Գարեգին 2-րդը դատական կարգով Թուրքիայից կպահանջի Հայ առաքելական եկեղեցու սեփականությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայցով կդիմի Թուրքիայի դատարան՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ընթացքում բռնագանձված սեփականությունը վերադարձնելու պահանջով:

«Ամերիկայի ձայն»–ին տված հարցազրույցում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը նշել է, որ այս պահին ուսումնասիրվում են բոլոր արխիվային փաստաթղթերը, տարածքները, կալվածքները, սեփականությունը, որը պատկանել է հայերին:

«Ուսումնասիրվում են փաստաթղթերը, իրավական հիմնավորմամբ փաստաթուղթ է կազմվելու, որը հայցի տեսքով ներկայացվելու է Թուրքիայի իշխանություններին, թուրքական դատական կառույցներին: Այդ գործընթացը պահանջում է բավականին մեծ ջանքեր և քրտնաջան աշխատանք»,- նշել է կաթողիկոսը:

Գարեգին 2-րդը հույս է հայտնել, որ ի վերջո Թուրքիան կառերեսվի սեփական պատմության հետ, կդատապարտի և կճանաչի Հայոց ցեղասպանությունը ու կվերականգնի արդարությունը հայ ժողովրդի նկատմամբ:

Ապրիլի վերջին նմանատիպ հայցով Թուրքիայի սահմանադրական դատարան էր դիմել նաև Մեծին տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, պահանջելով հետ վերադարձնել Սիսում գտնվող կաթողիկոսի պատմական նստավայրը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/1328