Կոռուպցիոն սկանդալ. Իտալացի պատգամավորը մի քանի միլիոն եվրո է ստացել Ադրբեջանից

Եվրոպայի խորհուրդը ցնցել է կոռուպցիոն սկանդալ՝ իտալացի պատգամավորը մի քանի միլիոն եվրո է ստացել Ադրբեջանից, գրում է Tagesspiegel–ը։


«Եվրոպայի խորհրդի գոյության պատմության մեջ ամենախոշոր սկանդալը ջրի երես դուրս չէր գա, եթե միլանյան բանկերից մեկը ուշադրություն չդարձներ կասկածելի փոխանցումներին։ Ֆինանսական գործարքները, որոնցում վեցնիշ գումարներ են նշված, իրականացվել են Բալթյան երկրների ու Մարշալովյան կղզիների բանկերի միջոցով։ Միլանի դատախազությունը հետաքննություն է սկսել։ Այն, ինչ հաջողվել է պարզել քննիչներին, պայթած ռումբի ազդեցություն է թողել։ Ֆիրման, որի համար նախատեսված էին այդ գումարները, պաշտոնապես պատկանում էր ԵԽ-ի իտալացի պատգամավորի կնոջը։ 2012-2014 թթ Լուկա Վոլոնտեն ընդամենը 2․39 մլն եվրո է ստացել Ադրբեջանից։ Ապրիլին Վոլոնտեն կկանգնի դատարանի առաջ գումարները լվանալու մեղադրանքով», - գրում է Կլաուդիա ֆոն Զալցենը։


Լրագրողը նշում է, որ Ադրբեջանը վերջին տարիներին առավելագույն ջանքեր է գործադրել, որպեսզի խուսափի ԵԽ պաշտոնական բացասական որոշումից՝ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին։ «Ադրբեջանցի խորհրդարանականները ըստ երևույթին փոքրիկ հաղթանակ են տոնել, երբ 2013-ի հունվարին քվեարկության ժամանակ անսպասելիորեն ձախողվեց Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին գերմանացի Քրիստոֆեր Շտրեսսերի զեկույցը։


Վերջին մի քանի տարիներին ավել ի շատ փաստեր են վկայում այն մասին, որ իրավիճակի նման զարգացման մեջ դեր է կատարել այդ թվում «խավիարային դիվանագիտությունը»։ Սակայն Վոլոնեի գործում խոսքը խավիարի ու շքեղ գորգերի մասին չէ միայն։ Նախկին խորհրդարանականը խոտովանել է, որ ստացել է այդ գումարը, սակայն նա հերքում է դրա կապը ԵԽ-ում իր գործունեության հետ։ Նրա խոսքով այդ գումարը ոչ այլ ինչ է, քան պարգեւատրություն այն խորհրդատվության համար, որն ինքը տրամադրել է ադրբեջանցի պատգամավոր Էլհան Սուլեյմանովին»։


Ըստ պարբերականի՝ Լուկա Վոլոնտեի համար ամեն ինչ սկսվել է 2011-ին Ադրբեջան կատարած այցից հետո։ Սուլեյմանովի հետ հանդիպելուց հետո երկու պատգամավորները կապ էին պահպանում ,ու շուտով Վոլոնտեն առաջարկել է Ադրբեջանի միջազգային հեղինակության բարելավման հայեցակարգ։ Երբ 2012-ի մայիսին Եվրոպական կայունության նախաձեռնություն կազմակերպությունն առաջին անգամ խոսեց խավիարային դիվանագիտության մասին, Վոլոնտեն հայտնեց, որ «կոռուպցիոն բաղադրիչի ապացույցներ» չկան։


2012-ի դեկտեմբերին Շտրեսսերի զեկույցի մասին քվեարկությունից առաջ Վոլոնտեն ադրբեջանցի լոբբիստ Մուսլում Մամմադովին հասցեագրված նամակում մանրակրկիտ բացատրում է, թե որ «բարեկամները» պետ ք է ելույթ ունենան բանավեճի ժամանակ։ Վոլոնտեն, շարունակում է հոդվածագիրը, դիմել է իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտին, որը հիմա ԽԽՎ նախագահն է, ու նշել, թե ինչպես է պետք քննադատել քաղբանտարկյալների մասին զեկույցը։ Դեկտեմբերին Վոլոնտեն ստանում է իր առաջին դրամական փոխանցումը։


«Շտրեսսերի զեկույցի տապալումից հետո Վոլոնտեն սկսել է մտահոգվել, որ շահավետ բարեկամությունը դրանով կավարտվի։ Շուտով նա հենց ինքն է հանդես գալիս քաղբանտարկյալների մասին նոր բանաձեւի նախաձեռնությամբ։ Բայց մեկ օր անց նա հետ է կանչում իր իսկ հարցումը․


«Քո յուրաքանչյուր ցանկությունն ինձ համար օրենք է»,- գրում է նա Մամադովին։ Մնացած մանրամասները,ամենայն հավանականությամբ, քննարկվել են Սուլեյմանովի ու ռուս պատգամավոր Ալեքսեյ Պուշկովի Բաքվում կայացած հանդիպման ժամանակ»,- հայտնում է Tagesspiegel–ը։


ԵԽ գերմանական պատվիրակության փոխնախագահ Ֆրանկ Շվաբեն մտավախություններ ունի, որ այս սկանդալը ավելի մեծ ծավալներ ունի։ Կան կասկածներ, որ դրանք զուտ Լուկա Վոլոնտեի մասնակցությամվ չեն սահմանափակվում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16327