Մամուլ. Ամենաթանկ ընտրությունները՝ 3 միլիոն ընտրողի հաշվարկով ընտրակաշառք է բաժանվել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Այս ընտրություններում սյուրպրիզներ գրանցվեցին ռեյտինգային թեկնածուների մասով: Փորձենք, հղում անելով մեր տեղեկություններին, ներկայացնել այն, ինչ մեզ հայտնի է: «ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Վարդան Այվազյանը, ձայների հաշվարկի ժամանակ տեսնելով, որ պարտվում է, գիշերով հաշվի է կանչել «Ծառուկյան» դաշինքի Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու Դավիթ Մանուկյանին՝ Անդրանիկ Մանուկյանի որդուն, եւ նույն ընտրատարածքի ՀՀԿ-ական թեկնածու Ֆլեշի Բարսեղի փեսա Սամվել Սանամյանին: Ի մասնավորի՝ Այվազյանն ասել է. «Դուք փող եք բաժանել, ու սա ձեր իրական հաղթանակը չի»: Դավիթ Մանուկյանն ու Սանամյանն էլ հակադարձել են՝ դու էլ փող ունեիր ու կարող էիր բաժանել: Ի պատասխան՝ Վարդան Այվազյանն ասել է. «Ես էս իշխանություններին ու էս ժողովրդին չեմ հավատում ու չեմ վստահում, ինչի՞ բաժանեմ»: Այս տարածքում նա հայտնվել է 4-րդ հորիզոնականում, ինչով պայմանավորված, հնարավոր է ներկայացված չլինի ապագա ԱԺ-ում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրություններն անցյալում են, իսկ ՀՀԿ-ի թիմում «բազառները» նոր են սկսվում: Ընտրատեղամասերում քվեների հաշվարկից հետո որոշ ռեյտինգային թեկնածուներ ցայտնոտի մեջ են հայտնվել՝ հայտնաբերելով, թե ինչպես են «քցվել»: Այս տարի ընտրողները խորամանկ են դարձել ու չեն մերժել ոչ մեկին, որոնք ընտրակաշառք են բաժանել, դրանով իսկ գլխացավանք են ստեղծել թեկնածուների «ձայն բերողների» համար, որոնք այս օրերին զբաղված են ապացուցելով, որ իրենք գումարը տեղ են հասցրել, պարզապես ընտրողն է խաբել: Ի դեպ, ԱԱԾ-ի՝ բոլոր կուսակցություններից ստացված տվյալների հանրագումարով, այս ընտրություններում գրեթե 3 միլիոն ընտրողի հաշվարկով ընտրակաշառք է բաժանվել։ Սա «ամենաթանկ» ընտրությունն է եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ելք» դաշինքը դիտարկում է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։ ԱԺ ընտրություններում հաջողությունը ստիպում է, որ դաշինքի երեք կուսակցությունները Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեն։ «Ելք» կուսակցությունների դաշինքի անցնող պատգամավորների եռյակից միայն Նիկոլ Փաշինյանն ունի Երեւան քաղաքի գրանցում, որը պարտադիր է քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար։ Չի բացառվում, որ հենց Նիկոլ Փաշինյանը լինի քաղաքապետի՝ «Ելքի» թեկնածուն։ Գրանցման վերջնաժամկետը լրանում է այս շաբաթվա վերջում»։


«Իրատես» թերթը գրում է. «Մինչ ընտրություններում պարտված ուժերը որոշում են իրենց անելիքը, այն է` մասնակցե՞լ հետընտրական զարգացումներին, թե՞ ոչ, հաղթող ուժն արդեն ապագայի ծրագրեր է մշակում։ Հաշվի առնելով ստացած տոկոսները, ՀՀԿ-ն, պարզվում է, մեծ աջակցության կարիք չունի եւ կբավարարվի նախկինում ունեցած համագործակցությամբ։ ՀՀԿ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ, այս կուսակցությունում սկսել են քննարկել, որ ավելի ճիշտ է խորհրդարանում կրկին կոալիցիա ձեւավորել «հին ընկերների»՝ ՀՅԴ-ի հետ, այսինքն, փակել համագործակցության ճանապարհը «Ծառուկյան» դաշինքի, նույնն է թե` ԲՀԿ-ի հետ։ Հանրապետական մեր զրուցակիցը պնդեց, որ, այսպես թե այնպես, նրանք չեն ունենալու լրացուցիչ ուժերի կարիք, այնպես որ, առանց նրանց էլ «յոլա» կգնան։ Սակայն, նույն աղբյուրի պնդմամբ, դեռ վաղ է ենթադրություններ անելը, քանի որ, հնարավոր է, Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ այլ պայմանավորվածություն կա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Սամվել Բաբայանի առնչությամբ ՀՀԿ-ականներին հրահանգված է որեւէ ավելորդ արտահայտություն թույլ չտալ եւ հղում անել բացառապես իրավապահ մարմիններին, «չնայած ապացուցողական բազա կա»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամ մեր զրուցակիցը: «Բոլոր դեպքերում, Սամվելը եղել է Ղարաբաղի պաշտպանության նախարար, պատերազմով է անցել, գեներալ-լեյտենանտ է, Արցախի հերոս, հանրությունն էլ ճիշտ չի հասկանա. պետք է տեղ թողնել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հետընտրական զարգացումների համար հանրային դժգոհությունը բավարար չէ։ Առաջիկայում Սամվել Բաբայանի՝ «Իգլայի» գործողության մասին իմանալով չհայտնելու, ինչպես նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածում աղմկահարույց չարաշահումների շուրջ Սեյրան Օհանյանը հնարավոր է հրավիրվի ԱԱԾ՝ հարցաքննության։ Ըստ տեղեկությունների՝ Սեյրան Օհանյանին ցանկացել են մինչեւ ընտրությունները կանչել հարցաքննության, բայց նրան զոհ չդարձնելու համար որոշել էին հետաձգել գործընթացը։ Ու քանի որ հանրային անընդհատ գործողությունները բացառվում են այլեւս, որոշում է կայացվել՝ չափել Սեյրան Օհանյանի վախը»:


«168 ժամ» թերթը գրում է. «Կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններն անցան, ըստ էության, սպասելիի եւ կանխատեսելիի շրջանակներում։ Ընտրությունների ընթացքում կիրառվեցին ընտրախախտումների գրեթե բոլոր ավանդական եղանակները՝ ընտրակաշառքներ, ընտրողների զանգվածային տեղափոխում, ճնշումներ, վախի մթնոլորտ։ Սակայն այդ եւ բազմաթիվ այլ ընտրակեղծիքները մեծ մասամբ կատարվեցին ընտրատեղամասերից դուրս, բուն ընտրական տեղամասերում ընտրությունների արդյունքների վրա ազդող կեղծիքներ տեղի չունեցան։ Այս իմաստով ընտրությունները եւ նոր ձեւավորված խորհրդարանն ըստ էության դարձան «տեխնիկապես լեգիտիմ»։ Ի վերջո, հանրությունն ընտրեց այն խորհրդարանը, որն ընտրեց, եւ որում ներկայացված են լինելու ՀՀԿ-ն, «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքներն ու ՀՅԴ-ն։ Այս ուժերից կազմված խորհրդարանն է առաջիկա հինգ տարիներին որոշումներ կայացնելու երկրի ու հասարակության համար կենսական հարցերի վերաբերյալ»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում երեկ տեղի ունեցավ բեկումնային ընտրական միջոցառում: Այս ընտրություններն առաջին հերթին բեկումնային էին, որովհետեւ պետությունն անցավ խորհրդարանական կառավարման համակարգի: Սակայն խոսքը դրա մասին չէ: 1991 թվականի նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ ընտրությունների արդյունքները ճանաչեցին մասնակից բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը: 1996 թվականից սկսած բոլոր ընտրություններից հետո ընդդիմությունը չի ճանաչել արդյունքները, հայտարարել է համատարած կեղծիքների մասին, հետընտրական պրոցեսներ է սկսել, որոնք երբեք որեւէ արդյունքի չեն հասել: Հետագա 5 տարիների ընթացքում կեղծված ընտրությունների եւ ոչ լեգիտիմ իշխանության թեման գոյության միակ իմաստ եւ աշխատանքի դաշտ է ապահովել ընդդիմադիր համարվող կուսակցությունների համար. եւ ընդամենը:


Այս անգամ այդ փակ շղթան ճեղքվել է: Ընտրություններին մասնակցած, անցողիկ շեմը հաղթահարած եւ չհաղթահարած կուսակցությունները, տեղական դիտորդները, միջազգային դիտորդները, սփյուռքից ժամանած դիտորդները, բոլորը ընդունում են, որ ընտրությունների արդյունքները ձեւավորվել են քվեատուփերում ընտրողի ձեռքով հայտնված քվեաթերթիկներով: Այլ բան, որ նրանք վերապահում ունեն, թե ընտրողն ինչ գնով է կատարել իր ընտրությունը: Սա արդեն ուրիշ խոսակցություն է, որը նոր փուլ է բացում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Բայց որպեսզի այդ խոսակցությունը մեկնարկեր, հարկավոր էր նախ դուրս գալ 21-ամյա շրջափուլից, որտեղ ամեն նոր ընտրությունից հետո կրկնվում էր հին սցենարը: Բացառությամբ իհարկե 2008-ի նախագահական ընտրությունների, որն այս իմաստով անցումային նշանակություն ունեցավ: Առայժմ ընտրողների ոչ մեծ, բայց վաղուց արդեն հասունացած մասը մերժել է կեղծ, թույլ, մասնատված եւ իրեն մանիպուլյացիաների ենթարկող ընդդիմությանը: Այն փաստը, որ ընդդիմադիր ուժերից խորհրդարան է անցել միայն «Ելք» դաշինքը, սրա վկայությունն է: Սա նաեւ ապացույցն է նրա, որ այս դաշինքի մեջ գտնվող ուժերի թեզը` մեկ, ինստիտուցիոնալ եւ հզոր ընդդիմության մասին, աջակցություն է գտել հասարակության մեջ»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16661