Սերժ Սարգսյան. 2007 թվականից որևէ այլ տարբերակ, քան Մադրիդյան սկզբունքներն են, որևէ տեղ չի քննարկվել

Հայաստանն առաջնորդվում է ոչ թե «ընդդեմ», այլ «հանուն» սկզբունքով: Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքները հենց դրա մասին են վկայում: Այս մասին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Տարեվերջին Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ակնառու կերպով ի ցույց դրեց, թե որքան հեռու են իրականությունից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանական ճամարտակությունները: Այդ հայտարարությունը միաժամանակ հստակ ցույց է տալիս, թե որքան համահունչ են միջազգային հանրության մոտեցումները մեր տեսակետների հետ: Անշուշտ, սա իրականություն է դարձել Հայաստանի դիվանագիտության հետևողական ջանքերի արդյունքում»,- հայտարարել է նախագահը:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ փորձագետների, քաղաքական գործիչների կամ իրենց այդպիսիք համարողների կողմից պարբերաբար հրապարակ են նետվում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, այսպես կոչված, տարբերակներ, բայց իրականության մեջ դրանք տարբերակներ չեն, այլ՝ վարկածներ:

«Ես շատ հստակ հայտարարում եմ, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք, և սա շատ հասկանալի ու ընկալելի է, բայց երբ նրանք փորձում են մտնել մանրամասների մեջ, ապա միանգամից սայթաքում են և սկսում են խոսել ցանկությունների մասին: Դիվանագիտությունը ցանկություն չէ՛: Բանակցությունները ցանկությունների կատարում չե՛ն: Բանակցությունը, ես փորձառու դիվանագետ չեմ, բայց ամենայն հավանականությամբ, փոխզիջում գտնելու ունակություն է: Եվ ուզում եմ մեկ անգամ ևս ձեր ներկայությամբ ընդգծել, որովհետև ձեզնից ստույգ որևէ մեկը չգիտի, որ սկսած 2007 թվականից որևէ այլ տարբերակ, քան Մադրիդյան սկզբունքներն են, որևէ տեղ չի քննարկվել: Ինչո՞ւ մենք, իմանալով բոլոր մանրամասները, որովհետև մենք ենք բանակցողները, մեր հանրությանը մանրամասների մասին տեղյակ չենք պահում: Առնվազն երկու պատճառով. դուք, լինելով փորձառու բանակցողներ, շատ լավ գիտեք, որ բանակցությունների գնալիս չես կարող քո ողջ, այսպես ասած, գործիքակազմն ու հնարամտությունները կամ քո տակտիկան, կամ ստրատեգիան բացահայտել, որովհետև ժամանակակից աշխարհում այդպես է՝ եթե մենք Երևանում երկու բառ ենք խոսում, այդ երկու բառը կայծակի արագությամբ արդեն և՛ Բաքվում, և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում, և՛ Փարիզում միանգամից դառնում է հանրային սեփականություն»,- ասել է նա:

Երկրորդ հանգամանքը, որ շեշտել է երկրի ղեկավարը, նրա խոսքով, բոլորին է հայտնի. սկզբունքային բանակցությունների ժամանակ գործում է հետևյալ սկզբունքը՝ ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ: Բայց էականը հետևյալն է.

«2007 թվականից սկսած, այսինքն՝ Մադրիդյան սկզբունքները ընդունելով որպես բանակցությունների հիմք, ընդամենը մեկ նպատակ ենք հետապնդում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից և այս սկզբունքից մենք չենք հրաժարվելու»,-ընդգծել է նա:

Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր դիվանագիտությունը միջազգային հանրությանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, միջազգային պարտավորությունների և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները: Հայաստանի ղեկավարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ միասին շարունակում է աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ: Հայաստանը խաղաղության ջատագովն է։

«Մենք շատ լավ գիտակցում ենք, թե որքան թանկ է խաղաղությունը: Եվ պատահական չէ, որ այսօր մեր արտաքին քաղաքականության հիմնասյուներն են հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ուժի չկիրառումը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը»,- հավելել է ՀՀ նախագահը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/14076