Հայ Առաքելական Եկեղեցի. փոխհատուցել կորուստը, թե՞ ստիպել հարկեր վճարել

Օրերս ընդդիմադիր պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե չի հասկանում` ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին չպետք է հարկեր վճարի: Հղում անելով անցյալին նա նշեց, որ ՀԱԵ հզորացման պատճառով Հայաստանը երկու անգամ կորցրել է պետականություն` 428 և 1045 թվականներին: Քննարկումն այս, նշենք, ծավալվեց Հարկային նոր օրենսգրքի քննարկման շրջանակում, ինչը պատգամավոր-գործընկերների բուռն արձագանքին արժանացավ:

Աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստանում հավատքի և կրոնի թեման համարվում է անձեռնմխելի: Մինչ Բագրատյանն էլ եղել են քաղաքական գործիչներ, որոնք նմանատիպ առաջարկով են հանդես եկել, սակայն այդ հարցը երբեք քննարկման առարկա չի դարձել, քանզի կարծրացած է այն կարծիքը, թե ժողովուրդը, հանրությունը դեմ է դրան: Մինչդեռ իրականում, հաշվի առնելով միջազգային շատ ու շատ կազմակերպությունների աղմկահարույց բացահայտումները, որոնք եկեղեցական միլիոնավոր դոլարներ են բացահայտել շվեյցարական բանկերում և օֆշորներում, որոնք ուղղակիորեն կապ ունեն Սուրբ Էջմիածնի հետ, նույն այդ հանրության գերակշիռ հատվածը դեմ չէր լինի, եթե այդ գումարները պահվեին ոչ թե բանկերում, այլ հոսեին պետական գանձարան:

Այդպես, 2015 թվականի փետրվարին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) գաղտնազերծել է շվեյցարական HSBC բանկի հաճախորդների ցուցակները և հաշվեհամարները, որոնք խուսափում են հարկերից, թաքցնում են միլիոնավոր դոլարների հասնող ակտիվներ, ինչը փողերի լվացման խողովակ է հանդիսանում: Հայաստանը, ինչպես պարզվել էր, այդ ցուցակում զբաղեցրել էր 146-րդ հորիզոնականը, այդ թվում նաև Հայաստանի 33-րդ կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհիվ: Պարզվել էր, որ Գարեգին Բ-ն բանկի փաստաթղթերում երևում է 2000 թվականից, մինչդեռ, հիշեցնենք, նա կաթողիկոս է դարձել 1999 թվականին: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսես» անվամբ հաշվի վրա 2006-2007թթ-ին եղել է 1.1 մլն դոլար:

Բնական է, որ Սուրբ Էջմիածնից արձագանքն իրեն երկար չսպասեցրեց, ըստ որի` «այս հաշվեհամարը փոխանցվել է Գարեգին Բ-ի անվամբ նրա նախորդի մահվանից հետո նույն նպատակներով օգտագործելու համար: Հայ եկեղեցու կաթողիկոսությունը, որը Կաթողիկոսի պատասխանատվության ոլորտում է, ազգային կրոնական հաստատություն է և հարկման ենթակա չէ, և Վեհափառ Հայրապետը «անձեռնմխելի է հարկումից»»,- տարածել էր Մայր Աթոռը պարզաբանումը: Այսքանով սկանդալային պատմությունը փորձեցին մոռացության տալ:

Սակայն դա միակ դեպքը չէ, երբ Գարեգին Բ-ի անունը կապվում է ֆինանսական մեքենայությունների հետ, որոնց կողքին կաթողիկոսի բիզնեսների, ընտանիքի ու երեխաներ ունենալու մասին լուրերը ուղղակի մանր դետալներ են: 2013 թվականի վերջին սփյուռքի ՀԱԵ հոգևորականները իրենց դժգոհությունն արտահայտեցին այն փաստի կապակցությամբ, որ կաթողիկոսը կարգալույծ է անում հոգևորականների, իսկ նրանց փոխարեն նշանակում անձանց, որոնք որևէ կերպ, նրանց խոսքով, չեն համապատասխանում դրան: Եվ հենց բողոքի այս ալիքի ֆոնին հայտարարվեց, որ մինչ Գարեգին Բ-ն ու որոշ բարձրաստիճան հոգևորականներ դառնում են դոլարային միլիոնատերեր և ունեն բանկային հաշիվներ օֆշորներում (նշվում էին կաթողիկոսի, եպիսկոպոս Կճոյանի և ուրիշների անուններ), շատ հոգևորականներ ապրում են սոցիալական ծանր պայմաններում:

Այդուհանդերձ, Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանները շատ են ու հատկապես իշխանության շրջանում: Օրինակ, ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը ևս այն մտքին է, որ եկեղեցին պետք է ազատված լինի հարկերից: Նրա խոսքով` մասամբ դրա մեջ մեղավոր են բոլշևիկները, քանզի եկեղեցապատկան գույքի մի զգալի հատվածը, այդ թվում՝ մատենադարանի գրեթե բոլոր ձեռագիր նմուշները, բոլշևիկյան հեղափոխության արդյունքում, այսպես կոչված, ազգայնացվել, դարձել են պետական սեփականություն և տնօրինվում են առ այսօր: Դանիելյանի խոսքով, տասնյակ տարիներ այդ գույքը ոչ միայն չի վերադարձվել, այլև առավելապես ոչնչացվել է՝ պատճառելով անդառնալի նյութական ու բարոյական կորուստներ: Եվ այս և մի շարք այլ փաստարիկների համատեքստում հարկերից ազատելը բնավ արտոնություն չէ, քանի որ այդ կերպ չի փոխհատուցվում պատճառված վնասի անգամ մի չնչին մասը:

«Եթե շատ եք ուզում հարկեր գանձել, նախ, լիարժեք փոխհատուցեք վնասները, բայց նկատի ունեցեք, որ հարկերը կկազմեն դրա մի չնչին մասը»,- հայտարարել է նա:

Թե ինչումն է պատճառը, որ կա նման կարծրացած մոտեցում, որ եկեղեցին պետք է ազատված լինի հարկերից անբացատրելի է, չէ որ այս ինստիտուտը բավական լավ եկամուտ ունի: Ընդ որում, եթե պաշտոնապես եկեղեցու կողմից տրամադրվող բոլոր ծառայությունները պետք է լինեն անվճար, իրական կյանքում գոյություն ունի հստակ գնացուցակ, որը ներկայացվում է հավատացյալին: Ու թեև Մայր Աթոռից հայտարարում են, որ եկեղեցին որոշ հարկեր վճարում է, քանի որ որպես կենդանի օրգան օգտվում է շատ ծառայություններից ու աշխատանքներից, այդուհանդերձ մշտապես կգտնվեն ընդդիմախոսներ, որոնք արդարացիորեն մատնացույց են անում, որ ՀԱԵ ֆինանսական իմպերիան շարունակ ծաղկում է ի տարբերություն Հայաստանի տնտեսությանը և գուցե կարելի էր նրան օգնության ձեռք մեկնել:

ԼԻԱ Խոջոյան


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/11652