Վոլոդին. ՌԴ-ն անում է ամենը, որպեսզի հնարավորինս արագացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ֆունդամենտալ նշանակություն ունեն ինչպես Հայաստանի անվտանգության ապահովման, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության ապահովման տեսանկյունից: Եվ այս իմաստով ամենագլխավոր խնդիրը ղարաբաղյան հակամարտությունն է: Այս մասին Ազգային Ժողովում ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Պատգամավորի խոսքով՝ այդ խնդիրը պետք է կարգավորվի անհապաղ, պետք է ամեն ինչ արվի շուտափույթ խաղաղ պայմանագրի կնքման համար, որը կբերի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

«Մենք գտնում ենք, որ Ռուսաստանն այս իմաստով մեծ հնարավորություններ ունի: ՌԴ-ն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ունի բարեկամական կապեր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ և իսկապես կարող է նպաստել մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը», - հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

Իր հերթին Վյաչեսլավ Վոլոդինը հիշեցրեց, թե որքան ուշադիր է այս հիմնախնդրի նկատմամբ Ռուսաստանը: Նրա խոսքով, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների շրջանակում շատ բան է արվել, որպեսզի հակամարտության կարգավորումը հնարավորինս արագացվի և նվազեցվի լարվածությունը տարածաշրջանում:

«Կարծում եմ, որ միայն այդպես և այդ ճանապարհով է հարկավոր շարժվել, որպեսզի լարվածությունը նվազի: Այս թեման Ռուսաստանի մշտական ուշադրության և հսկողության տակ է, այդ հարցերը մեզ չեն կարող չմտահոգել»,- ընդգծեց Վոլոդինը:

Նշենք, որ ՌԴ Պետդումայի նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով այսօր ժամանել է Հայաստան: Այցի շրջանակում տեղի կունենա հանդիպում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/15763