Ռիգայի գագաթաժողովում Հայաստանը և ԵՄ-ն հնարավոր է նոր պայմանագիր մշակեն. դեսպան

Ռիգայի գագաթաժողովում ԵՄ-ն հատուկ առաջարկություններ կանի Հայաստանին, Ադրբեջանին եւ Բելառուսին, հնարավոր է նաեւ նոր պայմանագիր մշակվի Հայաստանի եւ ԵՄ միջեւ: Այդ մասին հայտարարել է ԵՄ նախագահող երկրի՝ Լատվիայի ԱԳՆ Արեւելյան գործընկերության հարցով հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրիս Պոյկանսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք արդեն ունենք ասոցացման երեք պայմանագիր Ուկաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ։ Վրաստանն ու Ուկրաինան արագորեն ընթանում են դեպի առանց վիզային ռեժիմ։ Ամենակարեւոր նշաններից մեկը, որ նրանք կստաան Ռիգայի գագաթաժողովում, ԵՄ կողմից այդ պայմանագրերի իրականացման ուղղությամբ աջակցությունն է։ Միաժամանակ՝ հատուկ առաջարկություններ կարվեն Հայաստանին, Ադրբեջանին եւ Բելառուսին։ Մենք ցանկանում ենք կառուցել հարաբերություններ բոլոր երկրների հետ հավասարության սկզբունքով»,- ասել է նա՝ ավելացնելով, որ գագաթաժողովի ժամանակ կարող է մշակվի նոր պայմանագիր Հայաստանի եւ ԵՄ միջեւ։

Դեսպանի խոսքով՝ Ադրբեջանից դեռ սպասում են հետագա համագործակցության մասին առաջարկություն,Բելառուսի հետ հարաբերություններում նույնպես որոշակի առաջընթաց է արձանագրվել։

Պոյկանսն ընդգծել է, որ Ռիգայի գագաթաժողովը շատ կարեւոր իրադարձություն է ԵՄ- ում Լատվիայի նախագահության համար, քանի որ 2013- ի նոյեմբերից՝ Վիլնյուսի գագաթաժողովից հետո Եվրոպայում էական փոփոխություններ են տեղի ունեցել։ Նրա խոսքով՝ գագաթաժողովում նախատեսված է ընդունել հռչակագիր, որտեղ կամրագրվեն Արեւելյան գործընկերության քաղաքականության հիմնական ուղղությունները առաջիկա երկու տարիների համար։

Մի շարք փորձագետների և քաղաքական գործիչների կարծիքով, Արևելյան գործընկերության ծրագիրի Վիլնյուսի գագաթնաժողովը տապալվեց, քանի որ այն անդամ-պետությունների առջև դնում էր հստակ աշխարհաքաղաքական ընտրության կատարման պահանջ՝ չտրամադրելով անվտանգության ոլորտում հստակ երաշխիքներ և տնտեսական փոխհատուցում, ինչը հատկապես կարևոր էր Հայաստանի համար, որը Ադրբեջանի հետ գտնվում է պատերազմական իրավիճակում և շրջափակման է ենթարկվում Թուրքիայի կողմից:

Արդյունքում, 2013թ.-ի նոյեմբերին վիլնյուսյան գագաթաժողովի ընթացքում Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիր կնքեցին Վրաստանն ու Մոլդովան:

Վերջերս ելույթ ունենալով Հայաստանի Ազգային ժողովում, ԵՄ-ի դեսպան Տրայան Հրիսթեան հայտարարել է, որ ԵՄ-ը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ Արևելյան գործընկերության շրջանակներում՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը անդամակցել է ԵՏՄ-ին: Նրա խոսքով, Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկրի համար Բրյուսելը ունի կոնկրետ գաղափար և ծրագիր:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/1413