Ծառուկյան. Այս անգամ կոալիցիա կազմելու հարց չի լինելու՝ հաղթելու ենք

Ես չեմ ասել իշխանության հետ կոալիցիա կկազմենք, ասել եմ՝ եթե 50+1 ձայն չստանանք, ապա որոշողը ես եմ, թե ում հետ կոալիցիա կկազմենք: Բայց մենք նման խնդիր չունենք, այս անգամ կոալիցիա կազմելու հարց չի լինելու՝ հաղթելու ենք: Այս մասին Արարատում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:


Նա նշեց, որ որոշ ուժեր փրփուրներից են կախվում, ընկել են ցայտնոտի մեջ, միայն թե խորհրդարան անցնեն, անգամ իրեն մեղադրում պոպուլիզմով զբաղվելու մեջ, բայց իրենք իրենց գործն են առաջ տանում, կարող են իրենց 15 կետերից յուրաքանչյուրին տնտեսական հաշվարկ ներկայացնել ու հիմնավորել ու հաղթելու են.


«Օրերս ինձ հարց են տալիս՝ եթե 50+1 չստանաք, ապա կոալիցիա կկազմե՞ք: Ասացի, որ եթե 50+1 չհավաքենք, ապա կորոշենք, թե ում հետ: Բայց այց գիտեմ, որ այս անգամ կոալիցիա կազմելու խնդիր չի լինելու՝ մենակ վերցնելու ենք, մենակ հաղթելու ենք, մեր բոլոր ծրագրերը իրականություն ենք դարձնելու: Իրենք փրփուրներից են կախվում, որ ինչ-որ տոկոս հավաքեն ու խորհրդարան մտնեն, մենք խորհրդարան մտնելու խնդիր չունենք ես պարտք ունեմ իմ ժողովրդին ու վստահ եմ հաղթանակի մեջ: Իմ պարտքը ոչ թե բարեգործությունն է, այլ պայման ու հնարավորություն ստեղծելն է ժողովրդի համար, որ մարդիկ կարողանան բարեկեցիկ կյանքով ապրեն իրենց հայրենիքում ու չմտածեն այստեղից գնալու մասին»,- հայտարարեց նա:


Գագիկ Ծառուկյանը նաև վստահ նշեց, որ տեսնում է ժողովրդի «անվերապահ վստահությունը դաշինքի նկատմամբ, հավատը իրենց նկատմամբ»: Ու հորդորեց չվախենալ որևէ սպառնալիքներից, ահաբեկումներից, ծանոթ-բարեկամների խորհուրդներից, այլ գնալ ու ընտրել իրենց երեխայի ապագա: Քանզի եթե ճիշտ ընտրություն այսօր չարվի, ապա առաջիկա հինգ տարիներին ավելի վատ է լինելու:


Եվս մեկ կարևոր ուղերձ Գագիկ Ծառուկյանը հնչեցրեց Արարատում. անկախ ամեն ինչից ու նրանից, թե որ ուժը կհաղթի՝ իրենց 15 կետերը պետք է կյանքի կոչվեն:


«Այդ մասին են ասում նաև միջազգային մեր գործընկերները, որոնք ծանոթացել են ծրագրին ու նշել, որ միանշանակ այս ծրագրի իրագործումը կարող է երկիրը տանել փոփոխությունների»,- ասաց նա՝ հավելելով, որ միջազգային իր գործընկերները օրերս Հայաստանում էին, ծանոթացել են նախընտրական ծրագրին ու հավանության այն արժանացրել, քանզի նման հենքի վրա երկիրը նաև ներդրումների հոսք կապահովի:


Նշենք, որ ավելի վաղ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ընտրություններից հետո կոալիցիա կազմեն Հանրապետական կուսակցության հետ, հայտարարել է.


««Ծառուկյան» դաշինքն ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցում է մեծամասնություն վերցնելու ակնկալիքով և եթե բռնաճնշումներ չլինեն, ապա կձևավորվի «Ծառուկյան» դաշինքի կառավարություն: Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելուն, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ «Ծառուկյան դաշինքը» գործող իշխանության հետ կոալիցիա չի կազմի»,- ընդգծել էր նա:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16314