Էրդողանի հետքերով. Չավուշօղլուն կարծում է, որ Ասադը տեղ չունի Սիրիայի ապագայում

Թուրքիան երբեւէ չի համակերպվի այն մտքի հետ, որ Բաշար Ասադը մնա Սիրիայում իշխանության: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Նա մեղադրել է Ասադին 600 հազար սիրիացիների սպանության մեջ: «Կարելի է արդյոք համակերպվե՞լ, որպեսզի 600 հազար սիրիացիների սպանության մեջ մեղավոր մարդը մնա իշխանության», - ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Ասադն ունակ չէ միավորել Սիրիան եւ նա տեղ չունի այդ երկրի ապագայում:

«Սիրիայի ապագա կառուցվածքը պետք է ընդունելի լինի իր ողջ բնակչության համար», - ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, եւ հավելել, որ Անկարան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Նրա խոսքով, Անկարան մեծ ջանքեր է ներդնում խաղաղ բնակիչներին Հալեպից տարհանելու համար:

Հատկանշական է, որ շաբաթներ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարայի նախաձեռնած «Եփրատի վահան» ռազմական գործողության նպատակը Բաշար Ասադի կառավարության տապալումն է: Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիան ուզում է Սիրիան վերադարձնել իր իսկական տերերին՝ վերջ դնելով Ասադի բռնապետությանը:

Այնուհետեւ պաշտոնական Մոսկվան, որ աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, Էրդողանի հայտարարության վերաբերյալ Անկարայից բացատրություններ պահանջեց: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Էրդողանը փոխեց իր հայտարարությունը: Նա նշեց, որ «Եփրատի վահան» ռազմական գործողության նպատակը ոչ թե կոնկրետ անձ է, այլ ահաբեկչության դեմ պայքարը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/13959