Արթուր Բաղդասարյանի համախոհների շարքերը նոսրանում են

Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը» շարունակում է ճաքեր տալ: Այսօր կուսակցության շարքերը լքելու մասին հայտարարությամբ հանդես է եկել «Հայկական Վերածնունդ» կուսակցության հիմնադիր անդամ, նախկին Լիբերալ Ժողովրդավարական կուսակցության նախագահ, ՀՎԿ Երիտասարդական միության հիմնադիր նախագահ Դավիթ Հարությունյանը: Վերջինս իր հայտարարության մեջ նշել է, որ իր գործընկերների հետ մշտապես կողմ է եղել քաղաքական դաշտում գաղափարակիցների եւ համախոհների համախմբմանը։

«2015թ.-ի հունիսին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և մի քանի այլ կուսակցությունների ղեկավարների հետ ես եղել եմ «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման հիմնադիրներից եւ որպես հիմնադիր՝ ես և իմ քաղաքական թիմը լծվեցինք նոր կառույցի կազմավորման աշխատանքներին: «Հայկական Վերածնունդ» կուսակցության հիմնադիրներից մեկն ու կառավարման խորհրդի անդամ լինելուց բացի, ընտրվել եմ «Հայկական Վերածնունդ» կուսակցության Երիտասարդական միության նախագահ եւ 2015թ.-ին օգոստոս ամսից մինչ օրս ղեկավարել եմ ՀՎԿ Երիտասարդական միությունը։ Այսօր ես ցավով պիտի արձանագրեմ, որ ես եւ իմ թիմակիցները սխալվել ենք, երբ միամտորեն հավատում էինք, որ մաս ենք կազմում ժողովրդական պահանջ ունեցող ուժի եւ գործընթացի։ Մինչդեռ, իրականությունը բոլորովին այլ էր»,- ասված է հայտարարության մեջ:

Ըստ Հարությունյանի՝ «Հայկական Վերածնունդի» և նրա առաջնորդի որեւէ խոսք այդպես էլ գործ չդարձավ ու ակնհայտ է, որ երբևէ չի դառնալու։ Սակայն համատեղ անցած ճանապարհն իրեն թույլ չի տալիս այս պահին ասել ավելին։ «Բայց չեմ կարող չբարձրաձայնել, որ այն կեղծ և գաղջ մթնոլորտը, որը տիրում է «Հայկական Վերածննդում», խաբեության և ստորաքարշության այն մթնոլորտը, ժողովրդին խաբելու և մոլորեցնելու էժանագին պոպուլիզմը, այլեւս անհամատեղելի են դարձնում իմ եւ իմ թիմի ներկայությունը «Հայկական Վերածնունդում»։ Բնականաբար, գիտակցում եմ, որ իմ այս քայլով արժանանալու եմ ոմանց քննադատությանն ու մեղադրանքներին, բայց վստահորեն կարող եմ ասել, որ ով շփվել է այդ թիմի հետ, ով նախկինում եղել է ՕԵԿ անդամ, ՀՎԿ անդամ, կհասկանա ինձ, որ Արթուր Բաղդասարյանի ստեղծած միջավայրը մեկ բան է թելադրում՝ կա՛մ ունենալ արժանապատվություն և հեռանալ ստի ու կեղծիքի այդ կուսակցությունից, կա՛մ հաշտվել այդ կառույցի խաղի անազնիվ կանոնների հետ։ Ես իմ ընկերները ընտրել ենք արժանապատվության ճանապարհը»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ առաջիկայում կհայտարարեն, թե որ քաղաքական ուժին են սատարում, որն ունի հանրային մեծ վստահություն և ունակ է երկիրը դուրս բերելու այս վիճակից։

Հիշեցնենք, օրերս ՀՎԿ-ին անդամակցած «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը հայտարարեց, որ լքում է ՀՎԿ-ն, ինչպես նաև դիմում է Վերաքննիչ դատարան՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության գրանցումն առ ոչինչ համարելու պահանջով:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/15062