Ռուս փորձագետը հնարավոր է համարում այս տարվա օգոստոսին Ղարաբաղում պատերազմի վերսկսումը

Հնարավոր է այս տարվա օգոստոսին ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածությունը հասնի իր գագաթնակետին և այն վերածվի լայնածավալ ռազմական գործողությունների: Այդ մասին Երևանում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

Նա կարծում է, որ արցախյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում լարվածությունը նկատվում է նաև հիմա: Նրա խոսքով, մարտական գործողությունների վերսկսման հնարավորության մասին են վկայում շփման գոտում ավելացող միջադեպերը, մարտական գործողությունների մարտավարության փոփոխությունը, դիվերսիոն գործողությունները, ինչպես նաև նոր զինատեսակների կիրառությունը:

«Անհրաժեշտ է շփման գծից հետ քաշել դիպուկահարներին և ծանր զինտեխնիկան: Պատերազմից խուսափելու համար անհրաժեշտ է սկսել բանակցությունները բոլոր տեսակի զինատեսակների հետքաշման մասին, որոնք գերազանցում են 120 մմ-ը: Եթե կողմերը կարողանան պայմանավորվել, ապա լարվածությունը շփման գծում կնվազի, սակայն այժմ դա գրեթե անհնար է», - նշել է Եվսեևը:

Նրա խոսքով, իրադարձությունների նման զարգացումը ձեռնտու չէ ոչ Ռուսաստանին, ոչ Թուրքիային, ոչ Իրանին, քանի որ Անկարան և Մոսկվան ստիպված կլինեն միջամտել և դա կվերածվի տարածաշրջանային պատերազմի: Փորձագետը նշել է, որ Բաքուն կանխամտածված է գնում իրավիճակի սրմանը՝ փորձելով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այդ հակամարտության վրա:

Եվսեևը նշել է, որ ադրբեջանական իշխանությունները վախենում են, որ նավթի գների անկման պայմաններում, նրանց այլևս չի հաջողվի զենքերի մրցավազք հրահրել: «Բաքուն նաև նպատակ ունի փոխել Մինսկի խմբի ձևաչափը», - նշել է նա:

Իր հերթին, Կովկասագետների գիտական հանրության հանդեսի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Անդրեյ Արեշևը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծելով, որ դրանք անցել են միջազգային չափանիշներին համապատասխան: Փորձագետն ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը գնահատում է որպես գոյություն ունեցող իրականությանն ընդառաջ արված քայլ:

Մինսկի խմբի համանախագահները Արցախի ընտրությունների մասին իրենց հայտարարությունում նշել էին, որ «ընդունում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը հակամարտության համընդհանուր և վերջնական կարգավորման հարցում: Այնուամենայնիվ, ոչ մեր պետությունները, ոչ այլ պետությունները չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և սուվերեն պետություն», - նշել էին համանախագահները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/1277