Ոչ միայն տուրիստ, այլև մասնակից. Սփյուռքը դիտարկում է ՀՀ ընտրությունները

Սփյուռքի հայտնի հայերից՝ երաժիշտ, աշխարհահռչակ «System Of a Down» խմբի կատարող Սերժ Թանկյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը և ռեժիսոր Էրիկ Նազարյանը հայկական համայնքներից Հայաստան ժամանած 250 հայերի հետ  մասնակցելու են ապրիլի 2-ի կայանալիք խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ։


«Ընտրություններին մասնակցելու քայլը կարևորություն ստացավ «Սասնա ծռեր»-ի դեպքից հետո։ Հայաստանում տեղի ունեցող անարդարությունների դեմ պայքարի մի ձև ենք համարում Հայաստանի ընտրություններին որպես դիտորդ մասնակցելը։ Տարիների անարդարությունը, որը Հայաստանն ունեցել է և անտարբերությունը, որը հանրության կողմից է զգացվում պիտի դադարեցվի», - Երեւանում մարտի 31-ին կայացած ասուլիսին հայտարարեց ԱԺ ընտրություններին որպես «Քաղաքացի դիտորդ» մասնակցելու նախաձեռնությանը Սերժ Թանկյանը։



Նա մեծ պատիվ համարեց ՀՀ ԱԺ ընտրություններին որպես դիտորդ մասնակցելը։ «Մեր ներկայությունը կարևոր չէ, կարևորը բոլորի ներկայությունն է։ Ընտրություններին մասնակցելու քայլը սկսվեց ստորագրահավաքից հետո, երբ մի խումբ արտիստներով միահամուռ հավաքվեցինք և որոշեցինք, որ պետք է այս քայլն անել և մասնակցել Հայաստանի ընտրություններին։ Որպես «Արդարություն Հայաստանում» նախագծի գլխավոր անդամներից մեկը՝ համարում եմ, որ սա կարող է Սփյուռքի ամենափոքր մասնակցությունը լինել Հայաստանի ներքաղաքական վիճակին», - ասաց նա։


Հայտնի ռոք երաժիշտը նշեց, որ իրենք վախենում են, թե ինչ կկատարվի Հայաստանում: «Մենք աջակցում ենք Հայաստանում արդարադատության կայացմանը: Հայաստանում եղած անարդարությունների դեմ է ուղղված մեր նախաձեռնությունը», - ասաց նա՝ հավելելով, որ որպես «Արդարություն Հայաստան» նախաձեռնության անդամ՝ համարում է, որ սա ամենափոքր քայլը կլինի երկրում անարդարությունների վերացման գործում:


«Մենք այս պայքարում շահ չունենք, մենք անկուսակցական ենք: Բոլորը մեղադրում են մեկը մյուսին, թե արևմտամետ են, արևելամետ, ռուսամետ, բայց մենք թքած ունենք դրա վրա: Մեզ համար կարևորը հայ ժողովուրդն է»,- ասաց նա՝ հավելելով, որ խորհրդարանական ընտրություններին իրենք որևէ կուսակցության չեն աջակցում: Նաև նշեց, որ իրենց համար կարևորը դիտորդ լինելը չէ, այլ իրենց գործն է ժողովրդին ներշնչելը, որ գնան և ընտրեն»,- ասաց նա: «Ում էլ ընտրեք, մենք կանգնելու ենք Ձեր թիկունքին»,- ասաց նա:


Ասուլիսին մասնակից Ատոմ Էգոյանը նախ խստովանեց, որ շատ է սիրում Հայաստանը եւ կոչ արեց մարդկանց ձերբազատվել բռնակալությունից: «Ժողովրդավարությունը մկանի պես է և պետք է մարզվի, որ ուժեղանա։ Մենք չենք կարող այս սխալն անել և հավատալ, որ մեկ կուսակցական համակարգով հնարավոր է առաջ քայլել։ Առանց մեր ներքին ձայնի և հոգևոր շնչի, չենք կարող հավատալ, որ այդպես կարելի է առաջ գնալ։ Եվ այս ամենի ապացույցն է, որ Հայաստանը լքում են շատերը՝ ստեղծված անարդար իրավիճակի արդյունքում», - ասաց նա։


«Մենք բռնակալությունը պետք է թողենք, այն ամբողջ բռնակալությունը, որ մեր մեջ կա, պետք է ձերբազատվենք դրանից։ Որոշումը, որ կիրակի օրը ընտրության չպետք է մասնակցենք, կարելի է համարել բռնակալություն, դա կոչվում է ինքնաբռնակալություն։ Դա նշանակում է, որ մենք չունենք մեր ձայնը»,- ընդգծեց նա։



Նա ենթադրեց, որ ընտրությունները խախտվելու են, «մենք արդեն տեսել ենք փաստեր, որ ձայներ են գողացվել ընտրական տեղամասերում՝ ընտրական կոռուպցիայի արդյունքում»։ Էգոյանի խոսքով, իրենք այստեղ են ապագայի համար: «Մենք չենք եկել, որպեսզի կիրակի օրվա ձայները պահենք, մենք այստեղ ենք ապագայի համար։ Մենք այստեղ ենք այն բանի համար, որ հրաշալի երիտասարդ ղեկավար անձինք կարողանան Հայաստանի ժողովրդավար դարձնել», - ասաց նա։


«Պետք է զարգացնենք մեր ժողովրդավար մկանը մեր հնագույն և հրաշագեղ ոսկորի շուրջ։ Մենք չպետք է զոհ դառնանք բռնակալության, ինքնաբռնակալության և անտարբերության», - ասաց Ատոմ Էգոյանը։


Արսինե Խանջյանը խոսեց ընտրություններին մարդկանց մասնակցության կարեւորության մասին, եւ հատուկ ընդգծեց, որ ամեն ինչ որոշում է քաղաքացու քվեն: «Եթե ընտրություններում ձեր ձայնը իմաստ չունենար ու կարևոր չլիներ, ընտրակաշառք չէր բաժանվի: Եթե այսօր կաշառք կա, ուրեմն ձայներն իմաստ ունեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: Նա մարդկանց կոչ արեց՝ նույնիսկ եթե ստիպված պետք է լինեն չարյաց փոքրագույնին ընտրել, պետք է անպայման մասնակցել ընտրություններին: «Ձեր չմասնակցությունը պետք է օգտագործվի իբրև խախտում: Խախտումներն արդեն սկսվել են, շաբաթներ առաջ են խախտումներն սկսվել», ասաց նա:



Նրա խոսքով, սոցիալական մեդիայում շատ դյուրին է բարկանալը, ձայն բարձրացնելը: «Բայց ճիշտ է, երբ փողոց իջնեք, մեկ-երկու-տասը օր, տասներորդ օրը բռնություն կիրառվի, այնտեղ է, որ ձեր համառ կամքը պետք է երևա», -ասաց նա ու խնդրեց իր խոսքերը չհասկանալ որպես կոչ դուրս գալ փողոց կամ կրքեր բորբոքել: «Ես այս պահին բացարձակ չեմ քաջալերում, որ անպայման փողոց իջնեք: Կարծում եմ, 25 տարվա ընթացքում շատ փողոց իջանք: Կարողանալը փողոց իջնելը չէ»,-ասաց նա:


Խանջյանն ասաց, որ իրենք որևէ քաղաքական ուժի չեն աջակցում: Անդրադառնալով հայտարարություններին, թե իրենք Հայաստան են եկել օտար ուժերի հրավերով, Խանջյանն ասաց, որ նման խոսակցությունները ժամանկի կորուստ են: «Կարող եմ ասել, որ կուսակցությունների գործը չէ որոշել, թե ով է հայն այսօր: Մեր հայությունը զգացական, մտավորական, լեզվի պատկանելության հարց է: Այսօր Սփյուռքն ու Հայաստանը մեկն են»,-ասաց նա, լրագրողներին հորդորելով ժամանակ չկորցնել նման խոսակցությունների վրա, քանի որ փաստեր չեն գտնելու:


Նա նշեց, որ ավանդական կուսակցությունների՝ Սփյուռքում գործող կառույցներն էլ նման լուրեր են տարածել, արգելել են նաև Սփյուռքի անդամներին մասնակից լինելու դիտորդական առաքելությանը:


Ռեժիսոր Էրիկ Նազարյանը, որ ծնվել է Հայաստանում, սակայն չորս տարեկանից ապրում է ԱՄՆ-ում, հաճախ եկել հայրենիք, նշեց. «Գնալով ինձ աքսորված եմ զգում՝ որպես սփյուռքահայ։ Չնայած պետք է հակառակ զգացումը լիներ։ Տարիների ընթացքում շատ էի տեսնում ապատիա, 25 տարի է՝ վատ լուրը՝ վատ լուրի վրա։ Մենք ուզում ենք հասկանալ, թե այս ընտրության պրոցեսն ինչպես է կատարվում, մեխանիզմը ոնց է, ինչ թերություններ կան, ինչ հնարավորություններ կան»։



Նա նաեւ խոսեց հասարակական ապատիայի վտանգավորության մասին: «Ինձ համար մարդկանց մտածելակերպը խորթ էր դառնում, այստեղ ապատիա կար, և ես հասկացա, որ պետք է ինքս ինչ-որ քայլ անեմ, որ վերջ դնենք այս ամենին: Ընտրությունը ցավոտ թեմա է` քո իրավունքը չպետք է ծախես, իսկ քվեն քո իրավունքն է: Հաճախ ասում են` Սփյուռքը չպետք է խառնվի Հայաստանի գործերին, բայց դա ճիշտ չէ. չեմ ուզում ինձ այստեղ միայն տուրիստ զգալ: Ի դեպ, Այվազովսկին Արարատը չէր տեսել, երբ նկարեց այն»,- ասաց Նազարյանը:


Նա կոչ արեց անպայման մասնակցել ընտրություններին, քանի որ «եթե մենք չքվեարկենք, մեր փոխարեն կքվեարկեն»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16538