստանի խորհրդարանին, նախագահին և վարչապետին ուղղված հայտարարության մեջ հիշեցվում է, որ 1915-1923թթ.ին կատարված հանցագործության արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 մլն իր որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի մեծ մասը գրավվեց հայ ժողովրդի կոտորածն իրականացնող Թուրքական պետության կողմից: Նշվում է, որ 1915-23թթ. Թուրքիայի կողմից կատարված հանցագործությունը գնահատվում է որպես Ցեղասպանություն` հանցագործություն մարդկության դեմ:

«Մենք՝ Վրաստանում գործող հայկական պետական եւ հասարակական ներքոստորագրյալ կազմակերպություններս, հանուն արդարության եւ ժողովրդավարական արժեքների, կոչ ենք անում Ձեզ` միանալ համաշխարհային քաղաքակիրթ հանրությանը, հարգել Վրաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը եւ Վրաստանի Խորհրդարանում նախաձեռնել Օսմանյան Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչաման հարցի քննարկումը»,- նշված է դիմումի տեքստում:

VERELQ-ի հետ զրույցում «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը նշեց, որ այս հերթական դիմումը կրում է ավելի շատ սիմվոլիկ բնույթ, քան իր մեջ ակնկալիք ունի, թե իրավիճակ կփոխվի: Քանի որ, վստահություն հայտնեց նա, այդ նախաձեռնության տակ ստորագրած կազմակերպությունների ղեկավարներն էլ շատ լավ հասկանում են, որ Վրաստանի դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ անփոփոխ է մնացել: Եվ ոչ թե այն պատճառով, թե ցեղասպանության փաստը բացառվում է կամ արժանահավատ չէ, այլ քանի որ այդպիսին է աշխարհաքաղաքական զարգացումների ներկայիս պահանջը.

«Հայոց Ցեղասպանության ճանաչում Վրաստանի քաղաքական օրակարգում այսօր չկա: Վրաստանում օր օրի ավելանում է Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցությունը հայտնի պատճառներով, այնպես որ լրիվ տրամաբանական է, որ այդ հարցը դուրս է օրակարգից: Այս երկրները կարող են Վրաստանին տալ այն, ինչ նրան անհրաժեշտ է, իսկ Հայաստանը, ցավոք, չի կարող: Հետևաբար Վրաստանն առաջին հերթին ելնում է իր շահերից, հետո նոր հաշվի նստում նրա հետ, թե ինչ են ուզում հարևանները: Մինչդեռ ես միշտ ասել և հիմա էլ կրկնում եմ՝ Հայաստանի և Վրաստանի համագործակցության ներուժն իրականում ավելին է, քան այսօր կա, բայց ոչինչ չի արվում այդ բացը լրացնելու ու հայ-վրացական հարաբերություններն ավելի խորացնելու-ամրապնդելու ուղղությամբ»,- նշեց նա:

Վրաց քաղաքական գործչի կարծիքով, սպասել, թե Վրաստանը առաջիկայում կճանաչի Հայոց Ցեղասպանությունը պետք չէ, քանի որ դա տեղի կունենա, իր համոզմամբ, միայն այն ժամանակ, երբ հենց Թուրքիան ճանաչի: Բայց սա չի նշանակում, թե Հայաստանը պետք է ձեռքները ծալած նստի ու ոչինչ չանի.

«Հայաստանի ազգային անվտանգության կոնցեպտում Վրաստանը դիտարկվում է իբրև ռազմավարական գործընկեր: Եվ դա ոչ միայն քաղաքականությանն է վերաբերում, այլև տնտեսությանը: Օրինակ, Վրաստանում օտարերկրյա ու այդ թվում նաև հայ ներդրողների համար բավական լավ կլիմա է ձևավորվել, բայց որևէ առաջընթաց այս առումով չկա: Այնպես որ, հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները սպասել, թե այս նախաձեռնությունը այս անգամ իր նպատակին կծառայի անիմաստ է»,- հավելեց մեր զրուցակիցը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17041