Կրքեր ԱԺ նախագահության շուրջ. Ի՞նչը կհաղթի՝ ներդրումները, շատ ձայն բերելը, թե՞ այլ

Նոր Ազգային Ժողովը իր առաջին նիստը կգումարի ընտրությունների արդյունքները հրապարակելուց երրորդ հինգշաբթի օրը՝ ապրիլի 27-ին: Մինչ այդ մամուլը փորձում է ուրվագծել ապագա խորհրդարանի ղեկավար կազմն ու այն անձանց, ովքեր որևէ կարևոր դերակատարում դրանում կունենան:

Ըստ մամուլի ՝ Հանրապետականում դեռ տեղյակ չեն, թե ով է զբաղեցնելու ԱԺ նախագահի պաշտոնը, թեև հասկանալի է, որ ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի համար պարտիան իր բոլոր զարգացումներով վաղուց հայտնի է: Պարզապես անունները դեռ չեն հրապարակվում ՝ հին հայկական ավանդույթի համաձայն: Շրջանառվող անուններից են «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի անունը, ով այս ընտրություններում ՀՀԿ-ին 44 հազար ձայն է բերել և համոզիչ հաղթանակ տարել Տաշիրում որպես ռեյտինգային թեկնածու:

Հարկ է նշել, որ Կարեն Կարապետյանի անունը տարիներ շարունակ շրջանառվում է իբրև ՀՀ ամենաբարձր պաշտոնների հիմնական թեկնածուի, այդ թվում և ՀՀ վարչապետի: Դեռ 2014-ին, երբ նա կոշտ քննադատությամբ հանդես եկավ այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության հասցեին, անմիջապես շրջանառության մեջ դրվեց այն վարկածը, թե այս ամենն արվում է քաղաքական դաշտը նախապատրաստելու այն պայմանավորվածության իրագործմանը, որը եղել է դեռ տարիներ առաջ Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի միջև: Այն է՝ Սամվել Կարապետյանը միլիոնավոր դոլարներ է ներդրում Հայաստանի տնտեսության մեջ, իսկ դրա դիմաց Կարեն Կարապետյանին Սերժ Սարգսյանը նշանակում է վարչապետ: Անցած տարի կառավարությունը փոխվեց, վարչապետ դարձավ Կարեն Կարապետյանը, բայց ոչ այն մեկը, ում շուրջ, ըստ մամուլի, եղել էր պայմանավորվածությունը: Եվ ահա հիմա շատերը սպասում են, որ Ռուսաստանի ամենահարուստ անձանցից մեկի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, բոլոր շանսերը ունի դառնալու ԱԺ նախագահ և կդառնա:

Այլ անուններ ևս հնչում են՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան, ինչը քիչ հավանական են համարում հենց ՀՀԿ-ականները, քանզի այս դեպքում ավագ և երիտասարդ Հանրապետականների բախումը անկառավարելի կդառնա, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, թեև վերջինս այնքան շատ նախընտրական շրջանում հայտարարեց, որ ուզում է շարունակել իր գործունեությունը նախարարի պաշտոնում, որ կարելի է ենթադրել այդպիսով նախապատրաստեց՝ ակնարկելով առկա պայմանավորվածությունը: Բայց իրականությունը, կրկնվենք, հայտնի կդառնա միայն ապրիլի 27-ին:

Ոչ պակաս հետաքրքիր է, թե ովքեր կլինեն ԱԺ նախագահի տեղակալները, որոնք ըստ նոր օրենսդրության արդեն երեքն են, մեկը՝ պարտադիր ընդդիմությունից: Ի դեպ, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի սա միակ պարտադիր նորմն է, որ վերաբերում է այս պաշտոններին, թեև մամուլն այսօր սխալմամբ գրել էր, որ երեք փոխխոսնակներից մեկը պարտադիր կին պետք է լինի: Այս կապակցությամբ հստակ ասում է. «Ազգային ժողովի նախագահն ունի երեք տեղակալ: Ազգային ժողովի կազմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի մեկական թեկնածու առաջադրելու իրավունքունեն խմբակցությունները: Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի թեկնածուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից»: Այլ կերպ ասած, միայն խմբակցությունն է որոշելու, թե ով է արժանի զբաղեցնել ԱԺ փոխնախագահի պաշտոնը՝ անկախ նրանից կին կլինի, թե տղամարդ: Բայց և ակնհայտ է, որ այս հրապարակումից հետո ՀՀԿ կանանց շարքերում դարձյալ կռիվ կընկնի, թե ով է ավելի արժանի այդ պաշտոնի համար:

Այս պահի դրությամբ ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար միայն մեկ անուն է շրջանառվում՝ «Ծառուկյան» դաշինքի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Իշխան Զաքարյան: Վերջինս, հիշեցնենք, 2007 թվականի հունիսի 7-ին ընտրվել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, սակայն արդեն տարեվերջին Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել էր Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում, որն էլ զբաղեցնում էր մինչ այս նախընտրական շրջանը:

Հիշեցնենք, որ նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր՝ 101-ն ընտրված, 4-ը ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ:

Լիա Խոջոյան


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16722